Երեւանում կստեղծվի նոր երթուղային ցանց, բացառապես ավտոբուսներով. Կարեն Կարապետյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 1, 2011 22:22
Երեւանում տրանսպորտի վիճակը բավարար չէ, այդ ոլորտում որեւէ ներդրում չի կատարվում, քանի որ դաշտը ինչ որ առումով անհասկանալի է: Այս մասին այսօր` հուլիսի 1-ին, Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով տրանսպորտի ոլորտի խնդիրներին:
«Ձեւավորվում է նոր երթուղային ցանց, որի հիմնական նպատակը միջին եւ մեծ ավտոբուսների շահագործումն է: Միանշանակ ցանցը կառուցվելու է այնպես, որ տեսանելի ապագայում սակագինը չփոխվի: Հավանական է, որ մենք չկարողանանք ցանցը կառուցել այնպես, որ խոշոր ներդրումների վերադարձելիությունն ապահովվի եւ բիզնեսը ծախսափակ լինի: Այդ պարագայում քաղաքապետարանը կսուբսիդավորի, որպեսզի ցանցը հարմարավետ ու մատչելի լինի քաղաքացիների համար» -գրել է քաղաքապետը` հավելելով, որ արդեն Չինաստանից ներկրում են 200 ավտոբուս, եւ շատ հետեւողական են լինելու, քանի որ տրանսպորտի ապագան ավտոբուսներն են:
Ինչ վերաբերում է տրանսպորտային գործող օպերատորներին, ապա, քաղաքապետի խոսքով, իրենց հստակ բացատրվել է խաղի կանոնները եւ առաջարկվել է միջին եւ մեծ ավտոբուսներ բերելու առաջին իրավունքը` եթե բերեն, կմնան շուկայում, եթե ոչ` կգան նոր օպերատորներ, անկախ սեփականատերերից:
Անդարադառնալով մետրոյի սակագնի բարձրացմանը` Կարեն Կարապետյանը նշել է, որ դրա բարձրացման պատճառ է հանդիսացել ժամանակին կառավարության կողմից ստանձնած վարկային պարտավորությունը: «Մետրոյին ուղղված դոտացիան չի նվազել, սակայն մետրոն չկորցնելու եւ տեխնածին վթարներից խուսափելու համար պահանջվում են ծախսեր, որի հնարավորությունը հանրապետական բյուջեն չունի: Ստանձնած վարկային պարտավորությունով է պայմանավորված սակագնի բարձրացումը: Ինքնին 100 դրամ սակագինը բեռ չի, սակայն, համաձայն եմ, որ վճարունակությունը թույլ չի տալիս չարձագանքել օբյեկտիվ եւ տնտեսապես հիմնավորված գնագոյացմանը»,- նշել է քաղաքապետը` հավելելով, որ իրենք բավականություն չեն ստանում քաղաքացիներին ավելի բարդ պայմաններ առաջարկելով:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
