«Արզնի» ԹՏԽ-ի սեփականատիրոջ որդին 3 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 29, 2011 17:24
«Արզնի» ԹՏԽ-ի սեփականատեր Մարատ Ջանվելյանի որդու` Արմեն Ջանվելյանի խափանման միջոցը փոխվել է եւ նա 3 միլիոն դրամ գրավի դիմաց օրերս ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ի թղթակիցը տեղեկացավ Ջանվելյանի մյուս որդուց` Գեղամ Ջանվելյանից: Նույնը հայտնեցին նաեւ ՀՀ ոստիկանությունից: Արմեն Ջանվելյանը, ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մոտ երկու ամիս առաջ Հատիս գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո երկու ամսով կալանավորվել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Դատական նիստից հետո Արմեն Ջանվելյանը տեղափոխվել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Բացի այդ, վերափոխվել է նրա մեղադրանքը` «խուլիգանություն զենքի գործադրմամբ», սակայն ոչ թե անօրինական, այլ օրինական (ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մաս):
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Կոտայքի մարզում մայիսի 11-ին 17:30-ի սահմաններում, «Արզնի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի տնօրեն Մարատ Ջանվելյանն` իր երկու որդիների` Գեղամի ու Արմենի, նաեւ մի քանի անձանց հետ Կոտայքի մարզի Հատիս գյուղում վիճաբանության մեջ էր մտել գյուղացիների հետ եւ ծեծի ենթարկել նրանց: Գյուղացիների պատմելով վիճաբանության պատճառը եղել է այն, որ Մարատ Ջանվելյանին պատկանող կովերը մտել են գյուղացիների արոտավայրերն ու ցորենի դաշտերը:
Ոստիկանության Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օերնսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի հրազեն ձեռք բերելը, իրացնելը եւ պահելը) հոդվածների հատկանիշներով:
Մայիսի 13-ի երեկոյան ձերբակալվել էին նաեւ Ջանվելյանի երկու որդիները` Գեղամ եւ Արմեն Ջանվելյանները: Մայիսի 14-ին «Արզնի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի տնօրեն Մարատ Ջանվելյանն բերման էր ենթարկվել ոստիկանություն եւ հարցաքննվելուց հետո ստորագրությամբ ազատ արձակվել:
Հարցին, թե ի վերջո, այս պատմության մեջ ովքեր էին իրական մեղավորները, Գեղամ Ջամվելյանը խուսափեց պատասխանելուց:






Facebook
Tweet This
Email This Post
