ՌԱՀՀԿ-ը գնահատեց հետկազանյան իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 30, 2011 17:06
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպումից հետո Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակն այսօր վերլուծեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) հերթական իր սեմինար-քննարկման ընթացքում:
Սեմինարին մասնակցում էին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության, Գերմանիայի դաշնային հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպաններ Չարլզ Լոնսդեյլը եւ Հանս-Յոխեն Շմիդթը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ու միջազգային կառույցների այլ ներկայացուցիչներ, քաղաքականությամբ զբաղվող փորձագետ-վերլուծաբաններ, լրագրողներ:
Ողջույնի խոսքով քննարկումը բացեց ՌԱՀՀԿ փորձագետ Սարո Սարոյանը: «Այսօր, երբ արդեն անցյալում է հունիսի 24-ին Կազանում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը, մենք հավաքվել ենք քննարկելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեւավորված իրավիճակը, ինչպեսեւ այն հեռանկարները, որոնք խնդրի լուծման հերթական ձախողումից հետո կարող են տեղ գտնել քաղաքական գործընթացներում»,- ասաց Սարոյանը:
Դատելով համանախագահողների հետկազանյան արձագանքներից, ՌԱՀՀԿ գիտական տնօրեն Մանվել Սարգսյանը «Փակուղի՞, թե նոր մոտեցումների հեռանկար» թեմայով իր զեկույցում չբացառեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի կամ արցախյան խնդրի լուծման կոնցեպտի փոփոխության հնարավորությունը: Ըստ նրա, կարգավորման հիմքում կարող են դրվել բացառապես նոր գաղափարներ ու սկզբունքներ: «Ես չեմ զարմանա, եթե ՄԽ-ն ցրվի եւ գործընթացը տեղափոխվի եվրոպական ինտեգրացման ոլորտ: Այժմ, կարծես, մեծ դեր է տրվում Եվրամիությանը, եւ ես կարծում եմ` ժամանակը շուտով ցույց կտա, որ իրավիճակներ են փոխվում, դրվում է նոր փուլի սկիզբը: Եթե ուշադրություն դարձրել եք, Հայաստանը մերթ ընդգծում է ձեւաչափի փոփոխության աննպատակահարմարությունը, մերթ էլ հայտարարում, թե նոր փուլն առանց ԼՂ մասնակցության անհնար է»,- նկատեց Սարգսյանը` ենթադրելով, որ նոր փուլում Արցախը հանդես կգա որպես առանձին կողմ, ինչը, նրա կարծիքով, զգալապես կթուլացնի Ադրբեջանի դիրքերը, մանավանդ` ուժի կիրառումը բացառելու վերաբերյալ Դովիլում արված հստակ հայտարարության հենքին: Այնպես որ, փակուղային թվացող իրավիճակը, զեկուցողի եզրահանգմամբ, կարող է նոր մոտեցումների հեռանկար բացել:
Կազանում, դրանից առաջ եւ հետո տեղի ունեցած զարգացումների ծիրում պատերազմի սպառնալիքի խնդիրն արծարծեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (ՏՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքով` Կազանում Ադրբեջանը կարեւորում էր ոչ այնքան սեղանին դրված փաստաթուղթը, որքան հունիսի 26-ի զորահանդեսը` ցուցադրելու համար ՌԴ-ի հետ ռազմական համագործակցության արդյունքը` ի մասնավորի Ս-300 համակարգը, որն, ըստ էության, պաշտպանողական զինատեսակ լինելու պատճառով առանձնապես իրենից վտանգ չի ներկայացնում: «Երկար տարիներ Ադրբեջանը ներգրավված էր «դիվանագիտական պատերազմում», որին այժմ փոխարինել է «պատերազմական դիվանագիտությունը», ինչը միջազգային հանրության եւ, առաջին հերթին, ՄԽ-ի վրա ճնշում գործադրելու միջոց է: Պատերազմի սպառնալիքն իրական է այնքանով, որքանով մենք ունենք թույլ եւ անկանխատեսելի հակառակորդ»,- ասաց զեկուցողը` նշելով, որ Ադրբեջանը հոգեբանորեն դեռ չի գիտակցում, որ տանուլ է տվել եւ ընդմիշտ կորցրել Ղարաբաղը: «Անընդհատ ահաբեկելով պատերազմով եւ պահանջելով միանգամից ամեն ինչ` Ադրբեջանն ինքն իրեն անկյուն է մտցրել եւ հիմա հարմար պատրվակ է փնտրում դուրս գալու իր իսկ լարած ծուղակից, «արժանապատվորեն» հրաժարվելու Ղարաբաղից»,- համոզված է վերլուծաբանը:
Քննարկմանը հնչած հարցուպատասխանին ու մտքերի փոխանակությանը մասնակցեցին դեսպաններ Չարլզ Լոնսդեյլը, Հանս-Յոխեն Շմիդթը, քաղաքագետ Լեւոն Ուռումյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության դեսպանատան քաղաքական հարցերի պատասխանատու Նաիրա Սուլթանյանը, ՌԱՀՀԿ փորձագետ Սարո Սարոյանը եւ ուրիշներ:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:






Facebook
Tweet This
Email This Post
