Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ուկրաինա

Պաշտոնական, Օրվա լուր | | July 2, 2011 23:25

Շարունակվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ուկրաինա: Երեկ երեկոյան Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի անունից՝ ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի, տրվել է պաշտոնական ընթրիք:

Սերժ Սարգսյանն ընդունելության ժամանակ ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ուկրաինական կողմին ջերմ ընդունելության համար և գոհունակություն հայտնել այցի արդյունքներից: Նախագահը նշել է, որ Հայաստանում երախտագիտությամբ են հիշում Վիկտոր Յանուկովիչի անձնական մեծ ներդրումը Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման գործում: Այդ իսկ պատճառով, այսօր իր համար մեծ հաճույք էր Ուկրաինայի նախագահին՝ Հայաստանում խորապես հարգված Վիկտոր Ֆյոդորի Յանուկովիչին հանձնել ՀՀ բարձրագույն պետական պարգևը՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը:

Ուկրաինայի նախագահի հրամանագրով, Նախագահ Սերժ Սարգսյանն արժանացել է Ուկրաինայի բարձրագույն պետական պարգևի` Իշխան Յարոսլավլ Իմաստունի առաջին աստիճանի շքանշանի: Նախագահ Վիկտոր Յանուկովիչը երեկ ՀՀ նախագահին է հանձնել պարգևը:

Պաշտոնական ընթրիքի ժամանակ Հայաստանի ղեկավարն իր խոսքում անդրադարձել է նաև հայ և ուկրաինացի ժողովուրդներին կապող ընդհանուր արժեքներին և այն մշակութային ժառանգությանը, որի շնորհիվ երկու ժողովուրդների և պետությունների միջև հարաբերություններն ավելի են ամրապնդվում: Նրա խոսքով, Այվազովսկուց ու Սուրենյանցից մինչ Փարաջանով ու Ռոման Բալայան, հայ-ուկրաինական հարաբերությունների անցյալը, ներկան և ապագան ամրապնդվում են մարդկային սրտերի ջերմությամբ և խորը փոխադարձ հարգանքով:

Խոսելով իր պաշտոնական այցի արդյունքների մասին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ դրանք ևս մեկ անգամ հաստատեցին հայ-ուկրաինական հարաբերությունները որակապես նոր բարձր մակարդակ տեղափոխելու փոխադարձ ցանկությունը: «Վստահ եմ, որ այս այցը ևս կօգնի մեզ նոր հորիզոններ, նոր սահմաններ բացել Հայաստանի ու Ուկրաինայի համագործակցության համար և՛ տնտեսության, և՛ քաղաքականության մեջ, լրացուցիչ հնարավորություններ կընձեռի անմիջական մարդկային շփումների համար, կամրապնդի բարեկամության և փոխադարձ հարգանքի ավանդույթները»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Այսօր Կիևում Հայաստանի նախագահն այցելել է Ուկրաինայի գրականության ազգային թանգարան, որտեղ ներկա է գտնվել հայ անվանի գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի նկարների ցուցահանդեսի բացման արարողությանը: Հանրապետության ղեկավարն այնուհետև այցելել է Կիևո-Պեչերսկայա Լավրա, որից հետո հանդիպում է ունեցել Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր ավարտելով պաշտոնական այցը Ուկրաինա՝ կվերադառնա Երևան:

Դիտվել է 1160 անգամ:
Print Friendly

Leave a Reply