Երևանը կհայտնվի բախումների կիզակետում

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | July 3, 2011 15:10

Հայաստանը կններգրավվի հանդբոլի միջազգային նոր լիգայում, և մեր երկրի ներկայացուցիչները մեծ հանդբոլի անմիջական ականատեսը կդառնան: Օրերս Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են ԱՊՀ երկրների հանդբոլի ֆեդերացիաների նախագահները: Հայաստանից ներկա է եղել մեր երկրի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը:

Նպատակ կա ստեղծել հանդբոլի նոր լիգա: Ինչպես հայտնի է, գործում է տափօղակով հոկեյի միջազգային լիգա, որին մասնակցում են ԱՊՀ, բալթյան, նաև  Եվրոպական այլ երկրներ: Այդ ծրագիրն իրականացնողներն առաջարկել են  նույնանման լիգա ստեղծել նաև հանդբոլում: Ընդ որում, նախատեսվում է, որ դրան միանան նաև ԱՊՀ և բալթյան երկրներին սահմանակից այլ պետությունների ներկայացուցիչներ: Մասնավորապես, Հայաստանը հնարավորություն կունենա հրավիրելու Իրանի ներկայացուցիչներին` մասնակցելու նոր ծրագրին, Ռուսաստանը` Ֆինլանդիայի և այլն: Մասնակից բոլոր երկրների պատվիրակներն էլ  նախնական հավանություն են տվել նոր նախաձեռնությանը: Հավանականությունը մեծ է, որ այս մտահղացումը կիրականացվի:

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահն այն կարծիքին է, որ այն երկրների համար, որոնցում հանդբոլը նոր է սկսել առաջընթաց ունենալ, դեռևս համեմատաբար թույլ է, այդպիսի լիգա ունենալն ուղղակի հայտնություն է: Փաստորեն, հնարավորություններ են ստեղծվելու ավելի շատ թվով միջազգային հանդիպումների մասնակից դարձնելու խաղացողներին, մրցակցական փորձն ավելացնելու, մարզասերներին հանարավորություն տալու  բարձրակարգ խաղացողներով համալրված թիմերի մրցամարտերի հետևելու, ի վերջո, հանդբոլն էլ ավելի մասսայականացնելու, զարգացնելու:

Նախատեսվում է, որ այդ մրցաշարը շարունակվելու է ամբողջ տարվա ընթացքում: Ներկայումս դեռ հստակեցված չէ, թե  լիգան ինչպիսի ձևաչափ է ունենալու, այն գործելու է ակումբների՞, թե՞ հավաքականների մակարդակով: «Մոսկվայում հրավիրված խորհրդակցության ժամանակ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն առաջիկա երեք ամիսներին զբաղվելու է լիգայի հիմնադրման նախապատրաստական աշխատանքով: Պետք է  հաշվի առնվեն տարբեր երկրների հանդբոլի ֆեդերացիաների առաջարկները, ստեղծվեն կանոնադրության, մրցումների անցկացման կանոնակարգի  նախագծեր: Անհրաժեշտ է, որ պատրաստվի միջոցառման խորհրդանիշը,  դրոշը, հիմնը և այլն: Մեծածավալ աշխատանք է սպասվում:

«Ի դեպ, ամենայն հավանականությամբ, հաջորդ խորհրդակցությունը կանցկացվի Հայաստանում: Չի բացառվում, որ հանդբոլի նոր լիգայի հիմնման բոլոր կարևոր համաձայնությունները կայացվեն և ստորագրվեն Երևանում»,- ասաց Գրիգորյանը:

Դեռևս պարզ չէ, թե երբվանից կանցկացվի լիգայի մրցաշարը: Այնպես որ շատ բան կախված է երևանյան հանդիպումում ընդունվելիք որոշումներից: Լիգայի ստեղծումը բարդ աշխատանք է: Անհրաժեշտ է ունենալ համապատասխան բիզնես-ծրագիր: Բանն այն է,  որ միջմայրցամաքային մրցումներ են անցկացվելու: Այնպես որ խոշոր ֆինանսական ներդրումներ են պահանջվելու:

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահը չթաքցրեց, որ Հայաստանի գործարարներին գովազդը գրեթե չի հետաքրքրում, քանի որ մեծ մասը մենաշնորհային բիզնես ունի: Նրանք շահագրգռված չեն, որ մեր երկրում իրենց բիզնեսի մասին  քարոզչություն կատարվի: Սակայն պատկերը լիովին փոխվում է, երբ գովազդելու հարց է առաջանում ԱՊՀ  և բալթյան, Եվրոպայի, Ասիայի երկրներում: Այդ պարագայում  հավանականությունը մեծ է, որ գործարարների շահագրգռվածությունը բարձրանա: «Նոր լիգայի ստեղծման կազմկոմիտեի  Ռուսաստանի ներկայացուցիչն անթաքույց նշեց, որ այդ մասին չպետք է մտահոգվել, քանի որ միայն Ռուսաստանում մեծ թվով գործարարներ պատրաստ կլինեն հանուն գովազդի աջակցելու նոր ձեռնարկին: Բանն այն է, որ նոր լիգան հզոր դաշտ է ունենալու: Մասնավորապես, լիգայի հանդիպումները հեռարձակվելու են:  Ուստի նշանակություն չի ունալու, թե ովքեր են լինելու ֆինանսավորողները:

