Ստալինի որդին

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | July 2, 2011 9:35

Իոսիֆ Ստալինն անձնական կյանքում երջանիկ չէր: Նրա կինը` Նադյան, ինքնասպան եղավ, ավագ որդին պատերազմում գերվեց և սպանվեց, դուստրը` Սվետլանան, չէր հասկանում հորն ու համաձայն չէր նրա հայացքներին ու քաղաքականությանը, իսկ կրտսեր որդին` Վասիլին, ալկոհոլամոլ էր ու անսկզբունքային… Վերնախավում նրան անվանում էին Ֆլիգեր…

«Ժողովուրդների հայրն» ամենից շատ հենց Վասիլիին էր սիրում և  ամեն ինչ անում էր իրեն արժանի հետնորդ դաստիարակելու համար, բայց ապարդյուն: Նա Վասիլիի համար փայլուն կարիերա ապահովեց. Վասիլին 20 տարեկանում արդեն կապիտանի ուսադիրներ էր կրում, իսկ 24 տարեկանում  գեներալ-լեյտենանտ էր: Խորհրդային զինվորական սանդուղքով ոչ ոք երբեք նման  ցատկ չէր արել:

Սակայն Ստալինի մահից հետո Վասիլի Ստալինի գեղեցիկ երազն ընդհատվեց, և նա հայտնվեց իշխանությունների թիրախում, երբեմն նաև հոր պատճառով անտեղի քավության նոխազ դարձավ: Նա անմիջապես զորացրվեց բանակից և դատապարտվեց ծառայողական դիրքի չարաշահման և պետական միջոցների յուրացման մեղադրանքով: Վասիլի Ստալինից խլեցին ամեն ինչ` բնակարանը, ամառանոցը, շքեղ ավտոմեքենան:

Այս ամենն ավելի ընկճեց Վասիլիին, և նա ավելի թաղվեց տիղմի մեջ: Նա անընդհատ խմած էր: Իսկ խմած ժամանակ աղմկում էր, հոխորտում, սպառնում…

Իր բնավորությամբ Վասիլին իսկական գլխացավանք էր դարձել իշխանությունների համար: Նա ամենուր ավելորդ խոսակցություններ էր տանում Կրեմլի իշխանավորների մասին… Կեղծ մեղադրանքով նրան բանտում երկար պահելն անհնարին էր, իսկ ազատ արձակել` նշանակում էր ավելի խճճել իրավիճակը:

Ի վերջո, Վասիլի Ստալինին խոստացան ազատ արձակել` պայմանով, որ նա փոխի ազգանունը Ջուղաշվիլու և բնակվի մայրաքաղաքից հեռու որևէ քաղաքում: Ստալինի որդուն պայմաններն առաջադրեց անձամբ Նիկիտա Խրուշչովը: Նա նաև խոստացավ Վասիլիին իր հովանավորությունը:

Հայտնի չէ, թե ինչ են խոսել Վասիլի Ստալինն ու Նիկիտա Խրուշչովը, սակայն շատ չանցած` Կրեմլի ղեկավարի կարգադրությամբ Ստալինի որդին ոչ միայն վերստացավ իր գեներալական կոչումը, այլև նրա համար թոշակ նշանակեց, Մոսկվայում բնակարան, անգամ ամառանոց հատկացվեց:

Բայց, ինչպես ասում են, «խոզի գլուխը գորգի վրա չի մնում», և Վասիլին, անցնելով իր նախկին ամբարտավան կյանքին, իր շատախոսությամբ դարձյալ վտանգեց սեփական գոյությունն ու զրկվեց այդ ամենից:

Վասիլի Ստալինը դարձյալ բանտարկվեց, սակայն այս անգամ` կարճ ժամկետով: 1961 թ. պաշտոնական վարկածով` նա առողջության կտրուկ վատթարացման պատճառով ազատ արձակվեց: Անկանոն կենսակերպը քայքայել էր Ստալինի որդու առողջությունը, նա լրիվ հյուծվել էր: Բացի այդ, նա տառապում էր ստամոքսի խոցից և լյարդի ցիռոզից:

Բայց իրականում դժվար թե իշխանություններն այդքան մարդասեր գտնվեին Վասիլի Ստալինի հանդեպ: Ուղղակի Կրեմլում արդեն համոզվել էին, որ բռնակալի որդին լուրջ վտանգ չի ներկայացնում իրենց համար: Մինչ այդ` 1953-ին հաջորդած խառը ժամանակներում, բնականաբար, վախ կար, որ Վասիլին կարող է հաղթաթուղթ դառնալ որոշ ուժերի համար: Այնուամենայնիվ, հավակնոտ անձնավորություն լինելով հանդերձ, Վասիլի Ստալինը շատ հեռու էր քաղաքականությունից և երբևէ փորձ չի արել հոր կայսրությունը ժառանգելու ուղղությամբ:

