Բոլոնյան գործընթացը հուլիսի 1-ից կհամանախագահեն Հայաստանը եւ Լեհաստանը
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 30, 2011 10:45
Բոլոնյան գործընթացը հուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը համանախագահելու են Հայաստանը եւ Լեհաստանը: Համանախագահության ստանձնումը երկու երկրների համար լավ հնարավորություն է եվրոպական բարձրագույն կրթական տարածքում իրենց մասնակցությունն ընդգծելու համար:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտությանն նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Բաղդասարյանը, այդ կապակցությամբ հուլիսի 3-10-ը կկազմակերպվի ամառային դպրոց, որին կմասնակցեն 13 երկրների շուրջ 25 ներկայացուցիչներ: Ա. Բաղդասարյանը նաեւ նշեց, որ կանցկացվի Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի խորհրդի նիստ, որտեղ կքննակրվեն բարձրագույն ուսումնական հաստատություններում ներդրման նոր ֆինանսական մեխանիզմները: Նիստին կմասնակցեն Բոլոնիայի կրթական տարածքի անդամ երկրների կրթության շուրջ 21 նախարարները եւ նրանք, ովքեր պատրաստվում են դառնալ կրթական տարածքի անդամ:
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ի թիվս բոլոնյան գործընթացի անդամ այլ երկրների նախարարների, հրավեր-նամակներ է ուղարկել Թուրքիայի բարձրագույն կրթության խորհրդի նախագահին եւ Ադրբեջանի կրթության նախարարին բոլոնյան գործընթացի օրակարգի շրջանակում Հայաստանում իրականացվող միջոցառումներին մասնակցելու վերաբերյալ: Սակայն, Ա. Բաղդասարյանի տեղեկացմամբ, նրանք դեռեւս չեն արձագանքել հրավերին:
Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել էր, որ թեեւ լինում են դեպքեր, երբ այդ երկրների համապատասխան նախարարները չեն հրավիրում իրեն մասնակցելու որեւէ կրթական միջոցառման, սակայն ինքը հուսով է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի իր գործընկերները կընդունեն հրավերը եւ կգան Հայաստան: Նրա խոսքով, ի տարբերություն մեր որոշ հարեւանների, Հայաստանը չի քաղաքականացնում կրթությունը. դա այն ոլորտը չէ, որտեղ կարելի է քաղաքական շահարկումներ թույլ տալ: «Եթե մենք խոսում ենք ընդհանուր եվրոպական կրթական տարածքի մասին, ապա ատելությամբ կառուցված բաժանարար գծերն ուղղակի զավեշտալի են: Քաղաքականությունը թողնենք արտաքին գործերի նախարարություններին»,- շեշտել էր Ա. Աշոտյանը:
Նշենք, որ Ադրբեջանի ներկայիս կրթության եւ գիտության նախարարը ծնվել է Հայաստանում եւ ուսանել Իջեւան քաղաքի դպրոցներից մեկում. այդ հանգամանքը, ըստ Ա. Աշոտյանի, հրաշալի առիթ է Միսիր Մարդանովի համար’ գալու Հայաստան:






Facebook
Tweet This
Email This Post
