Եվրոպայի խորհրդի անդամ երկրների պատվիրակները այցելել են Երևանի քաղաքապետարան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 29, 2011 13:19

Հունիսի 29-30 Երևանում անցկացվող Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների Կոնգրեսի “ Միգրացիան որպես մարտահրավեր տեղական ու ռեգիոնալ իշխանությունների համար” կոնֆերանսը մեկնարկել է ընթացիկ հարցերի հանձնաժողովի նիստով, որի բացմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը: Եվրոպայի  խորհրդի կոնգրեսը եվրոպական, տեղական ու տարածքային իշխանությունների ինստիտուտն է, որի նիստերը սովորաբար անցկացվում են Ստրասբուրգում: Այս անգամ ՀՀ Կառավարության, Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի համայնքների միության հրավերով այն անց է կացվում  Հայաստանում` Եվրոպայի խորհրդի անդամ երկրների շուրջ 70 պատվիրակների մասնակցությամբ: Ի դեպ, նախօրեին Կոնֆերանսի պատվիրակները հյուրընկալվել էին Երևանի քաղաքապետարանում: Ողջունելով հյուրերին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը նշել է, որ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ մեր երկրում տեղական ինքնակառավարման բարեփոխումները մշտապես ուղեկցվել են Եվրախորհրդի հետ համատեղ աշխատանքով և համագործակցությամբ, ինչի վառ ապացույցը, մասնավորապես, նաև “Երևանի մասին” գործող օրենքն է: Կարևորելով Կոնֆերանսի Երևանում անցկացումը, Տարոն Մարգարյանը այն դիտարկել  է նաև ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի, Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության տասնամյակի և տեղական ինքնակառավարման ինստիտուտի ներդրման 15-ամյակի հոբելյանական միջոցառումների համատեքստում, նշելով, որ սա փոխադարձ վստահության ևս մեկ ապացույց է: Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային կոնգրեսի փոխնախագահ Հալվարդ Սկարդին էլ, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Երևանում անցկացվող կոնֆերանսը  Եվրոպայի խորհրդի անդամ երկրների պատվիրակների համար լավ առիթ է հայ գործընկերների հետ փորձի փոխանակման և առանցքային հարցերի շուրջ երկխոսություն ծավալելու առումով:

 

 

 

Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի

տեղեկատվության և հասարակայնության հետ

կապերի վարչություն

 

Դիտվել է 898 անգամ:
Print Friendly

Leave a Reply