Երևանում կմեկնարկի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 27, 2009 16:07

415893132Սեպտեմբերի 8-ից 20-ը Երևանում կանցկացվի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը: Այս տարվանից փառատոնը կրելու է հանրաճանաչ դերասան Վահրամ Փափազյանի անունը:

Շուրջ երկու տարի է, ինչ փառատոնը ընդլայնել է իր շրջանակները: Այս տարի, բացի մոնոներկայացումներից, հանդիսատեսի դատին կներկայացվեն նաև ավելի մեծ կտավի գործեր:

Այս տարի փառատոնի շրջանակներում հանդես են գալու թատերախմբեր` Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Վրաստանից և Իրանից:

Փառատոնի գլխավոր աջակիցներն են Երևանի քաղաքապետարանը, ՀՀ Մշակույթի նախարարությունը, ինչպես նաև «Արմավիա» ավիաընկերությունը:

Փառատոնի շրջանակում առանձին ծրագրով նախատեսված են նաև Ալեքսանդր Կալյագինի «Ուբյու թագավոր» և Իրինա Բրուկի «Դոն Կիխոտ» ներկայացումները: Վերջինս կինոյի և թատրոնի հայտնի ռեժիսոր Փիթեր Բրուկի և դերասանուհի Նատաշա Պարիի դուստրն է:

Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնում իր ներկայությամբ կպատվի Լեհաստանի Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Անջեյ Ժուրովսկին, ով կներկայացնի Շեքսպիրյան ներկայացումների տեսագրությունների ցուցադրություններ` իր մեկնաբանություններով:

Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը նախկինում կոչվում էր «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոն: «Արմմոնո» առաջին փառատոնը տեղի է ունեցել 2003թի սեպտեմբերի 24-30-ը Երևանում:

2005թ. «Արմմոնո»-ն վերանվանվեց «Մոնոներկայացումների շեքսպիրյան միջազգային թատերական փառատոն»: Այդ փառատոնին ներկայացվեցին 14 բեմադրություն, որոնք բոլորն էլ հիմնված էին Շեքսպիրի պիեսների վրա: Մասնակիցները 8 երկրներից էին` Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ռուսաստան, Շվեյցարիա, Թուրքմենստան, Իրան, Լեհաստան և Հայաստան:



Դիտվել է 1592 անգամ:
Print Friendly

Leave a Reply