Թողարկվել է «Քրքում ադամի» նոր հուշադրամ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 29, 2011 15:08

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Ծաղիկների գեղեցկությունը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով «Քրքում ադամի» արծաթե հուշադրամը:

Հուշադրամի դիմերեսի աջ հատվածում «Քրքում ադամի» ծաղիկն է: Ձախ հատվածում պատկերված է ծաղկաթերթի մի մասը: Ամբողջ մակերեսով տեղադրված է գունավոր ոճավորված պատկեր: Դիմերեսին եզրաշուրթի մոտ կիսաշրջագծով վերևում հայերեն և ներքևում անգլերեն մակագրված են համապատասխանաբար` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Հուշադրամի անվանական արժեքը երկու տողով նշված է ներքևի հատվածում` “1000” և “ԴՐԱՄ”: Դաշտի աջ հատվածում թողարկման տարեթիվն է` «2011»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված են «Քրքում ադամի» ծաղիկը և ցողունները: Աջ հատվածում պատկերված ծաղկաթերթի մի մասը ավարտվում է հուշադրամի դիմերեսին: Դարձերեսի եզրով հայերեն և լատիներեն մակագրված է ծաղկի անվանումը համապատասխանաբար` «ՔՐՔՈՒՄ ԱԴԱՄԻ» և «Crocus adamii»: Դարձերեսի ներքևի աջ հատվածում նշված են հուշադրամի մետաղը և հարգը` «Ag 925»:

Հուշադրամի պատրաստման համար օգտագործվել են գունավոր ներկեր: Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Մայեր դրամահատարանում (Գերմանիա):

Հուշադրամի բնութագիրը

 

Անվանական արժեքը            1000 դրամ

Մետաղը և հարգը                  արծաթ, 9250

Զանգված                                28.28 գ

Տրամագիծը                            38.61 մմ

Դրամաշուրթը                        ատամնավոր

Որակը                                                պրուֆ

Տպաքանակը                          մինչև 10000 հատ

 

Դիտվել է 1396 անգամ:
Print Friendly

Leave a Reply