Հաղարծինը բարեկարգվում է անփութորեն

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 4, 2011 11:26

2006 թվականին Հայաստան այցելության ընթացքում Արաբական Միացյալ Էմիրությունների շեյխ Սուլթան բեն Մուհամմադ ալ-Քասիմիին այնքան էր հիացրել Տավուշի մարզում գտնվող Հաղարծինի վանական համալիրը (XIII դար), որ շեյխը որոշել էր 5 մլն ԱՄՆ դոլար հատկացնել դրա բարեկարգման նպատակով:

Շինարարական աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին, և այսօր կարելի է արձանագրել, որ Հաղարծինի համալիրը նոր շունչ է ստացել: Չնայած բարեկարգման «պատվիրատուի» ծագմանն առնչվող մամուլում տպագրված բազմաթիվ բացասական կարծիքների, հարկ է արժանին մատուցել արաբ շեյխին` իր համար օտար կրոնին պատկանող վանական համալիրի վերանորոգմանն ուղղված գումար հատկացնելու համար: Ցավոք, նման մեծահոգի քայլի ընդունակ չեն հազարավոր հայազգի մեծահարուստներ:

Միևնույն ժամանակ, արաբ շեյխի ուշադրությունն ենք հրավիրում պատմական հուշարձանների վերանորոգման համար սահմանված ստանդարտները չպահպանելու փաստին: Այսպես, ըստ մամուլի հրապարակումների, շինարարները անփութորեն քանդել են հին զարդաքանդակները և դրանք օգտագործել ջրահեռացման առվակի համար: Այն հարցին, թե ինչո՞ւ է զարդաքանդակներով քարերը ջարդում, շինարարներից մեկը կոպիտ արձագանքել է. «Մեզ այդպես են ասել»…

Կո՛չ ենք անում նաև Մայր աթոռին և մշակույթի նախարարությանը հավուր պատշաճի վերահսկել Հաղարծինի բարեկարգման գործընթացը:

«Չենք լռելու» նախաձեռնությունը ստեղծվել է Հայաստանի ապագայով մտահոգ մի խումբ երիտասարդների կողմից: Այն կոչված է մամուլի և սոցիալական ցանցերի միջոցով լայն հասարակական քննարկման առարկա դարձնել առավել տագնապահարույց հարցերը: Նախաձեռնությունը քաղաքականապես անկախ է:

 

Դիտվել է 911 անգամ:
Print Friendly

Leave a Reply