Դալմայի այգիների ութնամյա ոդիսականը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | July 1, 2011 0:21

Դեռ 1931-ից մայրաքաղաքին հարող «Դալմայի այգի» կոչվող հողատարածքները Շահումյանի շրջանի 18 և19-րդ համագումարների անվան կոլտնտեսություններին էին պատկանում: Մինչև 1991 թ.:

Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, այդ հողատարածքներն անտերանտիրական դարձան: Կարճ ժամանակ անց կոլտնտեսության անդամներն այդ այգիների սեփականատերերը դարձան, բայց դա երկար չտևեց: Թե նրանց սեփականության իրավունքի որոշումը ում սրտովը չէր, որ այն փոխվեց վարձակալության իրավունքի, մինչ օրս հողօգտագործողների համար գաղտնիք է մնացել:

Գաղտնիքը գաղտնիք, բայց որ կգա մի օր,  երբ նույնիսկ վարձակալության իրավունքից էլ կզրկվեն, ոչ  ոքի մտքով չէր անցնում: Սկզբում 5, այնուհետև 10 տարի ժամկետով պայմանագրեր կնքվեցին: Մարդիկ  էլ որոշ ներդրումներով լուծեցին իրենց ընտանիքների հանապազօրյա հացի խնդիրը` չմտածելով, որ օրերից մի օր մի անկոչ ուղտ է չոքելու իրենց դռանը:  Բայց այսօր ո՞վ է սեփականության իրավունքին կամ պայմանագրին կարևորություն տալիս, երբ կա «պետության գերակա շահ» ասվածը:  Օրինակ` Կոտայքի մարզի Արտավազ գյուղի 100 բնակիչ սեփականության իրավունք ուներ, բայց դա ամենևին չխանգարեց, որ  մի օր նրանց սեփականությունը մի մեծահարուստի բաժին դառնար:

2004-ին  Դալմայի այգիների հողօգտագործողներն իմացան, որ իրենք այլևս հողատեր չեն, ու դա ոչ թե վատ երազ էր, այլ դառն իրականություն:

Համաձայն քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի, եթե մարդը 10 տարի անընդմեջ բարեխիղճ և բացահայտ օգտվում է պետության կամ համայնքային հողից, այդ հողի սեփականության իրավունք ունի: Կամ, ըստ հողային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ կետի, մինչև 6.05. 1999 թ. կնքված պայմանագրերն իրավական ուժ ունեն և ենթակա  են վերագրանցման: Այնպես որ օրենքն այդ մարդկանց կողմն է, ուրիշ հարց է, որ նույն այդ օրենքը չեն հարգում մեր պաշտոնյաներն ու մեծահարուստները: Մարդիկ հասկանալով, որ ի վերջո, անզոր են հողը  պահել, որ այլևս զրկվել են հանապազօրյա հացը վաստակելու իրավունքից, գոնե 1 քմ-ի դիմաց 10 դոլար փոխհատուցում վճարելու պահանջ ներկայացրին: Մեծ բան չէր նրանց ուզածը, այն դեպքում, երբ կառավարության 2004 թ. որոշմամբ` 1 քմ հողատարածքը գնահատվել է 40 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ  (տե՛ս կառավ. 18.03.2004 թ. թիվ 345 որոշումը):

Մութ ու ցուրտ տարիներին մարդիկ գիշեր-ցերեկ հսկել են այգիները, որ ծառերը չհատվեն կամ կրակի բաժին չդառնան: Եթե նախկինում  1800 հողօգտագործող է եղել, ապա այսօր 150-ն են մնացել: Այն մարդիկ, ում սիրտը ոչ միայն հողի, այլև երկրի վրա տաք չի եղել, չնչին փոխհատուցում ստանալով, հեռացել են երկրից կամ սուսուփուս մի կողմ են քաշվել: Հողի ու քարի հետ կռիվ տվող 150 ընդվզող  հողօգտագործող է այսօր մնացել ու արդեն 8 տարի է, ինչ  պայքարում է իր  իրավունքների համար, բայց սայլը տեղից այդպես էլ չի շարժվում: Առաջարկվող 2-5 դոլար գումարը նրանց չի գոհացնում, որովհետև նրանք համարում են, որ  ներդրում են  արել:

«2004-ի մի գեղեցիկ օր այգում նստած էինք, երբ  մի քանի «պարոններ» ժամանեցին ու մեզ «աչքալուսանք» տալով ասացին, որ այդ տարածքներն այլևս մեր սեփականությունը չեն, որ իրենք այն գնել են քաղաքապետարանից»,- ասում է 4200 քմ հողատարածք ունեցող Ջեմմա Կիրակոսյանը:

Հիշեցնենք, որ դա Երվանդ Զախարյանի քաղաքապետության շրջանն էր: Բանից անտեղյակ մարդիկ իմացան, որ իրենց հողերն արդեն աճուրդով վաճառել են: Հետո ի հայտ եկավ կառավարության թիվ19/41 որոշումը, ըստ որի` 150 հեկտար օտարվեց որպես գերակա շահ, պետության կարիքների համար: «Ի՞նչ է նշանակում գույք պարտքի դիմաց. հողը ուրիշին տալ: Նման որոշմամբ քաղաքապետարանն այդ հողերը  հատկացրել է Միջազգային բիզնես կենտրոնին, որը նույն Երվանդ Զախարյանի հորեղբոր տղան է` Խաչիկ Զախարյանը: Նա էլ վերցրել, կամաց-կամաց մեր հողերը վաճառել Է: Մի հողատարածքն արդեն երեք անգամ ձեռքից-ձեռք է անցել: Անդրանիկ Մարգարյանը, առանց ժողովրդի կարծիքը հարցնելու, 150 հա հողը օտարեց, իսկ Երվանդ Զախարյանն էլ ում ասես վաճառեց մեր հողատարածքները` մեզ միայն մի տրակտոր տալով, որն էլ մեր տարիների քրտինքը ջուրը լցրեց` մեր այգիները հողակույտերի վերածելով: Իմ ծնված տեղից ինձ օտարեցին, հիմա ասեք, ո՞ւր գնամ, Թուրքիա՞»,- վրդովված հարցնում է Հրազդան մարզադաշտի տարածքում ծնված Համբարձում Խաչատրյանը:

