Օբամայի «ցեղասպանություն» չասելու հետևանքը. «Հայ դատի» ներկայացուցիչը կարծում է, որ ԱՄՆ դատավորները կաշառված են

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | August 27, 2009 16:08

mhm40592-edit-2-copy1Ամերիկայի հայ դատի գրասենյակը նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` բողոքով, որ նրա կողմից ցեղասպանություն բառը չարտասանելը առիթ է տվել Կալիֆոռնիա նահանգի վերաքննիչ դատարանին կայացնել ոչ հայանպաստ վճիռ` հիմնվելով ցեղասպանության զոհեր բառի վրա: Օգստոսի 21-ին Կալիֆոռնիայի դաշնային 9-րդ վերաքննիչ դատարանը, վճիռ կայացրեց, որով չեղյալ հայտարարեց 1915թ. Ցեղասպանության զոհերի կյանքի ապահովագրության փոխահտուցումը նրանց հարազատներին  տալու մասին օրենքը: Վերաքննիչ դատարան հայցը ներկայացրել են ԱՄն-ում գործող ապահովագրական ընկերությունները, որտեղ ժամանակին գրանցված են եղել ցեղասպանությունից տուժած անձինք: Ընկերությունները 2000թ. ԱՄՆ կոնգրեսի կողմից ընդունված օրենքի համաձայն պետք է գումարով փոխհատուցեին ժամանակին իրենց ծառայությունից օգտված զոհերի ժառանգներին: Ապահովագրական ընկերությունները (ֆրանսիական «Աքսան», գերմանական 3 ընկերություններ) դեռ դեկտեմբերին դիմել էին ԱՄՆ առաջին ատյանի դատարան` ասելով, որ օրենքը հակասահմանադրական է և միջամտում է երկրի արտաքին քաղաքականությանը: Առաջին ատյանի դատարանը վճիռը կայացրել էր հօգուտ հայերի: Վերաքննիչ դատարան բողոքարկելիս վճիռ են կայացրել 3 դատավորներ, որից միայն երկուսն են ներկա եղել դատական լսումներին: Դատավորների պնդմամբ` Կալիֆոռնիայի նահանգի անունից ցեղասպանություն բառի օգտագործումը հակասահմանադրական է և նահանգը գերազանցել է իր պարտականությունները, քանի որ ԱՄՆ նախագահը չի արտասանել այդ բառը: «Հայ դատի» երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց, որ դատարանի որոշումը հիմնավորված չէ և անորոշ վիճակի մեջ է դնում ԱՄՆ 39 նահանգների որոշումները, որոնք 2008թ. ճանաչել են հայոց ցեղասպանությունը: «Ամերիկայի երկու նախագահները` Քլինթոնն ու Բուշը ցեղասպանություն բառը երբեք չեն օգտագործել, իսկ Ռեյգանը արտասանել է,- ասաց Մանոյանը,-այնպես, որ դատավորների վճիռը անհիմն է: Այս հարցին պետք է տրվի իրավական լուծում»: Նրա կարծիքով պետք է բողոքարկել վճիռը` հաշվի առնելով փաստը, որ 12 դատավորներից բաղկացած խումբը պետք է վճիռ կայացներ և ոչ թե 3 դատավոր: Մանոյանի խոսքով` թուրքիայի դեսպանատունն էլ էր դեկտեմբներին դիմել դատարան`օրենքը հակասահմանադրական ճանաչելու խնդրով: «Դատավորներն ասում են, որ անտեսել են թուրքիայի դեսպանատան նամակը,- ասաց Մանոյանը,- բայց թե որքանով են անտեսել, կասկածելի է: Հիմք չունեմ բացառելու, որ գործել է նաև թուրքերի կողմից կոնգրեսի ներկայացուցիչներին կամ դատավորներին կաշառելու սկզբունքը: Սա արդեն լոբբիստական աշխատանք չէ, այլ լրիվ ուրիշ բան»:

Դիտվել է 1650 անգամ:
Print Friendly

Leave a Reply