Ինչպե՞ս է կատարվում խուզարկությունը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | July 4, 2011 7:00

Կյանքում քիչ չեն դեպքերը, երբ քաղաքացին կամ նրա բնակարանը պետք է խուզարկվի: Սակայն դրա օրինականությունը պարզելու համար անհրաժեշտ է իմանալ, թե ով այդպիսի որոշում կայացնելու իրավունք ունի, և այդ գործընթացն ինչպես է կազմակերպվում:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ գլուխը նվիրված է խուզարկությանն ու առգրավմանը: Խուզարկություն կատարելու համար լիազորված անձը պետք է ունենա որոշ հիմքեր: Նույն օրենսգրքի 225-րդ հոդվածի  համաձայն` «քննիչը, բավարար հիմքեր ունենալով ենթադրելու, որ որևէ շենքում կամ այլ տեղ կամ որևէ անձի մոտ գտնվում են հանցագործության գործիքներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նաև այլ առարկաներ և փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, խուզարկություն է կատարում դրանք գտնելու և վերցնելու համար: Խուզարկություն կարող է կատարվել նաև հետախուզվող անձանց, հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց, ինչպես նաև դիակները հայտնաբերելու համար: Բնակարանի խուզարկությունը կատարվում է միայն դատարանի որոշմամբ»:

Քննիչն իրավունք ունի մուտք գործելու բնակելի կամ այլ շինություն` խուզարկություն կատարելու մասին որոշման հիման վրա: Բանկային, նոտարական գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար խուզարկությունը կամ առգրավումը կատարվում է դատարանի որոշմամբ: Խուզարկություն կամ առգրավում կատարելուց առաջ քննիչը պարտավոր է այն անձին, որի մոտ կատարվում է խուզարկություն կամ առգրավում, ծանոթացնել որոշմանը: Այդ մասին նրանից վերցվում է ստորագրություն:

Խուզարկությունը կատարվում է ընթերակաների մասնակցությամբ: Անհրաժեշտության դեպքում խուզարկությանը մասնակցում են թարգմանիչ և մասնագետ: Խուզարկություն կատարելիս պետք է ապահովվի այն անձի և նրա ընտանիքի չափահաս անդամի ներկայությունը, որոնց մոտ կատարվում է խուզարկությունը: Նրանց ներկայությունն անհնարին լինելու դեպքում հրավիրվում է բնակարանային շահագործման կազմակերպության կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչ: Այն անձինք, որոնց մոտ կատարվում է խուզարկություն, ինչպես նաև ընթերակաները, մասնագետները, թարգմանիչները, ներկայացուցիչները, պաշտպաններն իրավունք ունեն ներկա գտնվելու քննիչի բոլոր գործողություններին, անելու հայտարարություններ, որոնք պետք է մտցվեն արձանագրության մեջ: Քննիչն իրավունք ունի խուզարկության կամ առգրավման վայրում գտնվող անձանց արգելելու մինչև քննչական գործողության ավարտը հեռանալ այդ տեղից, ինչպես նաև հաղորդակցություն ունենալ միմյանց և այլ անձանց հետ:

Խուզարկություն կատարելիս որոշումը ներկայացնելուց և հրապարակելուց հետո քննիչն առաջարկում է հանձնել առգրավման ենթակա առարկաները և փաստաթղթերը կամ թաքնված անձին: Եթե դրանք հանձնվում են կամովին, ապա այդ մասին նշվում է արձանագրության մեջ: Որոնվող առարկաների, փաստաթղթերի կամ թաքնված անձի չհանձնվելու կամ ոչ ամբողջությամբ հանձնվելու դեպքում կատարվում է խուզարկություն: Վերցված բոլոր առարկաները և փաստաթղթերը ներկայացվում են քննչական գործողության մասնակիցներին, մանրամասն նկարագրվում են արձանագրության մեջ, իսկ անհրաժեշտության դեպքում` կնքվում քննիչի կնիքով: Խուզարկություն և առգրավում կատարելիս քննիչն իրավունք ունի բացելու փակված շինություններն ու պահեստարանները, եթե դրանց տերը հրաժարվում է կամովին բացել դրանք: Ընդ որում, պետք է խուսափել փականքները, դռները և այլ առարկաներն առանց անհրաժեշտության վնասելուց:

Քրեական դատավարության մեջ տարբերում են նաև անձնական խուզարկությունը: Շինությունում խուզարկություն կատարելիս, բավարար հիմքերի առկայության դեպքում, քննիչը կարող է կատարել անձնական խուզարկություն և վերցնել այդտեղ գտնվող անձի հագուստի մեջ, իրերում կամ մարմնի վրա գտնվող առարկաները և փաստաթղթերը, որոնք գործով կարող են ունենալ ապացուցողական նշանակություն: Անձնական խուզարկությունը, առանց այդ մասին որոշում կայացնելու, կարող է կատարվել`

1) հանցագործության մեջ կասկածվողին բռնելիս և ոստիկանություն կամ այլ իրավապահ մարմին բերելիս.

2) հանցագործության մեջ կասկածվողին ձերբակալելիս և մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելիս.

3) երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ այն շինությունում գտնվող անձը, որտեղ խուզարկություն է կատարվում, իր մոտ կարող է թաքցնել փաստաթղթեր կամ այլ առարկաներ, որոնք գործով կարող են ունենալ ապացուցողական նշանակություն:

3. Անձնական խուզարկությունը կարող է կատարվել քննիչի կողմից` խուզարկվողի հետ նույն սեռի ընթերակաների և մասնագետի մասնակցությամբ:

Խուզարկությունը և առգրավումն ավարտելիս քննիչը կազմում է համապատասխան արձանագրություններ, որոնց մեջ պետք է նշվեն քննչական գործողության կատարման տեղը, ժամանակը, հանգամանքները, արդյոք կամովին են հանձնվել որոնվող առարկաները և անձինք, խուզարկություն կատարող անձի անունը, ազգանունը, պաշտոնը, ընթերակաների անունները, ազգանունները և հասցեները, ինչպես նաև քննչական գործողության այլ մասնակիցների անունները, ազգանունները, պաշտոնները և դատավարական կարգավիճակը:

Խուզարկության կամ առգրավման արձանագրության պատճենը ստորագրությամբ հանձնվում է այն անձին, ում մոտ կատարվում է քննչական գործողությունը, կամ նրա ընտանիքի չափահաս անդամներին, իսկ նրանց բացակայության դեպքում` այն բնակարանային շահագործման կազմակերպության կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչին, որի տարածքում կատարվել է քննչական գործողությունը:

 

 

Ավետիք Հարությունյան

 

Դիտվել է 2709 անգամ:
Print Friendly

Leave a Reply