Հայաստանում սկսում է հարկային համաներման գործընթացը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 1, 2011 16:20

Այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք 2010 թ. հունվարի 1-ի դրությամբ ունեն չվճարած հարկեր, հուլիսի 4-օգոստոսի 20 ժամանակահատվածում կարող են դիմել հարկային մարմիններին եւ կնքել հարկային պարտավորությունների մարման ժամանակացույց: Այդ մասին այսօր` հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը:

Այն կազմակերպությունները, ում պարտքը չի գերազանցում 50 մլն դրամը, կարող են դիմել տարածքային հարկային մարմիններին, իսկ 50 մլն դրամը գերազանցելու դեպքում` ՊԵԿ գլխամասային մարմնին: Դիմումատու կազմակերպությունները կազատվեն չվճարված հարկերի դիմաց հաշվարկված տույժերից ու տուգանքներից:

Ըստ Ա. Ալավերդյանի` 2010 թ. հունվարի 1-ի դրությամբ չվճարված հարկային պարտավորությունների ընդհանուր գումարը կազմում է մոտ 200 մլրդ դրամ, որից 100 մլրդ դրամը հարկի մայր գումարն է, իսկ մնացածը հաշվարկված տույժերն ու տուգանքներն են:

Ա. Ալավերդյանը տեղեկացրեց, որ հարկային մարմնին չդիմած եւ հարկային պարտավորություններ ունեցող կազմակերպությունների նկատմամբ կսկսվեն դատական գործընթացներ, ընդհուպ մինչեւ լուծարում:

Նշենք, որ սույն գործընթացը բխում է 2011 թ. մայիսին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված «կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար հարկային եւ այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքից:

 

Դիտվել է 1439 անգամ:
Print Friendly

Leave a Reply