Սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանը ցանկացել է ցորենի բիզնեսով զբաղվել, բայց նրան սպառնացել են արտերը վառել
ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | ankakh | June 29, 2011 17:15
Մենաշնորհները Հայաստանում խանգարում են բիզնեսի ծավալմանը: Այս մասին այսօր` հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանը, ով հայաստանցիներին առավելապես հայտնի է «Վահագնի թաղամաս» անունը կրող առանձնատների կառուցմամբ: «Ցորենի գործի մեջ մտանք, բայց մեզ ասացին` արտերը չհասած կվառենք»,- տեղեկացրեց գործարարը:
Նմանապես` գործարարին խոչընդոտել են նաեւ փայտ ներկրել Ռուսաստանից: Ըստ Հովնանյանի` այստեղ մենաշնորհն այնքան զորեղ է, որ անգամ ռուս մատակարարները չեն ցանկացել իր հետ գործ ունենալ: Սակայն Հովնանյանը չցանկացավ լրագրողներին ասել, թե կոնկրետ ումից է ստանում սպառնալիքներ:
Նշենք, որ ցորենի շուկայում ամենախոշոր մասնաբաժին ունի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը: Փայտանյութի ներկրման բիզնեսը, ըստ տարաբնույթ լուրերի, վերահսկվում է բանակի գեներալներից մեկը:
Վահագն Հովնանյանը պատմեց նաեւ, թե ինչպես իր սփյուռքահայ ոսկերիչ ընկերներից մեկին համոզել է գալ Հայաստան եւ բիզնես սկսել, սակայն հազիվ էր նա սկսել խանութի շինարարությունը, երբ տարաբնույթ տեսուչներ անընդհատ այցելել են եւ խանգարել: Արդյունքում` գործարարը կիսատ է թողել շինարարությունը եւ հեռացել Հայաստանից:
Վ. Հովնանյանը դժգոհեց նաեւ աշխատանքային օրենսգրքում վերջերս կատարված փոփոխություններից, ինչի հետեւանքով գործատուները ստիպված են վերակնքել աշխատանքային պայմանագրերը:






Facebook
Tweet This
Email This Post
