Մինչ հայերը բնակեցնում են ռուսական տայգան, հայկական ազատագրված տարածքները սպասում են վերաբնակեցման

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | հուլիսի 2, 2011 14:00

Կալինինգրադի 15-հազարանոց հայ համայնքը համալրվել է ևս 204 ընտանիքով, որոնք Հայաստանը լքել են ռուսական «Հայրենակիցներ» վերաբնակեցման ծրագրով: Այս ծրագիրը Հայաստանում գործում է 2007-ից: Այս տարվա մայիսի 15-ի դրությամբ ծրագրին Հայաստանից  դիմել է  25 998 մարդ, մասնակցության թերթիկ տրվել է 2919 մարդու (այսինքն` այսքան ընտանիքի): Դրական որոշում է կայացվել 1216 մարդու դեպքում: Հայաստանից արդեն մեկնել է 626 ընտանիք կամ 1508 մարդ:

Մեկնածների 32,5 տոկոսը կամ 204 ընտանիք հաստատվել է Կալինինգրադում, երկրորդ տեղում Լիպեցկի մարզն է, ուր հաստատվել է  Հայաստանից մեկնած  86 ընտանիք կամ 13,7 տոկոսը: 64 ընտանիք էլ (10,2 տոկոսը) հաստատվել է Կալուգայում: Մնացած 272 ընտանիքները հաստատվել են Ռուսաստանի մնացած սուբյեկտներում:

Ռուսական «Հայրենակիցներ» ծրագիրն իրականացվում է նախկին ԽՍՀՄ և ցարական Ռուսաստանի ողջ տարածքում: Ծրագրին կարող են մասնակցել այն անձինք (իրենց ընտանիքներով), ովքեր իրենց համարում են ռուս, ծնվել են նախկին Խորհրդային Միության հանրապետություններում: Իսկ ծրագրի նպատակներն այսպես են ձևակերպված. «Պետական ծրագիրը կնպաստի Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը, ինչն անհնար է առանց դեմոգրաֆիական իրավիճակի արմատական փոփոխության, որն այսօր բնորոշվում է բնակչության արտահոսքով Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներից, բնակչության ընդհանուր թվաքանակի, այդ թվում և աշխատունակ տարիքի  կրճատմամբ»:

Ծրագրի մասնակիցներին միգրացիոն ծառայությունում համապատասխան խորհրդատվություն է տրվում` կողմնորոշելու, թե ՌԴ որ մարզում իր մասնագիտությանը համապատասխան աշխատանք կա:

Վերաբնակեցման ենթակա տարածքները 3 խմբի են բաժանվում` Ա խմբում  սահմանամերձ ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներն են, որտեղ բնակչության թիվը նվազում է (Կալինինգրադն Ա խմբի տարածքներից է): Այս բնակավայրերում հաստատվողներին կտրվի նաև ամենամսյա նպաստ, եթե հանկարծ չկարողանան աշխատանք գտնել: Բ խմբում այն բնակավայրերն են, որտեղ խոշոր ներդրումներ են կատարվել, և որակյալ աշխատուժի պակաս կա: Գ խմբում էլ այն բնակավայրերն են, որոնք կայուն սոցիալ-տնտեսական զարգացում ունեն, սակայն վերջին տարիներին նկատվում է բնակչության թվաքանակի նվազում:

Եթե ծրագրի մասնակիցները ՌԴ-ում բնակություն հաստատելուց հետո 2 տարվա ընթացքում լքեն երկիրը, ստիպված կլինեն վճարել պետության կողմից իրենց համար կատարված բոլոր ծախսերը:

Ծրագիրը երաշխավորում է վճարել մասնակիցների տեղափոխման ծախսերը, ապահովել համապատասխան փաստաթղթերով, միանվագ նպաստ, Ա խմբի դեպքում` նաև ամենամսյա նպաստ աշխատանք կամ եկամուտ չունենալու պարագայում:

Երբ փորձեցինք ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալությունից ճշտել, թե ինչպես կարող է ժողովրդագրական խնդիր ունեցող Հայաստանում նման ծրագիր իրականացվել, նշեցին, որ իրենք ծրագրի հետ որևէ առնչություն չունեն, ոչ էլ միջամտելու իրավասություն ունեն. ընդամենը հետևում են միգրացիոն հոսքերին:

Միգրացիոն գործակալության միգրացիոն քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Վահան Բախշեթյանն ասում է, որ տարեկան 20-30 հազար մարդ է լքում Հայաստանը, այս  համատեքստում 1500 մարդը փոքր թիվ է, ուստի ծրագրի շուրջ բարձրացված աղմուկն էլ չափազանցված է. «Այս թիվը միգրացիոն հոսքերում մեծ դեր չի խաղում»:

Միգրացիոն գործակալությունից նաև նշեցին, որ իրենք հայրենադարձության ծրագրերով չեն զբաղվում. դա սփյուռքի նախարարության իրավասությունն է:

