Գ. Մինասյան. «Կազանում Ադրբեջանը ցուցադրեց իր արհամարհանքը միջազգային հանրության դիրքորոշումների նկատմամբ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 1, 2011 10:49

Ակնհայտ է, որ կազանյան հանդիպումն իր դրական ազդեցությունը կունենա այն առումով, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ ցուցադրեց իր արհամարհանքը միջազգային հանրության եւ եռանախագահող երկրների դիրքորոշումների նկատմամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը:

«Քննարկումների ժամանակ մի բան են ասում, հասնում են Բաքու, ասում են մեկ այլ բան: Ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, այս անգամ եւս Ի.Ալիեւը, ինչպես Սանկտ Պետերբուրգում, չմասնակցելով նախօրոք ծրագրված միջոցառումների, կրկին հեռացավ: Այս մոտեցումը երկար ժամանակ պահպանել հնարավոր չէ, քանի որ միջազգային հանրությունը համապատասխան վերաբերմունք կձեւավորի եւ կդատապարտի ոչ միայն խոսքով, այլ նաեւ գործով»,-ասաց Գ. Մինասյանը:

Անդրադառնալով համանախագահների այն հայտարարությանը, որ եթե Կազանում կողմերը համաձայնության չգան, ապա հանդես կգան նոր առաջարկություններով’ Գ. Մինասյանը նշեց, որ նոր առաջարկներն այնպիսին պետք է լինեն, որ զրկեն Ադրբեջանին այդպիսի ապակառուցողական պահվածքի հնարավորությունից:

«Նախ’ Ադրբեջանը պետք է զրկվի ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու հնարավորությունից: Դա արդեն նախապատրաստված քայլ է, քանի որ դովիլյան հայտարարության մեջ նշվեց, որ ռազմական գործողությունների վերսկսումը կդատապարտվի, իսկ քայլ կարող է համարվել այն, որ հաջորդ հայտարարության մեջ նշվի, որ եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները, ապա նրանք ուղղակիորեն կճանաչեն ԼՂ անկախությունը»,-ասաց պատգամավորը’ ավելացնելով, որ սա շատ կարեւոր է, քանի որ կզրկվի Ադրբեջանը ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու որեւէ հեռանկարից: Ըստ Գ. Մինասյանի’ երկրորդն այն է, որ վաղ թե ուշ ԼՂ-ն պետք է դառնա բանակցային կողմ, ինչը կարեւոր է, որպեսզի բանակցային գործընթացները տեղափոխվեն կառուցողական հուն: Նա նկատեց, որ այս առաջարկի հետ կապված եւս նախապատրաստական աշխատանք կատարված է դովիլյան հռչակագրով, քանի որ համանախագահող երկրների ղեկավարների խոսքն ուղղված էր ոչ թե Հայաստանին ու Ադրբեջանին, այլ հակամարտող կողմերին, որոնց թվում է նաեւ Լեռնային Ղարաբաղը:

«Վերջերս, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց ունեցավ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ, նա եւս խոսեց Ադրբեջանի, Հայաստանի եւ ԼՂ-ի մասին: Սրանք կարող են լինել այն նոր առաջարկները, որոնք կարող են մտցվել բանակցային գործընթացում»,-ավելացրեց Գ. Մինասյանը:

 

Դիտվել է 683 անգամ:
Print Friendly

Leave a Reply