ՀԽ-ն փոփոխություններ է առաջարկում «Ընդերքի մասին» օրենքի նախագծում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 30, 2011 14:44

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովն այսօր քննարկում էր  ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված «Ընդերքի  մասին» օրենքի նախագիծը:

Քննարկման բուռն թեմա էր օրենքի դրույթը, ըստ որի հանքի շահագործման իրավունքը պետությունը տրամադրում է մրցութային կարգով, բայց անվճար: Սակայն հանքի շահագործման իրավունք ստացած անձը կարող է այդ իրավունքը գրավ դնել կամ փոխանցել այլ անձանց:

Գրավ դնելու դեպքում, եթե անձը չկարողանա վճարել գումարը, բանկն արդեն հանքի շահագործման իրավունքը կարող է վաճառքի հանել:  ՀԽ անդամներն առաջարկեցին օրենքի նախագծում փոփոխություններ կատարել, որպեսզի  պետությունը ևս շահագործման իրավունքն վճարովի հիմունքներով տա:

Հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի խոսքով` տարօրինակ ու անհասկանալի է, որ հանքի շահագործման իրավունքը կարող է գրավի առարկա դառնալ:

Էներգետիկայի նախարարության բնական պաշարների վարչության պետ Վարդան Վարդանյանի խոսքով` պետությունը հանքի շահագործման իրավունքն անվճար է տալիս, սակայն փոխարենը ստանում է հարկեր և տուրքեր:

Ըստ նախագծի` այլ անձի շահագործման իրավունքը փոխանցելու համար էլ պետք է գրավոր այդ մասին տեղյակ պահվի լիազոր մարմնին: Մեկամսյա ժամկետում պատասխան չստանալու դեպքում իրավունքի փոխանցումը կարող է տեղի ունենալ և կհամարվի օրինական: Նշվեց, որ օրենքի այս դրույթն էլ վիճարկելի է, քանի որ լիազոր մարմնի պաշտոնյան կարող է պատասխանն ուշացնել կոռուպցիոն երևույթներով կամ վատ աշխատանքով պայմանավորված, արդյունքում կտուժի պետությունը, քանի որ հանքի շահագործման իրավունքի փոխանցումնը նման դեպքում օրինական կհամարվի:

Ռազմիկ Միրիջանյանն էլ ուշադրություն հրավիրեց օրենքի հակասական մեկ այլ դրույթի վրա. օրենքով հանքը չի վաճառվում, քանի որ պետության սեփականությունն է: Սակայն շահագործման հանձնվելուց որոշակի ժամանակ անց միևնույնն է, այդ սեփականությունն այլևս գոյություն չունի, այսինքն արդյունահանման տեսքով սեփականությունը մաս-մաս վաճառվում է: Միրիջանյանի խոսքով` ավելի ճիշտ կլինի, որ հանքի վաճառքը օրենքով սահմանված լինի, միևնույն է, ի վերջո տեղի ունեցածը վաճառք է, բայց պետբյուջե գումար չի գնում:

 

Դիտվել է 1066 անգամ:
Print Friendly

Leave a Reply