ՄիԳ-երի դարաշրջանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | July 2, 2011 9:43

Միկոյանի հուշարձանը Սանահինում

Շուտով կլրանա ինքնաթիռի տեսակներից ամենագրավիչ տվյալներ ունեցողի՝ կործանիչի ստեղծման 100 ամյակը, այսինքն` ուղիղ մեկ դար։ Մեկ դարի ընթացքում տարբեր երկրներում ստեղծվել են կործանիչների բազում հայտնի մակնիշներ։

Ամբողջ աշխարհում հայտնի են մեր հայրենակից Անուշավան Հովհաննեսի Միկոյանի կողմից ստեղծված «ՄիԳ» մակնիշի կործանիչ ինքնաթիռները։ Նրանց մասին գրվել են տասնյակ հոդվածներ և գրքեր։

Փորձենք առաջին անգամ կործանիչաշինության հարյուրամյա պատմության համատեքստում հայ ընթերցողին հայերեն ներկայացնել «ՄիԳ»-երի ունեցած դերը։ Իհարկե մեկ հոդվածի շրջանակներում, անխոս, շատ դժվար է ներկայացնել այդ հսկայական դերը։

Առաջին «ՄիԳ» մակնիշի կործանիչն ստեղծվել է 1940թ.` առաջին կործանիչի կիրառումից մոտ 25 տարի անց։ «ՄիԳ» ռուսերեն նշանակում է Միկոյան և Գուրևիչ` ստեղծող կոնստրուկտորների ազգանվան առաջին տառերով։ «ՄիԳ-1» կործանիչն իր առաջին թռիչքը կատարել է 1940թ. ապրիլի 5-ին։ Ցանկացած առաջնեկի նման առաջին «ՄիԳ»-ն էլ զերծ չէր թերություններից։ Հետագայում կործանիչը կատարելագործվեց, դարձավ «ՄիԳ-3» և Հայրենական մեծ պատերազմի նախաշեմին մեծ խմբաքանակով ընդունվեց կարմիր բանակի սպառազինության մեջ։ Բոլորովին այլ հարց է պատերազմի առաջին ամիսներին այս կործանիչի արտադրության դադարեցումը։ Դա խորհրդային պատմագրության կողմից սխալ մեկնաբանված իրողություն է։ Վերջինիս մասին 2005թ. հոդված է հրապարակվել` ««ՄիԳ-3»-ի իրականությունը» վերնագրով։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ա.Հ.Միկոյանն իր տեղակալ Մ.Ի.Գուրևիչի հետ համատեղ աշխատում էր տարատեսակ նախագծերի վրա։ Ճի՛շտ է, դրանցից ոչ մեկը մեծ խմբաքանակով չարտադրվեց, սակայն երիտասարդ կոնստրուկտորները մի կողմից փորձ էին ձեռք բերում, մյուս կողմից համաշխարհային ինքնաթիռաշինությանը պարգևում էին բավականին հետաքրքիր նմուշներ` «ԴԻՍ» (ՄիԳ-5) երկշարժիչանի կործանիչ, «Ի-221-225» (ՄիԳ-7 շարքից` աերոդինամիկայի հիանալի նմուշ համարվող) բացառիկ տվյալներ ունեցող կործանիչներ, «Բադ» (ՄիԳ-8) փորձնական ինքնաթիռ, «Ի-250» (ՄիԳ-13) ժամանակի համար բացառիկ արագություն ունեցող փորձնական կործանիչ։