Այսօր այդ մարդկանց հողատարածքներում  նոր տերերը մի բազմահարկ էլիտար շենք են կառուցել ու վրան մեծ-մեծ տառերով գրել`«վաճառվում է», կողքին էլ մյուսի հիմքն են փորել: «Վաճառվում է հողատարածք» ցուցանակներ գտնելն այդ տարածքում դժվար գործ չէ, իսկ արժեքը կարող եք ցուցանակին փակցված հեռախոսահամարից  ճշտել: Մի՞թե սա էր պետության գերակա շահը:

Այն էլ ասենք, որ այստեղ տարբեր կարգի հողեր են: Օրինակ` Ջեմմայի հողատարածքը 6-րդ կարգի է, որի կադաստրային արժեքը 6960 դրամ է, իսկ շուկայականը` 300 դոլար:   Բայց, չգիտես ինչու, այդ մարդկանց փոխհատուցումը 1-5 դոլար է` ըստ կարգերի: Իսկ նրանց պահանջը գոնե10 դոլար էր: «Մեզ հասկացրին, որ քաղաքապետարանին մի փեշ փող ենք տվել, ձեզ էլ տալու բան չունենք»,-  ասում է Ջեմման:

Արդեն 8 տարի է, ինչ այդ մարդիկ, քուն ու դադար կորցրած, դռնեդուռ ընկած, արդարություն են փնտրում, երբ գիշեր-ցերեկ օրենքի ու օրինականության երկիր կառուցելու հավաստիացումներ են շռայլվում: Ինչու՞  խախտվեց ՀՀ Սահմանադրության 3-րդ  հոդվածը, ըստ որի` «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունը  բարձրագույն արժեքներ են…»: Եթե աճուրդ պիտի հայտարարվեր, ապա ինչո՞ւ գնման նախապատվությունն այդ հողօգտագործողներին չտրվեց` նրանց նախապես տեղեկացնելով: Հիմա այդ մարդիկ ի՞նչ անեն, ո՛չ հողը թողեցին իրենց, ո՛չ էլ փող են տալիս:

«Վերջերս քաղաքապետ Կարեն Կարապետյանի մոտ գնացինք: Ասացինք, որ ժողովուրդն արդեն հոգնել է, շատերը տարեց մարդիկ են, 5-6 մահ ենք տվել, մարդիկ չեն դիմանում, իմ ամուսինն էլ ինֆարկտի դուռն է հասել, հաշմանդամ դարձել պայքարի մեջ: 10 դոլար փոխհատուցում վճարելու պայմանավորվածություն ձեռք բերեցինք, բայց ո՞ւր է, երբ այսօր նորից 5 դոլար են առաջարկում»,- շվարած ասում է Ջեմման:

«Մեզ գերանդիով հնձեցին մեր հողից, իմ ծնողները 1933 թ. են գաղթել  Հայաստան: Կյանքի գնով այդ տարածքը մաքրեցինք  օձ ու կարիճների բներից, գեղեցիկ այգեստան դարձրինք, բայց մարդիկ եկան ու տիրացան թաքուն: Բավական չէ սեփականության իրավունքից զրկեցին,  միտումնավոր նաև ջուրը կտրեցին, հիմա էլ նորմալ փոխհատուցումը չեն տալիս»,-  ասում է 3000 քմ հողատարածք ունեցող Գոհար Սարգսյանը:- Քանի տարի է, ինչ  ծառատունկ են կազմակերպում, դուք լրագրող եք, տեսե՞լ եք, որ մի տնկած ծառ կանաչի, իսկ մեր այգիներում հաստաբուն ծառեր ունեինք: Իմ ընկուզենին երեք մարդ չէր գրկում, մի ծառը 10 հազար դոլար արժեր, 300 խաղողի վազ, 200-ից ավելի ծառ, ու այդ ամենն այնպես  անխղճորեն վարեցին, որ… Այդ ծառերը մեր խաչքարերն էին, որոնք կոտորեցին այս անգամ արդեն մեր «թուրքերը»:

Հիմա էլ մարդիկ հույսները նոր քաղաքապետի ու արդարադատության նախարարի հետ են կապում: Վերջինս նախագահականի մոտ ցույցի դուրս եկածներին խոստացել է ընդունել ու զբաղվել խնդրով: Թե ինչ կտան  այդ սպասումները, ժամանակը ցույց կտա:

Հավելեմ, որ դեռևս 2008 թ. հունիսի 11-13-ը Ռիգայում կայացած Օրհուսի կոնֆեդերացիայի նիստում ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովը անօրինական է ճանաչել մեր իշխանությունների` այդ մարդկանց նկատմամբ որդեգրած մոտեցումը:

 

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

 

Դիտվել է 2057 անգամ:
Print Friendly

Leave a Reply