Ինչքան շատ զիջումների պատրաստ լինի Հայաստանը, այնքան Ադրբեջանն ավելին է պահանջելու

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | June 29, 2011 17:02

Բանակցությունները զուտ մի սեղանի շուրջ նստելը չէ: Բանակցությունների միջոցով համաձայնության հասնելու մի կարևոր սկզբունք կա` սինքրոնությունը: Խոսքն այն մասին է, որ բանակցություններում հնարավոր է շոշափելի առաջընթաց արձանագրել, եթե միայն կողմերը համաձայնության հասնելու պատրաստակամության միևնույն փուլում են:

Այս սկզբունքն ակնհայտ խախտված է արցախյան հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացում: Հայկական կողմը խոսում է խաղաղություն ապահովելու և փոխզիջումների անհրաժեշտության մասին, Ադրբեջանը խոսում է ռազմական հռետորաբանությամբ ու շատ ուղղակի հայտարարում, որ զիջելու ոչինչ չունի: Հատման կետ չկա: Նման պարագայում ինչքան էլ երրորդ կողմ հանդիսացող միջնորդները խոսեն, թե բանակցային գործընթացում համաձայնության հասնելու պայմաններ են ստեղծվել, ինչքան էլ ուղղակի ու անուղղակի ճնշեն կողմերին, առաջընթացի ակնկալիքներ ունենան, միևնույն է, ոչինչ չի փոխվի:

Կազանյան հանդիպումն ուղղակի էլ ավելի ակնհայտ դարձրեց կողմերի նպատակների խիստ անհամատեղելիությունը (խոսքը վերաբերում է ոչ միայն զուտ արցախյան հիմնախնդրին, այլև ներքաղաքական կյանքում դրա նշանակությանը) և բանակցությունների` որպես կողմերի միջև հաղորդակցությունը պահելու միջոցով պատերազմի վտանգը նվազեցնելու ձևաչափ լինելը: Ու հենց այդ պատճառով էլ, չնայած հանդիպումից հետո հրապարակված հայտարարության մեջ ասված էր, թե «փոխըմբռնում է ձեռք բերվել մի շարք հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին հավանություն տալու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը», սա ավելի շատ ընկալվեց որպես ոչինչ չասող հայտարարություն, որն իրականում արձանագրել է կողմերի համաձայնության գալու ցանկության բացակայությունը:

Հայաստանն Ադրբեջանին մեղադրեց հիմնարար սկզբունքների վերջին տարբերակին համաձայնություն չտալու համար, Ադրբեջանն էլ Հայաստանին մեղադրեց իրենցից մեծ զիջումներ պահանջելու մեջ: Ըստ էության, նման ելքը կանխատեսելի էր, մանավանդ որ դեռ մինչև հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ին տված հարցազրույցում  հայտարարել էր. «Իրականում մենք մտադիր չենք ինչ-որ բան առաջարկել դարեր շարունակ Ադրբեջանին պատկանող Լեռնային Ղարաբաղի դիմաց. այն միջազգայնորեն ճանաչված ադրբեջանական տարածք է»:

Ադրբեջանի մաքսիմալիզն ու զիջումների չգնալու պատճառները

Այն, որ Ադրբեջանը որևէ բան զիջելու պատրաստ չէ, նորություն չէ: Եվ խնդիրը միայն նրանց պատկերացմամբ «տարածքային ամբողջականությունը» վերականգնելը չէ: Հարցն այն է, որ 20 տարվա մաքսիմալիստական ու խիստ ծայրահեղ հայատյաց քարոզ տանելուց հետո Ադրբեջանի նախագահն ուղղակի չի կարող ստորագրել մի փաստաթղթի տակ, որում, իրենց պատկերացմամբ, իրենք զիջում են անում ու համաձայնում չդիմել ռազմական ուժի: Քանի որ այս պարագայում կփլվի այն ողջ հակահայկական գաղափարախոսությունը, որով հայր և որդի Ալիևները սնել են իրենց հասարակությանը:

