Պետրոսի հայտնությունը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | July 10, 2011 7:00

XX դարի սկզբին Եգիպտոսում` Գիզայի հովտում, II դարի մի դամբարան պեղվեց, որտեղից հայտնաբերվեցին մագաղաթե ձեռագրեր, որոնք բովանդակում էին հետաքրքիր տեքստեր` «Պետրոսի հայտնությունը», «Պետրոսի ավետարանը»: Այդ ձեռագրերն անմիջապես գիտական շրջանառության մեջ մտան: «Պետրոսի հայտնությունը» մերժված է եկեղեցու կողմից, այն պարականոն է համարվում, բայց, կարծում ենք, կհետաքրքրի ընթերցողներին:

…Նրանցից շատերը կլինեն սուտ մարգարեներ և կքարոզեն կործանման ճանապարհներ ու նենգ ուսմունքներ, բայց նրանք կործանման որդիները կլինեն: Եվ այնժամ Աստված կգա իր հավատարիմների` տենչացողների, ծարավների ու ճնշվածների մոտ, նրանց մոտ, ովքեր այս կյանքում փորձել են իրենց ոգիները, և կդատի անօրինականության որդիներին»: Եվ տերն ավելացրեց ու ասաց. «Բարձրանանք լեռը` աղոթենք»:

Ուղևորվելով նրա հետ` մենք` տասներկու աշակերտներս, խնդրեցինք, որ նա ցույց տա աշխարհից հեռացած մեր բարեպաշտ եղբայրներից մեկին, որպեսզի մենք իմանանք, թե ինչպիսին են նրանք տեսքով և մխիթարվելով` մխիթարենք մարդկանց, որոնք կլսեն մեզ: Եվ ահա, երբ աղոթում էինք Հիսուսի դիմաց, անսպասելիորեն հայտնվեցին երկու այր, որոնց վրա մենք չէինք կարողանում նայել, քանզի նրանց դեմքից, ինչպես արեգակից, լույս էր ճառագում, իսկ հագուստը նրանց լուսավոր էր, ինչպիսին երբեք չէր տեսել մարդկային աչքը: Շրթունքներն անկարող են պատմել, իսկ սիրտը` խորհել այն փայլի մասին, որով զգեստավորված էին նրանք: Մենք զմայլվել էինք նրանց նայելով: Նրանց մարմինը սպիտակ էր ամեն տեսակ ձյունից և կարմիր` ամեն տեսակ վարդից, և կարմիրը նրանց վրա խառնված էր սպիտակին: Ես պարզապես անկարող եմ նկարագրել նրանց գեղեցկությունը: Նրանց դեմքն ու ուսերը երիզած մազերը ալիքավոր էին ու փայլուն, ինչպես պսակը` միահյուսված նարդոսի ծաղկից ու երփներանգ ծաղիկներից: Այդպիսին էր նրանց բարեզարդությունը: Տեսնելով նրանց գեղեցկությունը` մենք վախեցանք, քանզի նրանք հայտնվեցին անսպասելիորեն:

Այնժամ ես մոտեցա Տիրոջն ու հարցրի. «Ովքե՞ր են սրանք»: Նա ինձ ասում է. «Սրանք մեր բարեպաշտ եղբայրներն են, որոնց տեսքը դուք տեսնել կամեցաք»: Ես ասացի նրան. «Իսկ որտե՞ղ են բոլոր բարեպաշտ եղբայրները, և ո՞րն է այն էռնը, որում գտնվում են այդ փառքի կրողները»:

…Եվ տերը ցույց տվեց այս աշխարհից դուրս գտնվող հսկա տարածություն` գերպայծառ լույսով փայլող. օդն այնտեղ փայլատակում էր արևի ճառագայթմամբ, որը ծաղկել էր անթառամ ծաղիկներով, լի էր բուրմունքով և օրհնյալ պտուղներ տվող գեղեցկածոն հավերժ բույսերով: Եվ ծաղկումն այն աստիճան առատ էր,որ բուրմունքն այնտեղից հասնում էր մեզ: Իսկ այդ տեղի բնակիչները հրեշտակների լուսավոր զգեստներ էին զգեցել, և նրանց հագուստը նման էր իրենց երկրին: Այնտեղ նրանց միջև ճախրում էին հրեշտակները: Այդպիսին էր գեղեցկությունը նրանց, որ ապրում էին այնտեղ, և նրանք միաձայն փառաբանում էին Տեր Աստծուն` ուրախանալով այդ տեղում…

Տերը մեզ ասում է` սա ձեր քահանայապետերի`  բարեպաշտ մարդկանց տեղն է:

Ես տեսա դրա դիմաց մի այլ, շատ խավար տեղ: Դա պատժելու տեղն էր: Այնտեղ պատժվողներն ու պատժող հրեշտակները ունեին պատշաճող մթին հագուստներ:

Ոմանք այնտեղ կախված էին լեզուներից: Դրանք արդարության ճանապարհը հայհոյողներն էին. նրանց տակ վառվում էր բոցկլտացող կրակն ու տանջում էր նրանց:

Եվ այնտեղ մի լիճ կար` լի բոցավառվող տիղմով. այնտեղ գտնվում էին արդարությունը խեղաթյուրողները: Նրանց հսկիչ էին նշանակված հորանջող հրեշտակները: Այդ եռացող տիղմի վրա կային նաև կանայք` կախված մազերից: Դրանք այն կանայք էին, որ զուգվում էին շնանալու համար, իսկ նրանք, որ զուգավորվում էին նրանց հետ պոռնկության ապականությամբ, կախված էին ոտքերից, իսկ նրանց գլուխներն ընկղմված էին տիղմի մեջ, և նրանք ասում էին. «Մենք չէինք կարծում, որ կընկնենք այստեղ…»:

Եվ ես տեսա մարդասպանների ու նրանց հանցակիցների` նետված մի զնդան, որ լիքն էր չար սողուններով, այդ գազանները կրծում էին նրանց` տանջանքների մեջ գալարվողներին, և արգանդները նրանց փակվել էին խավարի ամպերի նման: Եվ սպանվածների հոգիները` կանգնած ու հետևելով մարդասպանների պատժին` ասում էին. «Աստված, արդար է դատաստանը քո»:

Այդ տեղի մոտ տեսա մի ուրիշ մութ տեղ, ուր թափվում էին պատժվողների արյունն ու անմաքրությունները և կազմում մի լիճ: Այնտեղ մինչև վիզն արյան մեջ նստած էին կանայք, իսկ նրանց դեմ նստել և լաց էին լինում երեխաներ, որոնք ծնվել էին ժամանակից շուտ, նրանցից ելնում էին ճառագայթներ և խփում կանանց աչքերին: Դրանք ապօրինի հղիացածներն ու պտուղները ոչնչացնողներն էին:

Այնտեղ կային նաև տղամարդիկ և կանայք` մարմինների կեսը կրակի մեջ: Նրանք նետված էին մթին տեղեր, նրանց խարազանում էին չար ոգիները, որդերն անկուշտ խժռում էին նրանց ներսը: Դրանք այն մարդիկ էին, որոնք հետապնդել էին արդարներին և մատնել նրանց:

Դրանց կողքին կային ևս տղամարդիկ և կանայք, որոնք կծում էին իրենց շրթունքները: Նրանք տանջվում էին ու շիկացած երկաթով հարված ստանում իրենց աչքերին: Դրանք բարեպաշտության ճանապարհները հայհոյողներն ու անարգողներն էին:

Իսկ նրանց հակառակ կողմում կային ուրիշ տղամարդիկ ու կանայք, որոնք կծում էին սեփական լեզուն, և նրանց բերանը լցված էր կրակով: Դրանք սուտ վկայողներն էին:

Մի այլ տեղ կային թրերից ու նիզակներից էլ սուր կայծքարեր, որոնք շիկացած էին, և կանայք ու տղամարդիկ, որ հագած էին կեղտոտ փալասներ, թավալվում էին նրանց վրա տառապագին: Դրանք այն հարուստներն էին, որ ապավինել էին իրենց հարստությանը` չկարեկցելով որբերին ու այրիներին, որոնք արհամարհել էին Աստծո պատվիրանը:

Մեկ այլ լճում` լի կրակով, արյամբ ու եռացող տիղմով, մինչև ծնկներն ընկղմված էին կանայք ու տղամարդիկ: Դրանք վաշխառուներն ու տոկոսների դիմաց տոկոսներ բռնագանձողներն էին:

Ուրիշ տղամարդիկ ու կանայք, հսկա ժայռերից վայր նետվելով, ընկնում էին ցած, իսկ նրանց վրա կարգված հսկիչները կրկին քշում էին նրանց և ստիպում բարձրանալ ժայռն ու նորից գահավիժել ներքև. նրանք հանգիստ չէին ստանում այդ տանջանքների մեջ: Այդ նրանք էին, որ դառնալով կանանց պես` պղծում էին իրենց մարմինները, իսկ նրանց միջի կանայք նրանք էին, որ պառկում էին իրար հետ, ինչպես տղամարդը` կնոջ:

Այդ ժայռի մեջ կար մի տեղ, հզոր կրակով լեցուն, որում կանգնած էին մարդիկ, որոնք սեփական ձեռքերով կառուցել էին կուռքեր իրենց համար` Աստծո փոխարեն: Նրանց մոտ այլ տղամարդիկ ու կանայք հրե գավազաններով հարվածում էին միմյանց` չդադարեցնելով այդ պատիժը:

Նրանց մոտ կային այլ տղամարդիկ ու կանայք ևս, որոնց այրում, տանջում ու խորովում էին: Դրանք Աստծո ճանապարհը թողածներն էին…

 

 

Պատրաստեց Վահե Անթանեսյանը

 

 

Դիտվել է 1602 անգամ:
Print Friendly

Leave a Reply