Ինչո՞ւ են դեռահասներն ու երիտասարդները ինքնասպանություն գործում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | July 2, 2011 7:00

Մտահոգված են թե՛ հոգեբանները, թե՛ ոլորտի պատասխանատուները, թե՛ հոգևորականները

Գիտությունը չի կարողանում վերջնական եզրակացություն անել, թե անհատն ինչու է ցանկանում հրաժեշտ տալ իր կյանքին: Չնայած ինքնասպանությունը համարվում է գիտակցված գործողություն, հետազոտությունները փաստում են, որ անգամ հոգեկան հիվանդներն ինքնասպան են լինում ոչ թե իրենց հիվանդության պատճառով, այլ սոցիալական փոխհարաբերություններն ու կարգավիճակը կորցնելու, ինչպես նաև հասարակության մեջ իրենց միայնակ ու ոչ պիտանի մարդ զգալու հետևանքով:

Այսօր ինքնասպան են լինում հատկապես դեռահասներն ու երիտասարդները:

Երբ Արմենը 14 տարեկան էր, բակի տղաները ծաղրում էին նրան, ասում էին, որ ավելի շատ աղջկա է նման, հիմնականում աղջկական խաղեր է խաղում: «Ես այն ժամանակ չէի կարողանում ինքնահաստատվել բակում, չէի հարմարվում շրջապատին: Մի անգամ բարձրացա մեր շենքի կտուրն ու ցանկացա վերջ տալ կյանքիս, որովհետև ապրելն անիմաստ էր թվում. ես ընկերներ չունեի: Երբ շենքի բարձունքում էի, «ընկերներս» տեսան դա ու վազեցին հայտնելու ծնողներիս»,-պատմում է Արմենը: Վաղ պատանեկության տարիները նրան հիշեցնում են հոգեբույժների մռայլ սենյակները: «Ծնողներիս ասել էին` տղադ անբուժելի է, զգույշ եղեք: Իսկ հիմա ես արդեն լավ աշխատանք ունեմ ու շուտով կամուսնանամ: Ավելացնեմ նաև, որ բակում ինձ ծաղրող տղաներն այսօր դարձել են իմ լավ ընկերները»:

Իսկ համալսարանական Դիանա Գևորգյանը ցավով է հիշում ու պատմում, որ իր ընկերուհին հաճախ էր իրենց տուն գալիս ու ինքնասպանությունից խոսում: «Նա գալիս էր մեր տուն ու ասում, որ, ասենք, իր համար Աստված չկա, ինքը պատրաստ է կանգնել ցանկացած բարձրության վրա ու նետել իրեն, հաճախ էր ասում. «Ես ուզում եմ մեռնել»: Նույնիսկ մի անգամ ասաց. «Դինա, վերցրու դանակն ու սպանիր ինձ»:

Սկսեցի խուսափել նրանից, որովհետև նրա խոսքերը, շարժուձևը ինձ շատ վախեցրեցին, նույնիսկ ծնողներիս դիմեցի այդ հարցով,- ասում է Դիանան ու շարունակում,- հետո մի անգամ համակուրսեցիներիս հետ խնջույքի էի մասնակցում, զանգահարեց հայրս ու ասաց. «Ընկերուհիդ չկա»: Երկար ժամանակ պահանջվեց, որ ես կարողանամ հասկանալ, ընտելանալ, կողմնորոշվել: Ընկերուհուս փնտրեցին ամենուր, հետո մոտ մեկ շաբաթվա ընթացքում գտան նրա դին: Դատաբժշկական փորձաքննությունը ապացուցել էր, որ աղջիկը ինքն է իր կյանքին վերջ տվել»:

Միջազգային հեղինակավոր «Gallup»-ը հետազոտություններ է կատարել աշխարհի մի շարք երկրներում՝ պարզելու դեռահասության և երիտասարդության շրջանում անհատների ինքնասպանությունների պատճառը: Հետազոտությունների արդյունքների համաձայն` ինչքան ուժեղ է հավատքը, այնքան քիչ են ինքնասպանությունները: Ըստ «Gallup»-ի` 100 բալանոց համակարգով «ամենահավատացյալ» երկիրը Քուվեյթն է, այլ պատկեր է ԱՊՀ երկրներում, այստեղ «հավատացյալ» երկրներն են Մոլդովան և Ուզբեկստանը:

Ինքնասպանության թեման մեզ տարավ նաև հոգեբանի մոտ: Կարինե Նալչաջյանն այս թեմային ցավով է անդրադառնում.

– Սովորաբար ինքնասպանությունները լինում են հենց երիտասարդության շրջանում: Տվյալները ստույգ են` ինքնասպանության են դիմում մոտ 15-25  տարեկանները: Սա հենց այն տարիքն է, երբ մարդը ցանկանում է գտնել իր «ես»-ը, հասկանալ, թե վերջապես ով է ինքը: Այս տարիքում հիմնականում երիտասարդներն իրենց առջև խնդիրներ են դնում, ու երբ զգում են, որ դեպի խնդիրների լուծումը, նպատակների իրականացումը տանող ճանապարհները փակ են, ցանկանում են վերջակետ դնել կյանքին: Սովորաբար նրանք հիասթափված են մարդկանցից, իդեալներից, նույնիսկ իրենք իրենցից… Ինքնասպանություն գործող մարդիկ սիրո, քնքշանքի, մտերմության կարիք ունեն: Աշխարհում այսօր շատ ինքնասպանություններ կկանխվեին, եթե նման մարդկանց շրջապատում լինեին  նրանց սիրող ու գուրգուրող մարդիկ:

Եթե այդ տարիքում երիտասարդի կողքին են իր ծնողները, հարազատները, մտերիմները, նաև ընկերները, ուրեմն նրանք երիտասարդին անուշադրությա՞ն են մատնել:

– Այս պարագայում թե՛ ծնողները, թե՛ հարազատ-բարեկամները ոչ ընդունելի դիրքորոշում են ունենում, այսինքն` առանց մտածելու ու հասկանալու` անընդհատ խրատներ ու խորհուրդներ են տալիս: Սխալ է, երբ բոլորը դեռահասներին ու երիտասարդներին մոտենում են այս ոչ ճիշտ սկզբունքով, օրինակ` «Ես ավելի խելոք եմ, ավելի շատ բան գիտեմ, քան դու», «Արա այն, ինչ ես եմ ասում»… Եվ այսպես երիտասարդները մեկուսացման տենդենց են ունենում, կամաց-կամաց իրենց սոցիալական կապերը կտրում են և ներանձնանում, երբեմն էլ նրանց բառապաշարում մեծ տեղ են զբաղեցնում  այսպիսի արտահայտությունները. «Մահն ավելի լավ է, քան կյանքը», «Մեռնեմ պրծնեմ», «Մահը կլուծի բոլոր հարցերը», «Ես անպետք եմ, որովհետև ոչինչ չեմ կարողանում անել» և այլն: Մեծ մասամբ մարդիկ սրան լուրջ չեն մոտենում մտածելով` հուսահատված է, կանցնի -կգնա, բայց տարիների փորձը ցույց է տալիս, որ հենց այդ  երիտասարդներն են հիմնականում ինքնասպան լինում,- ասաց տիկին Նալչաջյանը:

Իսկ օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ոստիկանության անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը նշեց, որ վերջին հինգ ամիսների ընթացքում սպանությունների ու ինքնասպանությունների թիվը նույն ժամանակահատվածի նախորդ տարվա համեմատությամբ նվազել է:

Ժամանակակից որոշ տեսաբաններ կարծում են, որ որքան բարձր է մարդու ինտելեկտը, այնքան նվազ է կյանքի դժվարություններից հուսահատվելու և ինքնասպանության դիմելու հավանականությունը: Մարդու ինտելեկտուալ մակարդակն անմիջականորեն կապված է նրա կյանքի, աշխատանքի, ֆինանսական խնդիրների և ամուսնության հետ:

Ուշագրավ է, որ ինքնասպանության դիմող տղամարդկանց, հատկապես երիտասարդների թիվը գերազանցում է կանանց, չնայած այս պարագայում տղամարդկանց «օգնում» են ալկոհոլն ու ինքնամեկուսացումը:

Նշենք, որ ինքնասպանության են դիմում ոչ միայն սովորական մահկանացուները, այլև կյանքում մեծ հռչակ վայելող մեծանուն գրողներ, կոմպոզիտորներ, գիտնականներ… Պատմությանը հայտնի են դեպքեր, երբ մահափորձերը կատարվել են բացեիբաց՝ օդանավակայանում, համերգների, ներկայացումների ժամանակ, մարզադաշտում:

Թերևս կարելի է հիշել ամերիկյան հայտնի կինոաստղ Մերիլին Մոնրոյին. նա 1962-ին ինքնասպանություն գործեց, որ մեծ իրարանցում առաջացրեց: Այս «պատվին» են արժանացել նաև XX դարի ռուս հայտնի գրողներ Մարինա Ցվետաևան, Սերգեյ Եսենինը և այլք:

Հոգեբան Կ. Նալչաջյանը պարզաբանեց նաև այս երևույթը:

– Սովորական մահկանացուներին երբեմն թվում է, թե հանճարեղ մարդիկ սովորական կենցաղային կյանքով բնավ չեն ապրում: Հոգեբանությունը դեռ շատ վաղուց ապացուցել է, որ հենց այդ մարդիկ են ավելի զգայուն, խոցելի: Նրանք կենցաղին վերաբերվում են ավելի սրտնեղած և հետո, ստեղծելով գլուխգործոցներ, մտածում են, որ այս աշխարհում էլ անելու ոչնիչ չունեն, չէ՞ որ ինքնասպանությամբ էլ են մարդիկ մնում պատմության մեջ:

Ինքնասպանության վերաբերյալ արտահայտվեց նաև Սբ Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը:

– Ինքնասպանության պատճառները շատ տարբեր են: Հիմնականում ինքնասպանության դաժան քայլին են գնում մարդիկ, որոնց հոգում բացակայում է հավատքը: Այնուամենայնիվ, եկեղեցու վերաբերմունքը ինքնասպանության նկատմամբ միանշանակ է. ինքնասպանություն գործող անձինք երկնքի արքայության չպիտի արժանանան, որովհետև ինքնասպանություն գործելը մեծագույն մեղքերից է, երբ անձն ինքնասպանության միջոցով իր հոգին հեռացնում է մարմնից:

Մեր կամքով չէ, որ մենք ծնվել ենք, Աստված է արարել… Չնայած շատերը մեզանում ինքնասպանություն են գործում` մտածելով, որ իրենց այլ կյանք է սպասում, հաստատ ոչ ոք չի մտածում, որ ինքն իր ձեռքով իր սեփական կյանքին վերջ է տալիս:

 

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

 

Դիտվել է 1560 անգամ:
Print Friendly

Leave a Reply