Երբեք չպետք է մոռանալ, որ արցախյան հարցն ու ավելի լայն վերցրած հակահայկականությունն այսօր ազգաստեղծման լուրջ գործոն են Ադրբեջանում, ինչպես նաև հույժ կարևոր դեր ունեն ներքաղաքական կյանքում: Հետևաբար, եթե Ալիևը հրաժարվի իր մաքսիմալիստական դիրքորոշումից, դա անմիջապես ակտիվացման հիմքեր կստեղծի ապալեգիտիմացված ընդդիմության համար, և այս դեպքում ընդդիմադիր ներկայացուցիչներին կհաջողվի մոբիլիզացնել հասարակության զգալի հատվածին: Կակտիվանան նաև իսլամիստական խմբերը: Ու այս ամենը, բնականաբար, լուրջ վտանգ կդառնա Իլհամ Ալիևի իշխանության համար:

Արցախյան հարցը, որը մշտապես օգտագործվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից բնակչությանը ներքաղաքական ու ներպետական խնդիրներից շեղելու համար, կդառնա զենք ընդդեմ իր իսկ իշխանության: Ու պատահական չէ, որ Կազանից վերադառնալուց ընդամենը 2 օր անց Ադրբեջանում տեղի ունեցավ Զինված ուժերի տարեդարձին նվիրված ռազմական շքերթ, որը միտված էր ի ցույց դնելու Ադրբեջանի ռազմական հնարավորությունները: Այն, ըստ էության, ևս մեկ անգամ բացահայտեց Ադրբեջանի պատկերացումները խնդրի լուծման ճանապարհների մասին, և առաջին թիրախը (միջազգային հանրությունից ու Հայաստանից զատ) հենց իր հասարակությունն է, որին պետք է համոզել, որ Ալիևի մոտեցումները չեն փոխվել: Ադրբեջանի նախագահը կրկին խոսեց ռազմական սպառնալիքների լեզվով, հայտարարեց, որ իրենց բյուջեում ռազմական ծախսերը կլինեն առաջին տեղում այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի «ազատել ադրբեջանական հողերը»:

Իհարկե, այս ամենն ամենևին չի նշանակում, որ Ադրբեջանը պատրաստ է պատերազմի: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարեց, որ տարածաշրջանում խաղաղություն ապահովող կողմը հենց Ադրբեջանն է եղել: Այլ կերպ ասած`պատերազմում պարտված Ադրբեջանը, որպես իր առավելագույն զիջում, փորձում է ներկայացնել ռազմական գործողությունների չանցնելը, չնայած ռազմական ուժերի հավասարակշռությունը, ներքաղաքական խնդիրներն ու միջազգային ճնշումները չհաշված, թույլ չի տա Ադրբեջանին պատերազմ սկսել: Բայց ,ամեն դեպքում, Ադրբեջանն իր հասարակությանը չի պատրաստում կոմպրոմիսային որևէ տարբերակի:

Հայաստանի զիջողականությունն ու Ադրբեջանի մարտավարությունը

Հայաստանն անում է ճիշտ հակառակը. փորձում է առավելագույնս խաղաղասիրական դիրքերով ներկայանալ և խոսում է փոխզիջումներից: Նաև փաստացի համաձայնություն է տվել առաջարկված սկզբունքներին և հայտարարել, որ չնայած միջազգային հանրությունը կողմերից համաձայնություն է սպասում, Ադրբեջանն  անընդհատ ձախողում է բանակցությունները:  Թե ինչ լուրջ վտանգներ են պարունակում  այդ սկզբունքները ՀՀ և Արցախի անվտանգության համար, և այդ զիջումներն ինչ ռեզոնանսների կարող են հանգեցնել հենց Հայաստանի ներսում, արդեն խոսել ենք «Անկախի» նախորդ համարներում ( Կազանի հանդիպման հետքերով կամ հայկական կողմի անորոշ պահվածքըԿազանի հանդիպման շուրջ կողմերի մոտեցումները չեն համընկնում) : Հիմա հարցն այն է, թե արդյոք ամեն կերպ փորձելով հաճոյանալ  միջազգային հանրությանը (փորձելով սեփական ձեռքերով ստեղծած ծուղակից դուրս գալ մեղմ հայտարարություններ ՀՀ-ից և կոշտ հայտարարություններ Արցախից մարտավարական տարբերակով)` հայկական կողմը շահո՞ւմ է, չի՞ թուլացնում իր իսկ դիրքերը: Ստացվում է, որ Հայաստանը սեփական անվտանգությունն ու պետական շահերը ձևակեպում է ըստ երրորդ երկրների, այսինքն` գերտերությունների` արցախյան հակամարտության լուծման մասին պատկերացումների:

Նկատենք նաև, որ շատ դեպքերում միջնորդները փորձում են ավելի շատ ճնշել այն կողմին, ումից ավելի հեշտ է զիջումներ ստանալ, ոչ թե հակառակը: Ընդ որում, սա շատ լավ օգտագործում է Ադրբեջանը. ինչքան Հայաստանը զիջումների պատրաստակամություն է հայտնում, այնքան ավելի շատ զիջումներ է փորձում կորզել Ադրբեջանը: Եվ սա ևս մեկ անգամ փաստվեց Կազանում: ՀՀ արտգործնախարարը հայտարարեց, որ Ադրբեջանը պահանջել է 10 փոփոխություն կատարել սկզբունքներում: Ադրբեջանն օգտագործում է հայտնի բանակցային մարտավարություն. առաջ քաշելով շատ պահանջներ` նա նպատակ ունի  հետագայում հրաժարվել դրանցից մի քանիսից`դա ներկայացնելով որպես զիջում: Ու գնալով էլ ավելի ծայրահեղ է դառնում ադրբեջանական դիրքորոշումը: Նման պարագայում  ի՞նչ համաձայնության մասին է խոսքը:

Ձևաչափային խնդիրներ: Այն, որ կազանյան հանդիպման արդյունքում ինչ-որ առաջընթաց արձանագրելու մեջ ամենաշատը շահագրգռված էին միջնորդ երկրները, ավելի քան ակնհայտ էր: Հասկանալի է, որ ԵԱՀԿ համանախագահող երկրներում և Հայաստանում ու Ադրբեջանում  առաջիկա ընտրությունները սառեցնելու են գործընթացը, և դրանով էր պայմանավորված միջնորդների` շուտափույթ առաջընթացի հասնելու ձգտումը:

Սակայն  ուրիշ աշխարհաքաղաքական խաղ էլ կա: Շատ մեկնաբանություններ եղան այն կապակցությամբ, որ բանակցությունների անպտղությունը Կազանում կարող է վերջ դնել Ռուսաստանի դոմինանտ դիրքերին արցախյան հակամարտության կարգավորման գործում ու աշխուժացնել ԱՄՆ-ի ջանքերը: ԱՄՆ պետդեպարտամենտից շատ ուղղակի հայտարարություն եղավ, որ Կազանի բանակցությունների արդյունքները «հիասթափեցնող» էին: Մյուս կողմից` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընտրությունների նախաշեմին այնքան շատ կուտակված խնդիրներ ունի` կապված Իրանի, Իրաքի, Աֆղանստանի և Լիբիայի հետ,   որ արցախյան հիմնախնդիրն ամենևին չի կարող առաջնային լինել նրա համար:

Սակայն վերջերս շատ է խոսվում արցախյան հարցում ԵՄ-ի դերակատարության մեծացման անհրաժեշտության մասին: Ինչպես նաև հավանականություն կա,որ ԵՄ-ն կփոխարինի Ֆրանսիային համանախագահների կազմում: Եվ այս ամենը կարող է հանգեցնել հայեցակարգային ու ձևաչափային փոփոխությունների, սակայն ոչ մոտ ապագայում:

Բայց մի բան ակնհայտ է. ինչքան էլ միջնորդները շահագրգռված լինեն, չեն կարող հասնել հակամարտության կարգավորման, քանի դեռ հավասարության նշան են դնում Ադրբեջանի ապակառուցողական ու Հայաստանի կառուցողական դիրքորոշումների միջև և քանի դեռ փորձ է արվում խնդիրը կարգավորել նախկին պայթյունավտանգ իրավիճակին վերադառնալու ճանապարհով, որի հետևանքով էլ հենց ծագել էր պատերազմը:

 

Աստղիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Դիտվել է 1378 անգամ:
Print Friendly

Leave a Reply