Ավարտվեց պատերազմը, և մխոցային շարժիչներն ավիացիայի համար անցյալ դարձան։ Ի հայտ եկան նոր` ռեակտիվ շարժիչներ։ Միկոյանն իր առաջադեմ մտքերով և տքնաջան աշխատանքով առաջին շարքերում էր։ ԽՍՀՄ-ում, 1946թ. ապրիլի 24-ին առաջին անգամ թռիչք կատարեց տուրբոռեակտիվ շարժիչներով «ՄիԳ-9» կործանիչը։ Նույն օրը օդ բարձրացավ նաև «Յակ-15» ինքնաթիռը։ Հետագայում այս երկու կործանիչներն էլ փորձարկումների մեծ փուլ անցան։ Հայտնվեցին ինքնաթիռաշինության համար բոլորովին նոր օրենքներ, կարճ ժամանակում կատարվեց գիտական մեծ աշխատանք։ «ՄիԳ-9»-ը փոքր խմբաքանակով ընդունվեց սպառազինության մեջ, սակայն երկար կյանք չունեցավ։ Ամեն ինչ շատ արագ էր փոխվում։ Շուտով ստեղծվեցին աերոդինամիկայի նոր օրենքներին համապատասխան ինքնաթիռներ։ Արագ փոփոխությունների գործընթացը ներգրավել էր ամբողջ աշխարհը։ 1945-55թթ. ստեղծված կործանիչներից քչերն են անգամ մոտ հինգ տարի մնացել սպառազինության մեջ։

Եվ հենց այս ժամանակ Ա.Հ.Միկոյանը ստեղծում է բոլոր ժամանակների ամենաահեղ մեքենաներից մեկը` «ՄիԳ-15»-ը, որը խորհրդային առաջին նետաձև թևերով կործանիչն էր։ ԽՍՀՄ-ում նման կործանիչին համապատասխան շարժիչներ չկային, Միկոյանը անասելի հնարամտություն ու դիվանագետի հեռատեսություն ցուցաբերեց, որպեսզի Անգլիայից համապատասխան շարժիչներ բերեր իր կործանիչների համար։ Ներմուծված շարժիչները պիտանի եղան ոչ միայն իր կործանիչների այլ նաև ողջ խորհրդային ավիաարդյունաբերության համար։ «ՄիԳ-15»-ի ստեղծման հետ մեկտեղ սկսվեց Միկոյանի փառքի անհաս բարձունքը։ Սկիզբ դրվեց կործանիչների մի դարաշրջանի, որը պետք է անվանել «ՄիԳ»-երի դարաշրջան։ «ՄիԳ-15»-ն իր ստեղծումից ընդամենը երեք տարի անց` 1950թ. մասնակցեց կորեական պատերազմին և այնտեղ խառնեց ողջ կապիտալիստական աշխարհի խաղաքարտերը։ Կորեական պատերազմով համաշխարհային ավիացիայի պատմության գրքում սկսվեց նոր գլուխ` «ՄիԳ» վերնագրով։ Ամերիկյան օդաչուները սարսափում էին խորհրդային մինչ այդ անհայտ կործանիչների անունը լսելիս։ Հյուսիսային Կորեան կործանումից փրկվեց այս կործանիչներով։ Ամերիկյան հրամանատարությունը 100 հազար դոլլար մրցանակ էր խոստացել այն օդաչուին, ով սարքին «ՄիԳ-15» կործանիչ կբերեր նրանց համար։ Պատերազմի ընթացքում նրանց չհաջողվեց ձեռք գցել խորհրդային կործանիչը, սակայն դեռ նոր էր ավարտվել պատերազմը, երբ 1953թ-ի սեպտեմբերի 1-ին հյուսիսկորեացի օդաչու` լեյտենանտ Նո Գիմսոկը «ՄիԳ-15» կործանիչով փախավ Հարավային Կորեա։ Կործանիչը միանգամից տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ այն թռիչքում փորձարկեց ամերիկացի հայտնի փորձարկող-օդաչու Չակ Իգերը։ Խորհրդային կործանիչը ուղղակի բաղձալի նվեր էր երկնքից։ Առհասարակ հյուսիսկորեացի օդաչուները շատ են կործանիչներով փախել հարավ։ 1960թ-ին «ՄիԳ-15»-ով նման «հերոսություն» կատարեց լեյտենանտ Չոն Նակխին, 1970թ-ին նմանատիպ կործանիչով փախավ մայոր Պակ Սունգուկը։

