Հիմնախնդիրներ հեծանվային սպորտում

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | July 5, 2011 7:15

Հայաստանի հեծանվորդներին առաջիկայում լուրջ փորձություններ են սպասում: Այդ մարզաձևի մեր երկրի պատանեկան հավաքականը հուլիսի 23-27-ին Թուրքիայում հանդես է գալու պատանեկան օլիմպիական փառատոնի ծրագրով մրցումներում: Նույն ժամանակահատվածում` հուլիսի 23-29-ը, Հայաստանի երիտասարդ հեծանվորդները Պորտուգալիայում ուժերն են չափելու հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի առաջնությունում: Օգոստոսին Մոսկվայում կայանալու է այդ մարզաձևի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Իսկ մինչև այդ կայացան խճուղային հեծանվավազքի մեր երկրի տարբեր տարիքային խմբերի առաջնությունները, ի հայտ բերվեցին այն մարզիկները, ովքեր պետք է նախապատրաստվեն այդ ստուգատեսներին: Իր տպավորությունները պատմեց Հայաստանի հեծանվային սպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Ալբերտ Սոլոյանը:

– Որպես կանոն, խճուղային հեծանվավազքի Հայաստանի առաջնություններն անցկացվում են Արարատյան դաշտավայրի ճանապարհներին, սակայն այս անգամ մարզիկները մեկնարկեցին Արզնիում, դուրս եկան Սևանի մայրուղի, հասան Նոր Հաճն, Բյուրեղավան և վերջնագիծը հատեցին Արզնիում: Մրցատարածությունը 130 կմ էր: Ի դեպ, ուժերը չափողներին էին միացել նաև  Ռուսաստանի հեծանվային սպորտի պրոֆեսիոնալ «Կատյուշա»  ակումբի ներկայացուցիչները, որի հիմնադիրը Ռուսաստանի վարչապետ  Վլադիմիր Պուտինն է, իսկ մենեջերը` նախկինում հանրածանոթ հեծանվորդ Անդրեյ Չմիլն է: Փաստորեն, այս ակումբի ներկայացուցիչները Ռուսաստանի հավաքականի կորիզն են կազմում:

Ռուսաստանցի հեծանվորդներն ուսումնամարզական հավաք էին անցկացնում Ծաղկաձորում և  հաշվարկից դուրս իրենց կարողությունները փորձեցին մեր երկրի առաջնությունում: Մեր մարզիկների համար դա լավ էր, քանի որ իրականում առաջնությունը վերածվեց միջազգային մրցումների, ունեցավ բարձր մակարդակ: Ռուսաստանցիները  խմբային մրցությունում և Աբովյանում կայացած  «կրիտերիում» մրցաձևում զբաղեցրին առաջին չորս տեղերը: Իսկ  Հայաստանի առաջնությունում պատանիների, երիտասարդների և մեծահասակների մրցումներում, համապատասխանաբար, չեմպիոն դարձան Հովհաննես Հովհաննիսյանը, Էդուարդ Մաթոսյանը, Միհրան Ավետիսյանը: Դավիթ Մկրտչյանը հաղթեց անհատական 25 կմ մրցավազքում: Վերջինս լավագույնն էր նաև 12 շրջան 5 միջանկյալ վերջնագծով  (46 կմ) «կրիտերիում» մրցաձևում:  Ի դեպ, մեր մարզիկների արդյունքները գոհացուցիչ են: Նրանք նաև լավ տակտիկական  և ֆիզիկական պատրաստականություն դրսևորեցին: Մասնավորապես,  18-ամյա  Մհեր Մկրտչյանը, հաղթելով երիտասարդների անհատական մրցումներում, իր ցուցանիշով զիջեց միայն մեծահասակների պայքարում  առաջին տեղը գրաված ավագ եղբորը` Դավիթին:

– 2012-ին Հայաստանը Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի մասնակից կունեա՞:

– Վարկանիշ լրացնելու ծրագիրը բարդ է և ծախսատար, որի հնարավորությունը մենք չունենք: Փաստորեն, մրցաշրջանի ընթացքում 35 խճուղային բազմoրյա  միջազգային հեծանվավազքի պետք է մասնակցել, այն էլ  բարձր կարգի, որպեսզի մերոնք միավորներ վաստակեն: Այդպիսի պատվի են արժանանում 1-12-րդ տեղերը գրավողները: Եթե միավորների ընդհանուր գումարով Հայաստանն աշխարհում հայտնվի 22-30 լավագույնների թվում, ապա օլիմպիական խաղերի մասնակցի 3 տեղ կստանանք: 1-11-րդ տեղը` 6 ուղեգիր է,  12-21-րդ տեղը` 4 ուղեգիր: Եթե մրցումներին մասնակցեինք, ապա հնարվոր է` առաջադրանքը կատարվեր:

Հրապարակային հեծանվավազքում պահանջներն այլ են: Վարկանիշային մրցումներն արդեն ընթացքում են: 2010-ի նոյեմբերից մինչ օրս կայացել է աշխարհի գավաթի խաղարկության 4 մրցուփուլ: Դրանցում 1-12-րդ տեղերը գրավողները միավորներ են հավաքում: Անհրաժեշտ է վաստակել 22 միավոր: Այդ մեկնարկներն էլ բաց ենք թողել: Ունենք նաև հիմանախնդիր: Մեր հեծանվորդներից 7-ը հայկական բանակ են զորակոչվել: Նրանք մարզական վաշտում չեն, քանի որ դրա համար պետք է աներևակայելի արդյունքներ ցույց տալ` 1-6-րդ տեղեր գրավել Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, որոնց ամեն մեկնարկին 170-200 մարզիկ է մասնակացում: Փաստորեն, մեր թիմը երիտասարդական է, այն չի կարող վարկանիշային մրցումներում օլիմպիական ուղեգրերի հարց լուծել: Իսկ օլիմպիական խաղերի համար վարկանիշային համարվող հրապարակային հեծանվավազքի մեծահասակների աշխարհի առաջնությանը մասակցելու համար պետք է իրավունք նվաճել աշխարհի գավաթի խաղարկության մրցափուլերում: Եթե  դրանք բաց ենք թողել, ուրեմն աշխարհի առաջնությունում էլ մասնակից չենք ունենա:

– Հեծանվային սպորտի հանրապետական մարզադպրոցի տարածքի հետ կապված խնդիրները վերացե՞լ են:

– Մեր շենքը 1927-ից գոյություն ունի: Շարունակ խոստումներ են տրվում, որ այն կհիմնանորոգվի: Կենվորի կարգավիճկով են գեղասահքի և հրաձգության դպրոցի ներկայացուցիչները: Սպասվում է, որ հրաձիգները սեպտեմբերից կտեղափոխվեն: Գեղասահքի մարզադպրոցի  կարգավիճակի հարցը վճռվելու է հուլիսից հետո: Հնարավոր է` մնան պայմանագրային հիմունքներով կամ էլ տարածքը ազատեն: Առայժմ ոչ մի փոխհատուցում չենք ստանում:

 

 

 

Դիտվել է 973 անգամ:
Print Friendly

Leave a Reply