Նա միայն սիրում էր վայելել կյանքը, լինել զվարճավայրերում, հասարակական վայրերում, թատրոն և կինո էր հաճախում, հպարտ էր, որ վրացի է, և պարծենում էր իր ծագմամբ ու արմատներով… Եվ առիթը բաց չէր թողնում բոլորի մոտ ներկայանալու որպես Ստալինի որդի… Նա անգամ կանգ չէր առնում իր կյանքին վտանգ սպառնացող հայտարարությունների առջև. երբեմն անգամ հայտարարում էր, թե Ստալինն իր բնական մահով չմեռավ, այլ դա կազմակերպված դավադրություն էր:

1961 թ. Վասիլի Ստալինին դատապարտեցին ազատ աքսորի և բնակության ուղարկեցին Կազան: Նրան հատկացրին մեկսենյականոց բնակարան և 150 ռուբլի թոշակ: Նրան արգելեցին նաև ինքնակամ հեռանալ Կազանից:

Ապա ՊԱԿ-ի ղեկավարությունը պահանջեց Վասիլիից, որ  նա փոխի ազգանունը և Ստալինի փոխարեն ընդունի Ջուղաշվիլին: Վասիլին սկսեց սակարկել: Նա տվեց իր համաձայնությունը, բայց պայմանով, որ իրեն դրա համար վճարեն 30000 ռուբլի գումար: Քիչ անց նա նոր պայմաններ առաջադրեց. ազգանվան փոխարեն պահանջում էր վերադարձ Մոսկվա, ամառանոց, ավտոմեքենա, բարձր թոշակ… Իշխանություններն էլ իրենց հերթին էին սակարկում:

Ի վերջո, նրանք եկան ընդհանուր համաձայնության… Դա կայացավ Վասիլի Ստալինի սիրո` Մարիա Շևարգինայի անմիջական միջամտությամբ: Վասիլին ու Մարիան ամուսնացան Կազանում 1961 թ.: Վասիլին անկեղծորեն սիրահարված էր նրան, իսկ Մարիան ՊԱԿ-ի գործակալ էր և իշխանությունների կողմից հանձնարարություն էր կատարում` շահել անկառավարելի Վասիլիի սիրտը և սեր խաղալով` նրան միշտ հսկողության տակ պահել: Վասիլին անգամ որդեգրեց Մարիայի առաջին ամուսնությունից ծնված երեխաներին:

Որպես  փոխհատուցում Մարիայի ծառայություններին` իշխանությունները Ջուղաշվիլիների ընտանիքին հատկացրեցին երեքսենյականոց բնակարան` կենցաղային առավել բարվոք պայմաններով:

Սակայն այս զիջումները Վասիլիի կյանքը չբարելավեցին: Նա դարձյալ խմում էր, զազրախոսում, Կրեմլը հեղեղում իր նամակներով ու բողոքներով: Բայց նրա բողոքներին այլևս ուշադրություն դարձնող չկար: Իշխանություններին հաջողվել էր ստանալ իրենց ուզածն ու մեկուսացնել Ստալինի որդուն: Իսկ նա օրեցօր ավելի էր մխրվում ճահճի մեջ: Նրա ամենօրյա ուղեկիցները օղու և գինու շշերն էին:

1962 թ. մարտի14-ի երեկոյան Վասիլին իր տանը գինարբուք է սարքում ընկերներից մեկի` Սերգեյ Կախիշվիլու հետ: Շուտով Կախիշվիլին հեռանում է, իսկ Վասիլին շարունակում է իր գործը: Առավոտյան նա վատ է զգում, իսկ մի քանի օր անց ավանդում է հոգին: Նրա հուղարկավորությունը կատարվեց մարտի 21-ին: Հուղարկավորությունից շատ չանցած` ի հայտ եկան մի շարք վկայություններ, այդ թվում` նրա զավակների կողմից, որ իբր Վասիլին  մահացել է բռնության հետևանքով. նրան իշխանությունները վերացրին:

Որքանով են այդ վկայությունները ճշմարտացի` ոչ ոքի հայտնի չէ:

 

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

Դիտվել է 3259 անգամ:
Print Friendly

Leave a Reply