Սփյուռքի նախարարության հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Արման Եղիազարյանն «Անկախին» տեղեկացրեց, որ հայրենադարձության որևէ ծրագիր դեռևս չի իրականացվում, ուստի չկան նաև ծրագրի շնորհիվ հայրենիք վերադառնալու դեպքեր. 2010-ի դեկտեմբերին կառավարությունը հաստատել է հայրենադարձության հայեցակարգը, որից հետո մշակվում է «Հայրենադարձության մասին» օրենքի նախագիծը: Երբ օրենքն ընդունվի, այն ժամանակ էլ սփյուռքի նախարարությունը կկարողանա հայրենադարձությունը խթանելու ծրագրեր իրականացնել: Բայց մեկ այլ հարց է առաջանում. ի՞նչ կարող են առաջարկել սփյուռքի մեր հայրենակիցներին Հայաստանում հաստատվելու համար: Եթե առաջարկելու բան լիներ, հայաստանաբնակ ընտանիքները ռուսական «Հայրենակիցներ» և նման այլ ծրագրերով չէին մեկնի արտերկիր, այլ իրենց հայրենիքում կաշխատեին ու կապրեին:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, անդրադառնալով միգրացիայի հարցին, նշում է, որ կարևոր է ոչ թե այն, թե քանի մարդ է հեռացել, այլ այն, թե մեկնածները որ տարիքային խմբի ներկայացուցիչներ են: Նրա խոսքով` արտագաղթած միլիոնի համեմատությամբ 1500-ը կաթիլ է ծովում,  խնդիրն այն է, որ հեռանում են երիտասարդները, որոնք  որակյալ կրթություն ունեն. «Ստացվում է, որ որակյալ աշխատուժ ենք պատրաստում արտերկրի համար»:

Սոցիոլոգը նշում է, որ ժամանակակից աշխարհում, երբ երկիրն ընդգրկված է տարբեր միջազգային կազմակերպություններում ու գործընթացներում, սահմանները պետք է բաց լինեն թե՛ ֆինանսական հոսքերի, թե՛ մարդկանց համար:  Պետական մակարդակով պետք է քայլեր ձեռնարկվեն մարդկանց նորմալ կենսապայմաններ ապահովելու համար, որպեսզի Հայաստանի քաղաքացիները ոչ թե այլ երկրում հաստատվեն հանուն աշխատանքի, այլ արտերկրում ապրող մեր հայրենակիցները հայրենիք վերադառնան: Ադիբեկյանը նշում է, որ լավագույն մասնագետների արտահոսք տեղի է ունեցել նաև 90-ականների սկզբին. եվրոպական մի շարք երկրներ նույնպես նման ծրագրեր են իրականացրել: Այժմ կովկասցիները շատ են արտագաղթում դեպի Ռուսաստան, իսկ «հայերի համար Ռուսաստանը դարձել է երկրորդ հայրենիք»:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն ասում է, որ միգրացիան երկու հիմնական դրդապատճառ ունի. մարդիկ աշխատանք չունեն, ելք են որոնում և  երկրորդ` հասարակական արդարություն են փնտրում, Հայաստանում հեռանկար չեն տեսնում: Քաղաքագետը նշում է, որ Ռուսաստանն անում է այն, ինչ իր շահերն են թելադրում, և նեղանալու հարց չկա. պետությունը հասարակության մեջ այնպիսի գիտակցություն պետք է ձևավորի, որ անգամ աղքատության մեջ չլքեն հայրենիքը. «Մեկնածները ժամանակի ընթացքում կուծացվեն, ռուսական կաթսայի մեջ բոլորն էլ ձուլվելու են»:

Շիրինյանը մարդկանց արտահոսքին անտարբեր նայելը հանցագործություն է համարում: Ըստ նրա` փոխանակ թույլ տալ, որ հայերը բնակեցնեն ռուսական տայգան, մարդկանց հոսքը պետք է ուղղել դեպի ազատագրված տարածքներ. «Շտապ պետք է միջոցներ հայթայթել և ազատագրված տարածքների վերաբնակեցման ծրագիր իրականացնել»: Քաղաքագետի կարծիքով, եթե օրենք և արդարություն ապահովվի, հայ աշխատավորը կարարի ու ապրուստ կստեղծի իր համար հենց հայրենիքում, ոչ թե օտարի հողում: Պետական ծրագրի իրականացմանը կարող են նպաստել նաև լրատվամիջոցները` համապատասխան գաղափարը տարածելով:

Մինչ պետական մակարդակով համապատասխան քայլեր կձեռնարկվեն, Հայաստանը դեմոգրաֆիական պայքարը տանուլ է տալիս, իսկ հայերն էլ շարունակում են լքել Հայաստանը. 2008-ին  Հայաստանից հեռացել է  23 059 մարդ, 2009-ին` 24 978, 2010-ին` 29 860 մարդ:

 

 

 

Դիտվել է 2890 անգամ:

Leave a Reply