Պաշտոնական այցով Ուկրաինայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո աշխատանքային ճաշ է ունեցել վարչապետի պաշտոնակատար Անդրեյ Կլյուևի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | July 1, 2011 21:37

Հանդիպմանը քննարկվել են առևտրատնտեսական ոլորտում հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Երկուստեք համոզվածություն է հայտնվել, որ այդ ոլորտում համագործակցության ներուժը լիարժեք օգտագործված չէ, և հնարավոր է տնտեսության, առևտրի, էներգետիկայի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում համագործակցության նոր արդյունավետ ուղիներ գտնել՝ խթանելով երկու երկրների գործարար համայնքների շփումները և օգտագործելով միջկառավարական հանձնաժողովի ներուժը:

Նախագահ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաև Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորություններին՝ նկատի առնելով, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայում կան փոքրաթիվ, բայց ակտիվ գործունեություն ծավալող հայ պատգամավորի խումբ, որի ներուժը ևս կարելի է օգտագործել ի նպաստ երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ամրապնդման:

Վլադիմիր Լիտվինը նշել է, որ շուտով այցելելու է Հայաստան, և այցի շրջանակներում նախատեսվում է անցկացնել միջխորհրդարանական բարեկամության խմբերի առաջին նիստը:

Երկուստեք կարևորվել է ինչպես սփյուռքի, այնպես էլ մշակույթի դերը երկու ժողովուրդների և պետությունների միջև բարեկամական կապերի խորացման գործում: Այդ համատեքստում կարևորվել է Նախագահ Սերժ Սարգսյանի այցի ընթացքում անցկացվող «Հայաստանի մշակույթի օրերը Ուկրաինայում» և մյուս տարի՝ «Ուկրաինայի մշակույթի օրերը Հայաստանում»:

Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատում մեկնարկել է հայ-ուկրաինական գործարար համաժողովը, որին մասնակցում են Նախագահ Սերժ Սարգսյանը և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Նախատեսվում է Նախագահ Սարգսյանի ելույթը համաժողովում:

 

 

Դիտվել է 1230 անգամ:
Print Friendly

Leave a Reply