Էմմին ուզում է երգել «Եվրատեսիլ-2010»-ում

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | August 27, 2009 15:13

Էմմին ուզում է երգել «Եվրատեսիլ 2010»-ում

Էմմին ուզում է երգել «Եվրատեսիլ 2010»-ում

Էմմին շոուբիզնեսում առաջինն է, ով հայտարարում է, որ ներկայանալու է «Եվրատեսիլ-2010» միջազգային երգի մրցույթի Հայաստանյան նախընտրական փուլին: Բազմաթիվ միջազգային մրցույթներում հաղթանակած երգչուհու անունը մի քանի տարի շոշափվում է, կապված այն հարցի հետ, որ հենց նրան է Հանրային հեռուստատեսությունը վստահելու Հայաստանը ներկայացնելու պատիվը: Մեկ անգամ երգչուհուն չհաջողվեց հաղթահարել նախընտրական փուլի արգելքը. 2007-ին էր, երբ նախընտրական փուլում հաղթող ճանաչվեց Հայկոն, որի «Anytime you need» երգը գրավեց 8-րդ տեղը:

«Բոլորը տեսել են մեր աշխատասիրությունը, գիտեն էմմիի ձայնային տվյալները, բեմական պահվածքը, խորեոգրաֆիան, իմիջային փոփոխությունները, և մենք վստահ ենք` իմանալով, որ Եվրատեսիլին համապատասխան երգ ու շոու կցուցադրենք»,- ասում է Էմմի մայրը և պրոդյուսերը` Նադեժդա Սարգսյանը:

Ըստ նրա` Էմմիին Եվրատեսիլում չի խանգարի ձայնային սարքավորումների վատ աշխատանքը, որը երբեմն երգիչները շատ են շոշափում. «Նման մրցույթներում տեխնիկան չի կարող երգչի ձայնին խանգարել: Եթե նման բան պատահի, տվյալ երգիչը կազմակերպիչներին կարող է դատի տալ և փոխհատուցում կստանա մեծ գումարներ»,- ասում է Նադեժդա Սարգսյանը: Եթե հանկարծ անգամ տեխնիկան վատ դրված լինի, ես չեմ վախենում Էմմիի համար, որովհետև աշխատում է նրա ուղեղը և ոչ թե կոկորդը, և համոզված եմ, որ նա փայլուն կերգի»:

Էմմիի շոուի բեմադրման վրա կաշխատեն միջազգային տարբեր կազմակերպություններ. թե կոնկրետ ինչ շոու կներկայացնեն, դեռ երգչուհին ու պրոդյուսերը գաղտնի են պահում: Եվրոպական երեք երկրներում էլ երգչուհու համար գրվում են նոր երգեր: Հենց նոր երգերով ու նոր շոուով հայ հանդիսատեսի ու Հանրային հեռուստատեսության դատին կներկայանա 2008 թ. ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում «Տարվա լավագույն երգչուհի» ճանաչված Էմմին:

Երգչուհու հայրը` քանդակագործ Դավիթ Բեջանյանն ասում է, որ պետք է այնպիսի ստեղծագործություն ընտրվի, որը կհավասարվի համաշխարհային ստեղծագործությունների հետ, և որի համար կքվերարկեն նաև եվրոպացիները:

Ըստ նրա` երգը պետք է զերծ լինի հայկական զուռնադհոլի հնչյուններից և իր մեջ սինթեզի եվրոպականի և ժամանակակիցի բոլոր տարրերը:

«Պետք չէ գոռալ, որ մենք լավն ենք, ուղղակի պետք է նորովի մտածել: Հարկավոր չէ այս մրցույթը չափանիշ դարձնել: Իսկ ո՞վ ասաց, որ 10-րդ տեղ գրավելը վատ է, առնվազն այդքան երգչի մեջ տեղ գտնելը շատ դժվար է»,- ասում է Դավիթ Բեջանյանը:

Նադեժդա Սարգսյանի խոսքով էլ «Եվրատեսիլը» վոկալի մրցույթ չէ: Այս մրցույթում կարևոր է, թե ինչպիսի երգ է ընտրվել և թե ով ինչպես է երգը մատուցել:

Խոսակցություններ կան, որ այս տարվա նախընտրական փուլին մասնակցելու ցանկություն ունի նաև Ռազմիկ Ամյանը: Իսկ անցած տարի բոլորն35ասում էին, թե Արամեին է վստահվելու այդ պատիվը, ու նույն խոսակցությունները շարունակվում են նաև այս տարվա համար: Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հատուկ նախագծերի գծով խորհրդական Դիանա Մնացականյանն ասաց, որ արդեն ընտրված մասնակից ունենալու լուրերն ասեկոսեներ են ու անհիմն, և որ իրենք դեռ «Եվրատեսիլով» չեն զբաղվում: «Դեկտեմբերին պարզ կդառնա` մենք ընտրում ենք երգչին կամ երգչուհուն, հետո նոր երգը, թե այս տարվա պես կազմակերպելու ենք նախընտրական մրցույթը,- ասում է Մնացականյանը,- Արամեն դեռ իր մասնակցության մասին ոչինչ չի հայտնել, գիտեմ, որ մասնակցելու մտադրություն ունի նաեւ Ռազմիկ Ամյանը»:

Մինչ արտիստները պատրաստվում են Եվրատեսիլին, այս տարվա մրցույթի կրքերը դեռ չեն մարում: Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունից չորեքշաբթի օրը հարցաքննության են հրավիրել «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի երկրպագուներից մեկին՝ Ռավշան Նասիրլիին՝ բացատրություն տալու, թե ինչու է քվեարկել «Եվրատեսիլ 2009-ին» Հայաստանը ներկայացնող երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների օգտին:

Էմմի«Ինձ հարցաքննեցին։ Հոգեբանական ճնշումների ենթարկելով ասում էին, թե դու ի՞նչ մարդ ես, ազգություն չունե՞սՀարցնում էին թե ինչո՞ւ եմ քվեարկել Հայաստանի օգտին»,- «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում պատմել է Ռավշան Նասիրլին։

Նա քննիչների հարցին պատասխանել է, թե Արշակյան քույրերի «Ջան, ջան» երգն իր կարծիքով շատ ավելի մոտ է եղել ադրբեջանական երաժշտությանը, քան Ադրբեջանը ներկայացնող Արաշի «Ընդմիշտ» երգը: Գրավոր բացատրություն վերցնելուց հետո Ռավշանին ազատ են արձակել, սակայն նա հասցրել է Ազգային անվտանգության նախարարության գրասենյակում նկատել ևս 43 անձի ցուցակ: Ռավշանի կարծիքով այդ ցուցակում ներառված են այն անձինք, ովքեր քվեարկել են Հայաստանի օգտին:

Հայաստանն այս տարվա մրցույթում Ադրբեջանը ներկայացնող Այզելին և Արաշին տվել էր 1 միավոր:

Հայաստանը երաժշտական այս մրցույթին մասնակցել է 4 անգամ` սկսած 2006-ից` Անդրե (8-րդ տեղ), Հայկո (8-րդ տեղ), Սիրուշո (4-րդ տեղ), Արշակյան քույրեր (10-րդ տեղ):

Դիտվել է 6070 անգամ:
Print Friendly

Leave a Reply