Վեհաժողովի 28 երկրների ներկայացուցիչները միաձայն կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 29, 2011 15:12

Հունիսի 21-24-ը Փարիզում անցկացված Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում  ընդունվել է բանաձև` «Օսմանյան կայսրության քրիստոնյա ժողովուրդների` հայերի, հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանության վերաբերյալ»:

Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասացին Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Մկրտիչ Մինասյանն ու Վեհաժողովի մասնակից հայկական կողմի ներկայացուցիչ Ռուզան Առաքելյանը:

Բանաձևը միաձայն ընդունել են վեհաժողովի մասնակից բոլոր 28 երկրների ներկայացուցիչները, ինչը մեծ ոգևորություն է առաջացրել հայկական կողմի մոտ. «Քննարկումները մեր բարձրացրած հարցի շուրջ բավականին բուռն էին,-ասում է Մինասյանը,- և չնայած մենք սպասում էինք, որ մեկ-երկու պատվիրակ դեմ կամ գոնե ձեռնպահ կքվեարկեն, որովհետև բանավեճերի ժամանակ այդպիսի տպավորություն էր ստեղծվել, նման բան չեղավ»:

Ռուզան Առաքելյանը կարծում է, որ վեհաժողովի մասնակից երկրների ներկայացուցիչները շատ ճանաչված քաղաքական գործիչներ են, ովքեր ներկայացնում են իրենց խորհրդարաններն ու քաղաքական դիրքորոշումները. «Այսինքն, տվյալ երկրի պատգամավորի կողմից կողմ քվեարկելը ոչ միայն այդ պատգամավորի ձայնն էր, այլ իրենց երկրի քաղաքական կարծիքը»,-նշեց Առաքելյանը:

Նոր ընդունված բանաձևում նշվում է, որ ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հրեշավոր հանցագործություն է, արժանի է դատապարտման` անկախ վաղեմության ժամկետից և պետական քաղաքական շահերից, և կոչ է արվում Թուրքիային` որպես իրավահաջորդ պետություն, ընդունել իր պատասխանատվությունը կատարածի համար, ինչը ապագայում նման հանցագործությունների բացառման լավագույն երաշխիքն է: Բանաձևում  կոչ է արվում նաև Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի բոլոր անդամ-երկրներին և միջազգային հանրությանը դատապարտել Օսմանյան կայսրությունում հայերի, հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը և Թուրքիային` գիտակցել և ընդունել իր պատասխանատվությունը հանուն պատմական արդարության վերականգնման:

Չնայած որ Վեհաժողովի մասնակից որոշ երկրներ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն հայկական կողմի ներկայացուցիչները վստահ են, որ այս պաշտոնական փաստաթուղթը այդ երկների ներկայացուցիչները քննարկման կդնեն իրենց խորհրդարաններում. «Ընդհանրապես, բոլորը շատ դրական էին ու հայամետ իրենց մոտեցումներով,-նշեց Առաքելյանը,-իսկ Բեյրութի ներկայացուցիչն այնքան ոգևորվեց, որ իր ելույթի ժամանակ արդեն կարծես այս հարցն էր բարձրացնում` թե ինչու հենց հիմա չեք պահանջում հողերը»:

«Այս բանաձևով մենք հարցի մի փոքրի հատվածն ենք փորձում լուծել. հանրությունը, քաղաքակիրթ աշխարհը պիտի իր երկրներով ու քաղաքական կառույցներով գնահատական տա, որպեսզի հանրության պահանջի և ճնշման ներքո Թուրքիան ստիպված լինի ընդունել Հայոց ցեղասպանությունը»,-ասաց Մինասյանը:

Ըստ նրա, մինչ այս բանաձևի ընդունումը, Հայոց ցեղասպանությունը ճանաչել էին երկու միջազգային քաղաքական կառույցներ` Եվրախորհրդարանն ու Եվրախորհուրդը:  Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը դարձավ երրորդը. «Սա այն կառույցներից մեկն է աշխարհում, որ ներկայացնում է պառլամենտական դիվանագիտությունը` իր բոլոր ասպեկտներով,-ասաց Մինասյանն` ավելացնելով, որ գործընթացը դեռ շարունակվելու է. «Սա ոչ աշխարհի սկիզբն է, ոչ էլ վերջը, և այս հարցը պետք է բարձրացնել համաշխարհային հանրությունը ներկայացնող այլ քաղաքական կառույցներում ևս»:

Ռուզան Առաքելյանն էլ, թյուրընկալումներից խուսափելու համար ավելացրեց. «Մենք մեկ  օրում չհամոզեցինք այնտեղ ներկա 28 երկրների քաղաքական գործիչներին նման բանաձև ընդունել: Սա քաղաքական դաշտի համար կարևոր նվաճում էր, ինչը տարիների աշխատանքի արդյունք է»,- ասաց նա:

 

Դիտվել է 1431 անգամ:
Print Friendly

Leave a Reply