«ՄիԳ-15»-ին իր տվյալներով մոտ էր միայն ամերիկյան «Ֆ-86 Սեյբր» կործանիչը, որը կորեական պատերազմում այնուամենայնիվ զիջեց խորհրդային մրցակցին։ «ՄիԳ-15»-ն իր ժամանակի համար արտադրվել է չափազանց մեծ խմբաքանակով` ավելի քան 15 հազար օրինակ և առաքվել է տասնյակ երկրներ։ «ՄիԳ-15»-ը համարվել է վարշավյան պայմանագրի պետությունների հիմնական կործանիչը և մասնակցել է բազում զինված ընդհարումների։

«ՄիԳ-15»-ը մինչև 1951թ. իր հիմնական տվյալներով հավասարը չուներ աշխարհում։

Նույն թվականին ստեղծվեց հաջորդ միկոյանական գլուխգործոցը` «ՄիԳ-17»-ը, որն իրենից ներկայացնում էր «ՄիԳ-15»-ի կատարելագործված տարբերակը։ Իր ստեղծման ժամանակ այն հիմնական տվյալներով հավասարը չուներ աշխարհում։ Կործանիչով քայլ էր արվել գերձայնային կործանիչի ստեղծման ուղղությամբ։ Ճիշտ է, որ «ՄիԳ-17»-ը ընդհանուր առմամբ համարվում էր գաղափարական շարունակություն, այնուամենայնիվ, այս կործանիչի վրա փորձարկվել են տվյալ ժամանակի համար գիտության բացառիկ նորույթներ։ Նոր կործանիչը նույնպես առաքվել է այլ պետություններ և արտադրվել է ավելի քան 11 հազար օրինակով։ Դեռ բավականին նոր «ՄիԳ-17» կործանիչը 1956թ-ին բաժին հասավ արևմտյան մասնագետներին։ Իսրայելա-եգիպտական պատերազմի ժամանակ, իսրայելական սրընթաց հարձակման արդյունքում, եգիպտացիները կորցրեցին օդանավակայան, որտեղ անվնաս կանգնած էին մի քանի «ՄիԳ-15» և «ՄիԳ-17» կործանիչներ։ Իսրայելական և ամերիկյան մասնագետները հարմար առիթը չէին կարող կորցնել։ 1963թ-ի հոկտեմբերի 1-ին սիրիացի օդաչու լեյտենանտ Ադնան Մադաուն թռչելով փախավ Հորդանան։ Սակայն «ՄիԳ-17»-ին վիճակված չէր միայն նման անփառունակ կենսագրություն։

Ամենահետաքրքիրն այն է, որ «ՄիԳ-17»-ը վիետնամական պատերազմում ժամանակակից ամերիկյան կործանիչների դեմ մղված պայքարի ժամանակ ապացուցեց, որ կործանիչների համար հրանոթային սպառազինությունը դեռ արդիական է։ Փոքրիկ «ՄիԳ-17»-ն իր սրընթաց գրոհներով ու թունավոր խայթոցներով քիչ անախորժություններ չի պատճառել «Ֆանտոմներին», «Թանդերչիֆներին» և այլ ինքնաթիռներին։ Սա կործանիչային մարտավարության համար չափազանց կարևոր փաստ էր, և այն հաշվի առնվեց նոր` կործանիչների չորրորդ սերնդի ստեղծման ժամանակ։ «ՄիԳ-17»-ը «Ֆանտոմների» առաջին ուսուցիչն էր։ «ՄիԳ-17» կործանիչն իր հիմնական մարտավարատեխնիկական տվյալների գերազանցությունը հանձնել է «կրտսեր եղբորը»` «ՄիԳ-19»-ին։

Կարդալ ավելին

 

Դիտվել է 1579 անգամ:
Print Friendly

Leave a Reply