Հայաստանը վերականգնվող էներգետիկայի տեսակյունից առաջատար է տարածաշրջանում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 29, 2011 16:19

«Վերականգնվող էներգետիկայի (ՎԷ) ոլորտում ներուժի եւ հեռանկարների տեսանկյունից պատկերը Հայաստանում բավական լավն է’համեմատած հարեւան երկրների հետ»,- այս դիտարկմամբ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը’ փաստելով, որ այդ տեսանկյունից Հայաստանը բավակականին բարենպաստ օրենսդրական դաշտ ունի եւ խրախուսվող քաղաքականություն է վարում: «Ոլորտում դեռ շատ անելիքներ ունենք, հեռանկարները շատ հուսադրող են, բայցեւ արդեն շոշափելի ձեռքբերումներ ենք արձանագրել»,-նշեց նա’ որպես խոսուն օրինակ հիշեցնելով, որ 2003-2004 թթ-ից մինչ այժմ հանրապետությունում 130 փոքր ՀԷԿ-ի կառուցման լիցենզիա է տրվել: «Սա շատ գրավիչ ցուցանիշ է»,-նկատեց Թ. Բաբայանը:

Բանախոսը նշեց նաեւ ՀՀ-ի ունեցած մեծ ռեսուրսներն այլ բնագավառներում, ինչպես արեւը, քամին, երկրաջերմային էներգետիկան: «Այսինքն’ մենք չունենք բացառապես հանածո պաշարներ, բայց հարուստ ենք վերականգնվող էներգետիկայի համար շատ լուրջ ներուժով»,-ասաց նա:

Ինչպես նշեց հիմնադրամի ՎԷ ծրագրի համակարգող Արայիկ Մարջանյանը, մինչեւ վերջերս Հայաստանը բացարձակ առաջատար էր տարածաշրջանում, իսկ հիմա որոշ առումներով մի փոքր զիջում է Թուրքիային: «Փոքր հիդրոկայանների ցուցանիշով բացարձակ առաջատար ենք տարածաշրջանում, մի քիչ հետ ենք հողմային եւ արեգակնային ֆոտովոլտայիկ էներգետիկայի համակարգում, բայց կարծես թե ամեն ինչ շտկելի է»,-փաստեց Ա. Մարջանյանը:

Ընդգծելով, որ ՀՀ-ի էլեկտրաէներգիայի արտադրության մեջ հիդրոկայաններից եւ վերականգնվող ռեսուրսներից ստացվող էներգիան 32 տոկոս է կազմում, բանախոսները հավատացրեցին, որ սա բավականին բարձր ցուցանիշ է համարվում:

Մասնագետների ներկայացմամբ’ այս դաշտում երկու մոտեցում է հնարավոր. առաջին դեպքում մեծ ՀԷԿ-երն էլ են հաշվվում վերականգնվող աղբյուրներ, այս պարագայում էներգիայի 35 տոկոսը կարելի է սպառել վերականգնվող աղբյուրներից: «Բայց հիմա Եվրոպայում մեծ ՀԷԿ-երը չեն հաշվվում ՎԷ-ի շարքում, եւ դիտարկվում են երկրորդ մոտեցմամբ. միայն փոքր հզորությունների հիդրոկայաններով»,-բացատրեց Ա. Մարջանյանը’ մեկնաբանելով, որ այս դեպքում ցուցանիշը զգալիորեն նվազում է: «Այս պարագայում, եթե ամբողջ էներգետիկ համակարգում այդ ցուցանիշը Հայաստանում հասնի 10 տոկոսի, շատ բարձր արդյունք կլինի»,-ասաց Թ. Բաբայանը’ նշելով, որ ներկայում ՀՀ-ում փոքր ՀԷԿ-երը էլեկտրաէներգիայի ամբողջ արտադրանքի մոտավորապես 5 տոկոսն են ապահովում, ինչը բացառիկ ցուցանիշ է եւ շնորհավորանքի արժանի:

Բանախոսները բացատրեցին նաեւ, որ ասելով էներգետիկա’նկատի է առնվում ոչ միայն էլեկտրական էներգիան, այլ նաեւ ջերմությունն ու տրանսպորտը. այս երեք մեծ ասպարեզների հանրույթն է արդի ձեւակերպումով կոչվում էներգետիկա, քանի որ այս երեք դեպքերում էլ այրվում է որոշակի տիպի վառելիք, եւ սովորաբար դա հանածո վառելիք է: «Վերականգնվող էներգետիկան խոսք ունի ասելու այս երեք բնագավառներում»,-հայտարարեցին նրանք:

 

Դիտվել է 1104 անգամ:
Print Friendly

Leave a Reply