Մարդկանց թրաֆիքինգի մասին 2011թ. զեկույցը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 28, 2011 17:37

Վաշինգթոն. Պետքարտուղար Հիլարի Ռոդհամ Քլինթոնը ս.թ. հունիսի 27-ին ժամը 14:30 հայտարարեց Մարդկանց թրաֆիկինգի մասին 11-րդ ամենամյա զեկույցի հրապարակման մասին:

184 երկրների մասին այս զեկույցը մարդկանց թրաֆիքինգի կամ ժամանակակից ստրկության դեմ պայքարի ուղղությամբ առանձին երկրների կառավարությունների ջանքերը դիտարկող ամենաընդգրկուն և համապարփակ ուսումնասիրությունն է աշխարհով մեկ:

Մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածին կարող եք ծանոթանալ http://armenia.usembassy.gov/news062811.html (անգլերեն) և http://armenian.armenia.usembassy.gov/news062711.html (հայերեն) էջերում:

Մարդկանց թրաֆիքինգը անձին հարկադրաբար ծառայության մեջ պահելու դաժան պրակտիկան է`խաբեության, հարկադրանքի և ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման միջոցով: Պետքարտուղար Հիլարի Ռոդհեմ Քլինթոնն ասել է. «Եկեք այն կոչենք, ինչպես որ կա. ժամանակակից ստրկություն»: ԱՄՆ կառավարության հաշվարկներով ամեն տարի միլիոնավոր կանայք, տղամարդիկ և երեխաներ հայտնվում են նմանատիպ հարկադրանքի պայմաններում աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Աշխատանքային և սեռական թրաֆիքինգն աշխարհագրական, գենդերային կամ ազգային սահմաններ չեն ճանաչում: Ավելին, շուկաներում առկա պահանջարկի, օրենքների թույլ կողմերի, մեղմ քրեական պատժամիջոցների, կոռուպցիայի, բնական աղետների և տնտեսական անկայունության պարագայում   ժամանակակից ստրկության այս դրսևորումների ազդեցության դաշտում են հայտնվում անհատներն ու հասարակությունները ողջ աշխարհում:

Այս տարվա զեկույցը կրում է «Արդյունքների տասնամյակ» խորագիրը և կոչ է անում բոլոր երկրների կառավարություններին, այդ թվում և Միացյալ Նահանգներին առաջիկա տասնամյակում ապահովել հակաթրաֆիքինգային այն արդյունքները, որ նախանշվում են ՄԱԿ-ի անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիան լրացնող Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգի կանխարգելման, արգելման և պատժման մասին արձանագրության մեջ, անկախ այն հանգամանքից, թե տվյալ երկիրը միացել է արձանագրությանը, թե ոչ: Վերջին տասը տարիների ընթացքում տարբեր երկրներում կառավարությունները մշակել են թրաֆիքինգին արձագանքելու ուղիներ: Կառավարությունների մեծ մասը  գործողության մեջ են դրել հակաթրաֆիքինգային օրենքներ և ձևավորել թրաֆիքինգի դեմ պայքարի շրջանակը, սակայն ժամանակն է, որ բոլոր կառավարությունները իրենց իրավապահ ու զոհերի պաշտպանությանն ուղղված գործունեությամբ ապահովեն շոշափելի ու տևական ազդեցություն ընդդեմ այս հանցանքի:

Բացի այդ,  այս տարվա զեկույցի կարևորագույն ենթաթեմաներից մեկը ժամանակակից ստրկության դեմ պայքար խորացումն է` դասակարգման սանդղակի առաջին խմբից այն կողմ: Զեկույցը կոչ է անում բոլոր կառավարություններին, նույնիսկ այն երկրների, որոնք տեղ են գտել դասակարգման սանդղակի առաջին հորիզոնականում, առավել խստացնել թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված աշխատանքները, ապահովել, որ զոհերի համար իրապես երաշխավորված լինեն աջակցությունն ու արդարությունը, պատասխանատվության ենթարկել թրաֆիքինգ իրականացնողներին և իրականացնել կանխարգելման հասցեական աշխատանքներ:

 

Դիտվել է 1911 անգամ:
Print Friendly

Leave a Reply