Կազմակերպիչներն ի սկզբանե ամեն մանրուք հաշվի են առել: Նրանք քաջատեղյակ են, որ Հայաստանի գործարարներն իրենց արտադրանքի գովազդի հարցում մեծ ոգևորություն չեն դրսևորում: Այդուհանդերձ, պետք է փորձենք հովանավորներ գտնել Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների շարքերում: Ինչ վերաբերում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի անելիքին, ապա նա պարտավորություն է ստանձնել մինչև  աշնանային խորհրդակցությունը պատրաստել հանդբոլի նոր լիգայի տարբերանշանի, դրոշի  նախագծերը»,- ասաց Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահը:

Ընդ որում, հանդբոլի նոր լիգայի ստեղծմամբ շահագրգռված են բոլորը: Մասնավորապես, բալթյան  երկրների ներկայացուցիչները, հոկեյի միջազգային լիգայի դրական փորձը նկատի ունենալով, պատրաստակամություն են հայտնել ամենայն աջակցություն դրսևորել, որ նույն բանն արվի նաև հանդբոլում: Ի դեպ, խորհրդակցության ժաամանակ  որոշվել է չդիմել միջազգային հայտնի ֆիրմաների օգնությանը, այլ ապավինել միջին  բիզնեսի հովանավորների ուժերին: Միջին բիզնեսը լուրջ գովազդի կարիք ունի: Այնպես որ կարելի է ակնկալել, որ Հայաստանի գործարարներն էլ այս առումով շարժվեն տեղից:

Ինչ վերաբերում է այն հարցին` լիգան ակումբայի՞ն, թե՞ հավաքականների մակարդակով է լինելու, ապա դա Հայաստանի համար էական նշանակություն չունի: Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ռուսաստանում, Ֆրանսիայում և այլ երկրներում մեծ թվով բարձրակարգ հայ հանդբոլիստներ կան, հարց է բարձրացրել, որ ընդհանրապես սահմանափակումներ չկիրառվեն թիմերում նրանց ընդգրկելու հարցում: Առաջարկվել է լիգայում ընդգրված երկրների մարզիկներին թույատրել խաղալ լիգայի մասնակից ցանկացած թիմում: Այնպես որ հնարավոր է` Հայաստանի հավաքականում կամ ակումբում ընդգրկվեն հանդբոլիստներ Ռուսաստանից, Ֆրանսիայից և այլ երկրներից, եթե նրանք չեն խաղում որևէ հավաքականում կամ թիմում: Թե ինչպես կլուծվի այդ հարցը, դեռ պարզ չէ, քանի որ Բելառուսի ներկայացուցիչը հակառակն է պնդել: Նա դժգոհել է, որ իրենց երկրի հանդբոլիստները, օգտվելով երկքաղաքացիությունից, հանդես են գալիս ռուսական հարուստ ակումբներում:

Ինքնին հարց է ծագում, թե հանդբոլի նոր լիգայի ստեղծմանն ինչպես կարձագանքի Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիան: Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահը կարծում է, որ հնարավոր է` դժգոհություն լինի, սակայն ընդհանուր առմամբ վերաբերմունքը դրական կլինի: Դա բացատրվում է նրանով, որ սա նախաձեռնում են ոչ թե ակումբները, այլ տարբեր երկրների  հանդբոլի ֆեդերացիաները, և այդ ամենը նրանց հովանու ներքո է արվելու: Իսկ հանդբոլի Եվրոպայի, միջազգային ֆեդերացիաները հնարավորն անում են, որպեսզի այդ մարզաձևի տարբեր երկրների ֆեդերացիաները նախաձեռնություններ դրսևորեն, հզորանան:

Նախատեսվում է, որ երևանյան խորհրդակցությանը կմասնակցի նաև Հանդբոլի Եվրոպայի ֆեդերացիայի ղեկավարությունը: Ի դեպ, խնդիրը միայն Եվրոպայի ֆեդերացիայի հետ չի կապված, լինելու են նաև երկրներ Ասիայի հանդբոլի ֆեդերացիայից, սակայն որևէ անլուծելի հարց չի կարող լինել: Այդուհանդերձ, ասվեց, որ այդ բոլոր բախումների կիզակետը Երևանում է լինելու: Իսկ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան բոլորի հաշտարարն է դառնալու:


Դիտվել է 1780 անգամ:
Print Friendly

Leave a Reply