ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտներին դիպլոմները հանձնվել են Արեւմտյան Հայաստանում
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 29, 2011 14:46
Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի շրջանավարտներն իրենց դիպլոմները ստացել են Արեւմտյան Հայաստանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, բակալավրիատի եւ մագիստրատուրայի 70 շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել հունիսի 25-ին, Անիի Մայր տաճարում: Անիի հիմնադրման 1050-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի եւ ավարտական քննական հանձնաժողովի նախագահ, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանի նախաձեռնությամբ որոշվել է ֆակուլտետի շրջանավարտներին տանել Արեւմտյան Հայաստան եւ դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը կատարել Անիի Մայր տաճարում: Պատմաբաններին դիպլոմները հանձնել է Աշոտ Մելքոնյանը, արվեստաբաններին’ Էդիկ Մինասյանը, իսկ մշակութաբաններին’ պրոֆեսոր Իգիթ Ղարիբյանը: Դիպլոմների պաշտոնական հանձնումից հետո բոլորը երգել են «Հայր մեր»-ը եւ Անիի պարիսպների շուրջ պարել հայկական քոչարի’ վերակենդանության շունչ հաղորդելով մայրաքաղաքին:
Արարողության կատարմանն աջակցել է Արեւելագիտության ֆակուլտետի դասախոս Աշոտ Սողոմոնյանը, ում ջանքերով շրջանավարտների համար պատրաստվել էին սպիտակ համազգեստներ եւ գլխարկներ’ ԵՊՀ-ի անգլերեն անվամբ եւ գերբով:
Էդիկ Մինասյանի հավաստմամբ’ իրենց նախաձեռնությունը մինչ այդ իր նախադեպը չունեցող եզակի ու բացառիկ երեւույթ է, որը, սակայն, պետք է դառնա ավանդույթ: Պատմության ֆակուլտետն արդեն ունի այդպիսի ավանդույթ. ֆակուլտետի ուսանողներն իրենց ուսանողական տոմսերը, ստուգման գրքույկները եւ դիպլոմները ստանում են պատմական նշանակություն ունեցող տարբեր վայրերում:
«Միջնադարյան համալսարաններում ընդունված է եղել ավարտական վկայականներն հանձնել մեծ հանդիսավորությամբ, եւ մենք այսօր այդ ավանդույթը վերականգնում ենք մեր պատմական հայրենիքի մի մասում’ ցույց տալու, որ Անին դեռ կենդանի է, որ բարձրագույն ուսումնական այդ հաստատությունների լավագույն ավանդույթները փոխանցվել են ԵՊՀ-ին, եւ Անին կարող է վերակենդանանալ մեր ուսանողների շնորհիվ»,- նշել է Էդիկ Մինասյանը: Վերջինս իր խոսքում շեշտել է, որ իրենք ցանկացել են ուսանողներին անձամբ ծանոթացնել պատմական հայրենիքի կորցրած տարածքներին, մանավանդ որ ուսանողների մեծ մասի արմատները հենց Արեւմտյան Հայաստանից են, նրանց’ իբրեւ պատմաբանների, մշակութաբանների եւ արվեստաբանների, ծանոթացնել պատմական հուշարձաններին ու այն վայրերին, որտեղ տեղի են ունեցել հայոց պատմության նշանավոր իրադարձությունները:
Շուրջ 100 հոգուց բաղկացած խումբը, որի կազմում ոչ միայն Պատմության ֆակուլտետի շրջանավարտներն էին, այլեւ ուսանողներ եւ դասախոսներ տարբեր ֆակուլտետներից, հունիսի 24-26-ն այցելել է պատմական Հայաստանի տարբեր վայրեր’ Ախալքալաք, Ախալցխա, Արդահան, Կարս, Բայազետ, Կողբ, Իգդիր, Արծափ, Վան, Ախթամար կղզի:






Facebook
Tweet This
Email This Post
