Երեխա-հարսնացուի տանջանքները
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | Գայանե Գալստյան | August 27, 2009 17:13
Նուջուդ Ալին 10 տարեկան աղջնակ է, ով ապրում է Եմենում: Սակայն նա իր հասակակիցների նման դպրոց չի հաճախում: 2008թ. սկզբներին ծնողները Նուջուդին բռնի ամուսնացրել են մի մարդու հետ, որն ըստ Նուջուդի` ծեր ու տգեղ է: Ամուսինն իր երեխա-հարսնացուին ստիպել է քնել իր հետ, ծեծել է ու նվաստացրել:
CNN-ին տված հարցազրույցում Նուջուդը պատմել է, թե ինչ տանջանքների է ենթարկվել ամուսնու կողմից, թե ինչպես է նա իրեն բռնաբարել ու ծեծել:
Երկու շաբաթ անց Նուջուդը դիմել է իր ծնողներին, որպեսզի իրեն հետ վերցնեն ու պաշտպանեն ամուսնուց, սակայն ծնողները մերժել են` ասելով, որ իրենք չեն կարող պաշտպանել Նուջուդին, քանի որ այժմ աղջիկը պատկանում է իր ամուսնուն և պետք է հաշտվի իր ճակատագրի հետ:
Նուջուդի ծնողները միակը չեն Եմենում, որ սոցիալական անմխիթար վիճակի պատճառով «վաճառել» են իրենց աղջկան: Եմենի աղջիկների կեսից ավելիին ամուսնացնում են մինչև 18 տարեկան դառնալը: Հիմնականում նրանց ամուսինները լինում են ծեր ու արդեն մի քանի կին են ունենում:
Նուջուդի ծնողներն ասում են, սակայն, որ չէին սպասում, որ իրենց փեսան կպահանջի աղջկան այդ տարիքում իր հետ կենակցել:
Չստանալով օգնություն ծնողների կողմից` Նուջուդը դիմում է փախուստի: Կյանքում առաջին անգամ նստում է տաքսի և գնում քաղաքի կենտրոնական դատարան` պահանջելով տեսնել դատավորին:
Մի քանի ժամ անց դատավորը համաձայնում է տեսել Նուջուդին: «Նա ինձ հարցրեց, թե ի՞նչ եմ ուզում և ես պատասխանեցի, որ ամուսնալուծվել: Նա ապշած ինձ նայեց ու ասաց. «Ի՞նչ է, դու ամուսնացած ես»,- պատմում է Նուջուդը:

Նուջուդ Ալին ամուսնալուծության դատավարությունից հետո հարցազրույց է տալիս ԶԼՄ-ներին
Ամուսնալուծության գործընթացից հետո Նուջուդի ծնողներին ձերբակալել են, իսկ աղջկան խնամակալության տվել Շադա Նասսերին` Նուջուդի ամուսնալուծության գործը վարող մարդու իրավունքների պաշտպանի իրավաբանին:
Նուջուդի ամուսնուն, սակայն, այդպես էլ չդատեցին: Եմենի օրենքներով Նուջուդը պարտավորվել է 200 դոլար փոխհատուցել նախկին ամուսնուն, ինչը բավական մեծ գումար է աղքատ երկրի համար: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տվյալներով` այս երկրի բնկաչության 15,7 տոկոսը օրական ապրում է 1 դոլարով:
Նուջուդը ուրախ է, որ վերջապես բաժանվել է ամուսնուց, սակայն հոգեպես ծանր է տանում այն, որ իր մասին գրում են բոլոր ԶԼՄ-ները, իսկ քաղաքում իրեն մատով են ցույց տալիս:
Այժմ Նուջուդին օգնում է Խադիջա Ալ Սալամը: Մասնագիտությամբ դիվանագետ Խադիջան 30 տարի առաջ նույնպես եղել է «երեխա-հարսնացուի» կարգավիճակում, սակայն ամուսնուց փախչելուց հետո ստիպված չի եղել տանել իր մասին բամբասանքներն ու շրջող լուրերը:






Facebook
Tweet This
Email This Post
