«Ոսկե ծիրանին» աջակցում են Հայաստանում գտնվող դեսպանատներն ու միջազգային կազմակերպությունները

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | July 1, 2011 15:34

Աջից ձախ`Գևորգ Տեր-Գաբրիելյան, Արևիկ Սարիբեկյան, Սուսաննա Հարությունյան, Մաչեյ Ֆալկովսկի, Ֆլորիանո Ռեգիս

Բրիտանական խորհուրդը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում սահմանել է «Փառատոնի նոր անուն» մրցանակ, որը կշնորհվի փառատոնի ամենակտիվ ու խոստումնալից մասնակցին:  «Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը դեռևս դժվարանում է պատասխանել, թե ինչ չափորոշիչներով է ընտրվելու մրցանակակիրը, սակայն հայտնի է, որ հաղթողը նոյեմբերի 16-20-ը  կմասնակցի Բրիստոլում անցկացվող Encounters միջազգային կինոփառատոնին:

Սուսաննա Հարությունյանն ասաց, որ փառատոնին ավանդաբար աջակցող Հայաստանում գործող տարբերի երկրների դեսպանատների ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունն ավելի սերտանում և ընդլայնվում է:

Բրիտանական խորհուրդը շարունակում է համագործակցությունը «Ոսկե ծիրանի» հետ և այս տարի հուլիսի 11-12-ը կանցկացվի մշակույթի կառավարման դասընթաց:  «Բրիտանական խորհուրդը փառատոնի հետ համագործակցությունում շեշտը դնում է փորձի փոխանակման, կապերի հաստատման ու ամրապնդման եզրին»,- ասում է բրիտանական խորհրդի  հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Բրիտանական խորհրդի աջակցությամբ Հայաստան կժամանեն Միացյալ Թագավորությունում ճանաչված կինոքննադատ և պատմաբան Դերեկ Մալքոլմը և BAFTA մրցանակակիր Պավել Պավլիկովսկին: Նրանք վարպետության դասընթացներ կանցկացնեն հայ ուսանողների համար, իսկ երկօրյա մշակութային կառավարման դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան ուսումնասիրելու մշակութային ծրագրերի իրականացման բիզնես ռազմավարությունն ու պլանավորումը, կուսումնասիրեն ֆինանսական նոր միջոցների ներդրման մեխանիզմները: Դասընթացները վարելու են Միացյալ Թագավորությունից Ռոջեր Մըքենը և Հուսեին Քարիմբոյը:

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) փառատոնին աջակցում է «Ռեժիսորներ առանց սահմանների»`  տարածաշրջանային ամենամյա համատեղ արտադրության ֆորումի Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմին:

«Տարբեր տարիների ընթացքում, երբ մենք աջակցում էիք ծրագրին և ինչ-որ ծրագրեր էինք իրականացվում, թվում էր, թե ոչինչ էլ չի լինում,- ասում է ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը,- բայց ահա այդ աշխատանքների խմորումներից հետո`անցյալ տարի 5 ֆիլմ ստեղծվեց, որոնք ցուցադրվեցին Ստամբուլի միջազգային կինոփառատոնում»:

USAID ֆինանսավորում է մի ծրագիր, որն ուղղված է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը` այդ թվում գործարար ոլորտի, լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, կրթական և մշակութային շրջանակների միջև համագործակցությունը խրախուսելու համար:

Տեր-Գաբրիելյանն ասում է, որ ԵՀՀ-ն փառատոնին աջակցում է այդ ծրագրի մշակութային բաղկացուցչի շրջանակներում, քանի որ ԵՀՀ-ն այն չորս կազմակերպություններից մեկն է, որոնք իրականացնում են  USAID ծրագիրը:  Նկարահանված 5 ֆիլմերից երեքի ռեժիսորը հայ է, երկուսինը` թուրք, սակայն աշխատանքային խմբերը կազմված են երկու երկրների մասնակիցներից: «Ֆիլմերից 3-ը վավերագրական են, երկուսը` գեղարվեստական և բոլորն էլ հայանպաստ ֆիլմեր են,- ասում է Հարությունյանը:

Իսկ «Բիթլիսից Ամերիկա» կինոնախագիծը (պրոդյուսեր` Սոներ Ալփեր, սցենարիստ և ռեժիսոր` Լուսին Դինք, ով Հրանտ Դինքի եղբոր աղջիկն է), որը նույնպես Ռեժիսորներ առանց սահմանի ծրագրից է` 30 000 դոլար ֆինանսավորում է ստացել ԵՀՀ-ից: Այն Վիլյամ Սարոյանի` 1964 թ. Բիթլիս կատարած ճանապարհորդության մասին է:

Բրազիլիայի դեսպանատունը «Ոսկե ծիրանին» միացել է անցյալ տարվանից: Դեսպանատան ներկայացուցիչ Ֆլորիանո Ռեգիսը խոսացավ, որ մյուս տարի բրազիլիական կինոն փառատոնում կներկայացվի լայնածավալ ձևով, իսկ այս տարի դեսպանատան աջակցությամբ փառատոնի միջազգային վավերագրական մրցույթին է ներկայացվել Օսկարակիր «Աղբանոց» ֆիլմը, ինչպես նաև փառատոնին ներկա կլինի ֆիլմի 4 ռեժիսորներից մեկը:

 

Դիտվել է 1132 անգամ:
Print Friendly

Leave a Reply