Բարեփոխված կենսաթոշակային համակարգ. ի՞նչ է սպասում մեր քաղաքացիներին

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | July 5, 2011 14:06

Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանն անցել է կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգին:  ԱՄՆ ՄԶԳ կենսաթոշակային հարցերով իրավախորհրդատու Ստելլա Միքայելյանն ասում է, որ առ այսօր որևէ մեկը ցանկություն չի հայտնել միանալու այդ համակարգին: «Քանի որ այսօր Հայաստանում մարդու կյանքն ապահովագրող ընկերություն չկա, որը կպարտավորվի մարդուն իր ներդրած գումարի դիմաց ցկյանս թոշակ վճարել,- ասում է նա,- այդ հարցը այսօրվա վիճակով օրակարգից դուրս է»:

Արդեն 7-8 տարի է, որ Հայաստանում մշակվում, քննարկվում և լրամշակվում է «Կենսաթոշակային բարեփոխումների մասին» օրենքը, որը խորհրդարանը հաստատեց անցյալ տարի:

Կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը կառավարությունը բացատրում է նրանով, որ գործող համակարգը քաղաքացիների համար արժանապատիվ ծերություն չի ապահովում: Այսօր 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող քաղաքացին ստանում է մոտ 25 հազար դրամ թոշակ, քանի որ թոշակը վճարվում է` բազային նվազագույն 10.500 դրամի վրա` յուրաքանչյուր տարվա համար 450 դրամ ավելացնելով: Իսկ նորացված  համակարգում քաղաքացին, փաստորեն, հնարավորություն ունի ստանալու ավելի բարձր թոշակ` դրա համար հատկացված գումարները ներդնելով մասնավոր կուտակային ֆոնդերում:

Հայաստանի հասարակությունը համարվում է ծերացող, քանի որ երկու խնդիր կա. բարձր է միգրացիայի մակարդակը, և ցածր է ծնելիությունը: Միքայելյանն ասում է, որ այսօր Հայաստանը չի ապահովում պարզ վերարտադրություն: «Մեզ մոտ ծնելիության գործակիցը 1.55 է, մինչդեռ պարզ վերարտադրությունը 2.1 պետք է լինի,- ասում է նա,- իսկ աճ կլինի 2.65-ի դեպքում»:

Պաշտոնական տվյալներով` Հայաստանում 1 մլն զբաղվածների 50%ը գյուղացիներ են և ազատված են սոցվճարներից, և ըստ հաշվարկների` մեկ կերակրողին հասնում է 0.94 աշխատող, մինչդեռ պետք է լիներ 1.7: Հայաստանի 521 հազար թոշակառուներին կերակրում է 478 հազար աշխատող քաղաքացի:

Նոր կենսաթոշակային համակարգը տարբեր բաղադրիչներ ունի, որոնք կիրառվելու են տարբեր տարիներից սկսած: Ու եթե կամավոր կուտակային բաղադրիչի մեկնարկն այս տարի էր, ապա պարտադիր կուտակային բաղադրիչը կներդրվի 2014 թ. սկսած, իսկ 2013-ից կգործի միասնական եկամտահարկը:

Եթե այժմ քաղաքացին իր եկամտից վճարում է 10%, ինչպես նաև սոցվճար, ապա նոր համակարգում դրանք միանում են իրար և կազմում են 24-26%` կախված աշխատավարձի չափից: Այս եկամտահարկը գանձվում է աշխատողի աշխատավարձից: Գործատուներն ընդհանրապես ազատվում են աշխատողի համար որևէ գումար վճարելուց, նրանք ընդամենը կատարում են հարկային գործակալի դեր և աշխատավարձը վճարելիս աշխատողի փոխարեն հաշվում և բյուջե են փոխանցում 24-26% եկամտահարկը:

Ծրագրի ավագ իրավախորհրդատու Արսեն Մանուկյանն ասում է, որ սրա  շնորհիվ գործատուներն աշխատողի ամբողջ աշխատավարձի իրական չափը չեն թաքցնի, քանի որ դրանից իրենք պետությանը հարկ չեն տալու. ամբողջն ընկնում է քաղաքացու վրա: Սակայն այս դեպքում էլ գործատուն պետք է բարձրացնի աշխատավարձը, քանի որ նախկինում 100 հազար դրամ ստացող աշխատողը նույն գումարի դեպքում նոր համակարգում պետք է 30 հազարի չափ հարկ տա, և բնական է, որ չի համաձայնի 70 հազարով աշխատել, երբ նախկինում 100 հազար էր ստանում: «Սա նշանակում է, որ աշխատաշուկայում գները կփոփոխվեն, և նոր կարգավորումներ կլինեն»,- ասում է Մանուկյանը:

