Նախարարն այցելել է Գեղարքունիքի մարզ

Պաշտոնական, Օրվա լուր | | June 29, 2011 10:28

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն աշխատանքային այցով  երեկ մեկնել է Գեղարքունիքի մարզ, ծանոթացել մարզի բուժհաստատություններում իրականացվող վերանորոգման, շինարարական աշխատանքների ընթացքին:

Նախարարը նախ այցելել է Գավառի բժշկական կենտրոն, որտեղ ներկայացվել է Համաշխարհային բանկի «Առողջապահության համակարգի արդիականացում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը, քննարկվել են ընթացիկ հարցերը, տրվել ցուցումներ:

Հարկ է նշել, որ Գավառի բժշկական կենտրոնը ստեղծվել է Գավառի հիվանդանոցի և ծննդատան միաձուլման արդյունքում: Նախատեսված է բոլոր ծառայությունները (բացառությամբ ինֆեկցիոն-տուբերկուլոզային) տեղափոխել քաղաքի կենտրոնում` բնակչության համար առավել մատչելի վայրում գտնվող Գավառի ծննդատան մասնաշենք:

Գավառի ծննդատան շենքում կծավալվի 80 մահճակալ, որից վիրաբուժական` 25, թերապևտիկ` 15, մանկական` 10 և մանկաբարձագինեկոլոգիական` 30:

Վարկային ծրագրի հավելյալ ֆինանսավորման շրջանակներում նախատեսվել են լրացուցիչ աշխատանքներ` շենքի երեսպատում ջերմամեկուսացման նպատակով, տարածքի բարեկարգում, արտաքին լուսավորություն, 5-մահճակալանոց ինֆեկցիոն բաժանմունքի տեղակայում տնտեսական մասնաշենքում, դիահերձարանի կառուցում:

Գավառի ԲԿ ծննդատան շենքի վերանորոգման աշխատանքների ավարտից հետո բժշկական կենտրոնը վարկային ծրագրի շրջանակներում կհագեցվի ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով: Բժշկական կենտրոնը նախատեսվում է շահագործման հանձնել 2011 թվականի հոկտեմբերի ընթացքում:

Այնուհետև Հարություն Քուշկյանը ծանոթացել է Սևանի պոլիկլինիկայում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Նշենք, որ այն վերանորոգվում է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով:

Ինչպես հաղորդում են Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից, նախարարը շրջել է նաև Սևանի հիվանդանոցում, որտեղ մանրակրկիտ ներկայացվել է շենքի ներկա իրավիճակը, քննարկվել են ընթացիկ հարցերը:

 

Դիտվել է 922 անգամ:
Print Friendly

Leave a Reply