Գիտակներ. նոր հին չեմպիոնը

Շաբաթվա լուր | | June 6, 2009 12:56
chto-gde-kagda-2

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի նոր ու հին չեմպիոն «ԴԱՖ»-ը

Մայիսի 30-ին անցկացված Հայաստանի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» մարզական առաջնությունը կարելի էր անվանել հերթական, եթե չլիներ երկու հանգամանք: Նախ՝ 1994 թվականից ի վեր առաջին անգամ Հայաստանի առաջնությունն անցկացվեց ոչ թե մայրաքաղաքում, այլ հայրաքաղաքում՝ Գյումրում: Ու երկրորդ՝ ոչ թե կիրակի, ինչպես սովորաբար, այլ շաբաթ:

Վերջինը բավական ծանրակշիռ պատճառ ուներ. իրոք՝ պատկերացրեք մի ավտոբուս, որը Երևանից շուրջ 50 պոտենցիալ ընտրողներ է տեղափոխում ավագանու ընտրությունների օրը, եթե առաջնությունը մեկ օր ուշ անցկացվեր:

Իսկ առաջինի պատճառները հասկանալու համար պետք է պարզաբանել, որ Գյումրում է գտնվում Երևանի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ակումբից հետո մեծությամբ երկրորդ ակումբը, ու արդարացի էր, ի վերջո, հյուրընկալ գյումրեցիներին նման մասշտաբի ինտելեկտուալ մրցախաղ անցկացնելու հնարավորություն ընձեռել:

Մրցումներին մասնակցեցին Հայաստանի ու Արցախի տարբեր մարզերից 23 թիմեր Երևանից, Գյումրուց, Ստեփանակերտից, Բերձորից… Առաջնությունը հովանավորել ու ֆինանսական օգնություն էր ցույց տվել ՀՀ կառավարությունը, հատկապես ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և գիտության ու կրթության նորանշանակ նախարար Արմեն Աշոտյանը, ով Երևանի ակումբի նախկին գիտակներից է: Հաղթողին սպասում էր ոչ միայն Հայաստանի 2009 թ. չեմպիոնի պատվավոր կոչումը, այլև Կալինինգրադում անցկացվելիք աշխարհի առաջնության հրավեր ու անվճար ուղևորություն, որտեղ ամեն տարի իրենց ուժերն են չափում աշխարհի բոլոր ծագերից լավագույն թիմերը:

Փաթեթը վարողն ու խմբագիրը հայտնի պետերբուրգցի գիտակ Ալեքսեյ Բոգոսլովսկին էր, որին արդեն երկրորդ տարին անընդմեջ վստահվում է Հայաստանի առաջնության անցկացումը: Առաջնությունն անցկացվում էր երեք տուրով՝ յուրաքանչյուրը քսանական հարցով, 15-րոպեանոց ընդմիջումներով:

Ինչպես և անցյալ տարի՝ ֆավորիտներ էին համարվում Երևանի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ակումբի երեք թիմեր, որոնք մտնում են համաշխարհային վարկանիշի հարյուր լավագույն թիմերի կազմում: Հայաստանի բազմակի չեմպիոն «ԴԱՖ» թիմը՝ Լևոն Նիկողոսյանի գլխավորությամբ, պաշտպանեց նախորդ տարվա տիտղոսը, որին հավակնում էին երկու այլ երևանյան ֆավորիտներ՝ վերջերս անցկացված Հայաստանի առաջին գավաթի հաղթող «Պերեզագրուզկա» թիմը (կապիտան՝ Տ. Քոչարյան) և Հարավային Կովկասի գործող չեմպիոն «Հայաստան» թիմը (կապիտան՝ Ա. Գևորգյան):

Բոլոր երեք թիմերն էլ ջանասիրաբար պատրաստվել էին տարվա գլխավոր մրցումներին, և սպասվում էր անզիջում պայքար:

Ու ակնկալիքներն արդարացան. առաջին տուրում` տասն անգամ անընդմեջ վաստակած միավորների հսկայական սերիայից հետո առաջատարն էր «Հայաստան» թիմը՝ 14 պատասխանած հարցերով, որին հետապնդում էին «ԴԱՖ»-ը (13) և «Պերեզագրուզկան» (12): Սակայն Անդրկովկասի չեմպիոնը չկարողացավ պահել առաջատարի դիրքերը երկրորդ տուրում, որը ֆավորիտներն ավարտեցին ոչ-ոքի՝ երեք թիմերից յուրաքանչյուրը 26-ական միավոր:

Ճշմարտության պահը հասավ երրորդ տուրում. եռյակից յուրաքանչյուրը հաղթանակի հասնելու հավասար հնարավորություններ ուներ: Մինչև 10-րդ հարցը թիմերը կրնկակոխ գնում էին, սակայն «Հայաստանը» սկսեց հետ մնալ, «Պերեզագրուզկա»-ի ու «ԴԱՖ»-ի միջև պայքարը շարունակվեց ընդհուպ մինչև վերջին հարցերը: Սակայն «ԴԱՖ» ակումբը ցուցադրեց չեմպիոնին վայել խաղ և հաղթանակը կորզեց «Պերեզագրուզկա»-ից՝ երկու միավոր առավելությամբ:

Վերջնական արդյունքները՝ ԴԱՖ»՝ 40 միավոր, «Պերեզագրուզկա»՝ 38 միավոր. «Հայաստան»՝ 35: Ու նորից չեմպիոն դաձավ «ԴԱՖ»-ը՝ արժանիորեն հաղթելով համառ մրցապայքարում:

Ուսանողական թիմերից իրեն լավ դրսևորեց «Մաֆիոզներ» (ԵՊՀ) թիմը, որը զբաղեցրեց պատվավոր հինգերորդ տեղը, թեև ընդամենը շուրջ մեկ տարի առաջ է ստեղծվել:

Գյումրու թիմերից բարձր տեղ զբաղեցրեց «Սենատորները», իսկ շրջաններից՝ «Հայեր-Քաշաթաղ» տաղանդավոր թիմը: Բոլոր երեքն էլ արժանացան Ալեքսեյ Բոգոսլովսկու հատուկ մրցանակներին:

Հայկական թիմերին առջևում սպասում է նոր խոշոր մրցախաղ՝ Հարավային Կովկասի տասնմեկերորդ առաջնությունը, որը կանցկացվի հուլիսին Բաթումում, որտեղ նրանք իրենց ուժերը կչափեն Վրաստանի ու Ադրբեջանի լավագույն թիմերի հետ: Մաղթենք նրանց հաջողություն:

Դիտվել է 2115 անգամ:
Print Friendly

Leave a Reply