Պարտադիր կուտակային համակարգը, որ ներդրվելու է 2014-ից, պահանջում է, որ քաղաքացին իր եկամտից ևս 5% վճարի, որն էլ գնալու է նրա անձնական հաշվին: Որպեսզի պետությունը քաղաքացուն շահագրգռի անելու այդ ներդրումը, իր կողմից պետք է քաղաքացու հաշվին ավելացնի 5%: Ստացվում է, որ քաղաքացին իր անձնական հաշվին ծերության համար կուտակելու է 10% իր եկամտից, մնացած 24-26%ը գնալու է բյուջե և ծառայելու է պետության կարիքների բավարարմանը, այդ թվում` այն քաղաքացիների թոշակներին, ովքեր աշխատունակ չեն, հաշմանդամություն ունեն և այլն:

Ամբողջ հարցն այն է, որ այդ 5% գումարը քաղաքացին ներդնում է մասնավոր կենսաթոշակային ֆոնդում, որը վերահսկվում է պետության կողմից Կենտրոնական բանկի միջոցով, սակայն այդ գումարները ներդրվելու են մասնավոր ընկերություններում, որոնք պետք է բավարարեն օրենքով սահմանված պահանջները:

Այդ մասնավոր ֆոնդերը լինելու են երեք տեսակի, որոնք տարբերվում են ռիսկայնության աստիճանով` հավասարակշռված, պահպանողական և կայուն: Աշխատողն իր ընտրությամբ կարող է կենսաթոշակային վճարը կատարել այս երեքից որևէ մեկում: Ընտրությունից կախված` նրա թոշակի չափը կավելանա, բայց տարբեր կարող է լինել ռիսկի աստիճանը:

Հավասարակշռված ֆոնդում կենսաթոշակային վճարումների կեսը ներդրվում է արժեթղթերով (վաուչեր), մյուս կեսը` պարտատոմսերով (աբլիգացիա): Այս ֆոնդը ամենառիսկայինն է, քանի որ արժեթղթերը կարող են արժեզրկվել: Պահպանողական ֆոնդը քաղաքացու գումարների 75%-ը ներդնում է պարտատոմսերում և 25%-ը` արժեթղթերում: Ամենաքիչ ռիսկը կայուն ֆոնդում է, որը արժեթղթեր գնելու իրավունք չունի:

Սակայն պետությունն իր բյուջեով 80%-ով երաշխավորում է քաղաքացու 10% խնայողությունը, իսկ մնացած 20%-ը` երաշխիքային ֆոնդը, որի կառավարման կարգն ու պայմանները սահմանվում են պետության կողմից:

Քաղաքացիների գումարների շրջանառությամբ զբաղվող կուտակային ֆոնդի գործառույթ ստանձնելու ցանկություն են հայտնել Հայաստանի բոլոր 21 բանկերը: Պահանջվող պայմաններին բավարարող ցանկացած վարկային կազմակերպություն ևս կարող է դառնալ կուտակային ֆոնդ, որտեղ քաղաքացիները կներդնեն իրենց խնայողությունները:

Մասնավոր կուտակային ֆոնդերը քաղաքացիների գումարները շրջանառության մեջ դնել կարող են միայն պետության կողմից սահմանված կարգին համապատասխանող ընկերություններում, որոնք հիմնականում լինելու են դրսի ընկերություններ: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը, որը դեմ էր կենսաթոշակային բարեփոխումների այս ծրագրին, որպես հակափաստարկ բերում էր այն, որ դա երկրից գումարներ դուրս հանելու փորձ է:

Նոր համակարգը տարիքային սահմանափակում ունի. համակարգին անցնում են 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնված քաղաքացիները, իսկ մինչև այդ ժամկետը ծնված քաղաքացիների թոշակների վճարումները կիրականացվեն հին, այսինքն` ներկայումս գործող համակարգով: Սակայն այդ քաղաքացիներն իրենց կամավոր ցանկությամբ կարող են միանալ նոր համակարգին, միայն թե պետությունը նրանց ներդրած 5%-ի  դիմաց ևս 5% չի դնի, ինչպես նաև նոր համակարգին միանալու դեպքում նա այլևս հետընտրություն կատարելու հնարավորություն չի ունենա:

Ինչպես հին, այնպես էլ նոր կենսաթոշակային համակարգով ամեն տեսակի վճարումներից ազատված են ԴԱՀԿ, զինվորական, ՔԿՀ աշխատողները:

Բարեփոխված կենսաթոշակային համակարգի դեպքում Հայաստանի թոշակի անցած քաղաքացին, եթե որոշի ապրել արտասահմանում, կարող է իր թոշակն այնտեղ ստանալ, քանի որ այդ 10%-ն իր անձնական գումարն է, որը պետությունը կփոխանցի նրան, իսկ հիմա այդ հնարավորությունը չկա:

Կուտակային կենսաթոշակային ֆոնդի մոդելն աշխարհում կիրառվում է 30 երկրներում, դրան միացել են նախկին խորհրդային տարածքի և Հարավային Ամերիկայի երկրները, որոնք մոդելը գործարկում են մոդիֆիկացնելով` կախված իրենց երկրի առանձնահատկություններից:

 

 

 

Դիտվել է 2195 անգամ:
Print Friendly

Leave a Reply