Երևանի քաղաքապետը աշխատանքային շրջայց է կատարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

Պաշտոնական, Օրվա լուր | | June 29, 2011 18:24

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այս անգամ ծանոթացավ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացվող աշխատանքների ընթացքին, նախատեսվող ծրագրերին ու խնդիրներին:

Առաջին խնդիրը, որ առաջադրվեց Կարեն Կարապետյանի կողմից, փողոցներին հարակից սիզամարգերի ու մայրուղիների միջանկյալ հատվածների կանաչ տարածքների խնամքը պատշաճ կազմակերպելն էր:

Քաղաքապետը հանձնարարեց բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներ իրականացնել նաև «Հաղթանակ» զբոսայգու մուտքին հարող հատվածում:

Շրջայցի ընթացքում Կարեն Կարապետյանը ծանոթացավ նաև բակերում իրականացվող բարեկարգման ու խաղահրապարակների տեղադրման աշխատանքների ընթացքին:

Որոշ բակային տարածքներում քաղաքապետը հանձնարարեց մաքրել բնակիչների կողմից ապօրինի հողազավթած տարածքներն ու փոխարենը բնակիչների համար հանգստի հարմարավետ գոտիներ ստեղծել:

Վարչական շրջանի ղեկավարը տեղեկացրեց, որ գործընթացն արդեն սկսված է:

«Մինաս Ավետիսյանի» անվան այգին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների ամենասիրված հանգստի գոտիներից մեկն է դարձել: Հանգստի կազմակերպման համար բոլոր պայմաններն այստեղ ապահովված են, քաղաքապետը  հանձնարարեց առավել մեծ ուշադրություն դարձնել այգու խնամքին ու ընթացիկ սպասարկմանը:

Կարեն Կարապետյանը եղավ նաև «Դավիթ Անհաղթի» անվան պուրակում, որի սպասարկումը մասնավոր ընկերություն է իրականացնում:  Այստեղ ապահովված էին պարտադիր բարեկարգման նորմերն ու պայմանագրային պարտավորությունները:

Շրջայցից հետո քաղաքապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ:

Անդրադառնալով աղբահանության կազմակերպման խնդիրներին, քաղաքապետը հանձնարարել է շարունակել պայմանագրային դաշտի կարգավորումը և ապահովել հավաքագրումների ցուցանիշը: Կարեն Կարապետյանն առաջարկել է գոյացած տնտեսումների հաշվին աղբահանության մեքենաների վրա տեղադրել GPS համակարգ, որպեսզի համաժամանակյա ռեժիմի միջոցով աղբահանության կազմակերպման ողջ գործընթացն առավել վերահսկելի և արդյունավետ լինի:

Վարձակալությամբ տրված տարածքների և ապօրինի ու չգործող կրպակների ապամոնտաժման մասով ևս քաղաքապետը տվել է մի շարք հանձնարարականներ:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1334 անգամ:
Print Friendly

Leave a Reply