Հաստատվել է FREDA-ի 2011-2015 թթ. ռազմավարական զարգացման ծրագիրը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 28, 2011 16:52

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Օրակարգի առաջին հարցով հաստատվել են Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի 2010թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպության կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվությունները և անկախ աուդիտորական եզրակացությունը:
Հիմնադրամի տնօրեն Տիգրան Խանիկյանը ներկայացրել է Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի 2011-2015թթ. ռազմավարական զարգացման ծրագրի նախագիծը: Ծրագրով սահմանվում են առաջիկա հինգ տարվա ընթացքում FREDA-ի գործունեության հիմնական մոտեցումներն ու սկզբունքները, որոնց նպատակը գյուղական շրջաններում ձեռնարկություններին, դրանց աշխատակիցներին և մատակարարներին օժանդակելն է: Նա տեղեկացրել է, որ 2011թ. հիմնադրամի ներդրումային պորտֆելի ընդհանուր ծավալը կազմում է 1,6 մլրդ ՀՀ դրամ, որի շրջանակում նախատեսվում է գյուղատնտեսական մթերքների վերամշակման ոլորտում ծրագրեր իրականացնել: Մասնավորապես, խոսքը վերաբերում է կաթնամթերքի արտադրության, մրգերի և բանջարեղենի պահածոյացման, գինու արտադրության, թռչնաբուծության, ձկնաբուծության և վերամշակման, ինչպես նաև սառը պահեստավորման հարմարությունների և ջերմոցների ստեղծման ուղղությամբ ներդրումային ծրագրերի իրականացմանը: Ներկայացված փաստաթուղթը հաստատվել է հոգաբարձուների խորհրդի կողմից:
Մեկ այլ հարցով խորհուրդը որոշել է FREDA-ի Ներդրումային կոմիտեի կազմում ընդգրկել նոր այլընտրանքային անդամի և համապատասխան փոփոխություններ կատարել Ներդրումային կոմիտեի կանոնակարգում: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է խորհրդի անդամներին ներկայացնել առաջարկություններ հնարավոր թեկնածուի վերաբերյալ: Արծարծվել է նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում փոփոխություններ կատարելու հարցը:

 

Դիտվել է 1848 անգամ:
Print Friendly

Leave a Reply