Ղուզե Ճարտար գյուղը նոր մանկապարտեզ ունի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 29, 2011 13:43
Հունիսի 28-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Ղուզե Ճարտար գյուղում հանդիսավորությամբ բացվեց ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության հովանավորությամբ կառուցված մանկապարտեզը:
Ծրագիրն իրականացվել է ՙԼուդենդո Գրուփ՚ ընկերության նախագահ Ժան–Միշել Գրինբերգի եւ ՙԲերենիկ եւ Եվրելիա՚ ընկերության նախագահ Միշել Փազումյանի նվիրատվություններով` ի հիշատակ Հիմնադրամի բարերար Էմանուել դե Լաբարրի, ով կյանքի վերջին տարիների ընթացքում ակտիվորեն ներգրավված է եղել Հիմնադրամի արցախյան ծրագրերում:
Բացման արարողությանը ներկա էին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, կառավարության անդամներ, ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի պատվիրակությունը, այդ թվում եւ Ֆրանսիայից ժամանած բարերարներ:
Գյուղը մանկապարտեզի կարիք ուներ դեռեւս 1988 թվականից, երբ Ղուզե Ճարտարը, որպես վարչական միավոր, առանձնացավ հարեւան Ճարտար գյուղից: Մինչ նոր շենքի կառուցումը ընդամենը 40 երեխա էր հաճախում մանկապարտեզ, որը գործում էր դեռեւս 1930-ականներին կառուցված դպրոցի նախկին շենքում եւ զբաղեցնում երկու դասասենյակ:
Երկհարկանի նորակառույց մանկապարտեզի թե’ արտաքին ձեւավորումը եւ թե’ ներքին հարդարանքն ու կահավորումը առանձնահատուկ գրավչություն ունեն: Մանկապարտեզն ունի գեղեցիկ ու հարմարավետ խաղասենյակներ, ննջարաններ, հանդերձարաններ, կենցաղային տեխնիկայով հագեցած խոհանոց, լվացքատուն, բուժկետ, սանհանգույցներ: Մանկապարտեզն ապահովված է նաեւ կենտրոնական ջեռուցման եւ օդափոխության համակարգերով: Երեխաներն իրենց բացօթյա ժամանցը կարող են անցկացնել արդեն իսկ բարեկարգ խաղահրապարակում:
Շնորհակալություն հայտնելով բարերարներին` մանկապարտեզի տնօրեն Հասմիկ Հարությունյանը ասաց. ՙՏարիներով փայփայած մեր երազանքն արդեն իսկ իրականություն է, ու այսօր մեր փոքրիկները դառնում են այս հրաշալի դղյակի տերերը՚:Նրա խոսքով` կրթօջախն իր հարկի տակ կարող է ընդունել մինչեւ 80 երեխայի: Ներկայումս քննարկվում է մանկապարտեզի կրթական ծրագիրը:
ՙՄեր մանուկների կրթության ու դաստիարակության համար բարվոք պայմանների ստեղծումը այն հիմնաքարն է, որի վրա կառուցվում է նրանց ապագան՚,- ասում է ՙՀայաստան՚ հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը ողջունեց հյուրերին ու նշեց, որ Ղուզե Ճարտարը ամենամեծ համայնքն է ԼՂՀ–ում եւ բարեկարգման ծրագրերն այստեղ կշարունակվեն:
Ղուզե Ճարտարը ԼՂՀ Մարտունու շրջանի 40 գյուղերից մեկն է եւ գտնվում է ադրբեջանական սահմանից մոտ 20 կմ հեռավորության վրա: Այն այսօր ունի շուրջ 1800 բնակիչ:






Facebook
Tweet This
Email This Post
