Ռուբեն Հայրապետյանի քրոջ որդուն բռնել են «Զվարթնոց» օդանավակայանում. նա դանակահարությունից հետո փորձում էր փախչել երկրից
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | June 28, 2011 16:17
Հունիսի 27-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նոր Նորքի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 26-ին ժամը 00.30-ի սահմաններում Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնել են ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ ձախ կրծքավանդակի եւ որովայնի ծակած-կտրած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ավանի Բրյուսով թաղամասի բնակիչ, ոսկու առեւտրով զբաղվող 40-ամյա Նորայր Ղալեչյանը:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Մուշեղ Օհանյանի գլխավորությամբ, պարզել է, որ Ն. Ղալեչյանը վնասվածքները ստացել է ծեծկռտուքի հետեւանքով:
Ոստիկանությունն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ հունիսի 25-ին, ժամը 23-ի սահմաններում վիրավորն Ավան 7-րդ փողոցի «Զորոյի օբյեկտում» իր ընկերներով «հաց ուտելուց» են եղել: Նույն վայրում է եղել նաեւ Ավան 14-րդ փողոցի բնակիչ, 27-ամյա Բորիս Ասատրյանը: Նրանց միջեւ «տղայական» ռազբորկա է տեղի ունեցել, որի ժամանակ դուրս են եկեն օբյեկտից եւ «ռազբոկան» շարունակել նույն փողոցում գտնվող «Քեռու մոտ» սննդի օբյեկտի դիմաց:
Այդտեղ էլ Բ. Ասատրյանը դանակի երեք հարված է հասցրել Ն. Ղալեչյանին: Ոստիկանության Ավանի բաժանմունքի աշխատակիցները` բաժանմունքի պետ Աշոտ Շամիրյանի գլխավորությամբ, հունիսի 27-ին «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել Բ. Ասատրյանին, ով Երեւան-Մոսկվա չվերթի տոմս էր գնել եւ պետք է մեկներ Հայաստանից: Այդ պահին Բ. Ասատրյանը, ով ՀՀԿ-ական գործարար պատգամավոր, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի քրոջ որդին է, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել ոստիկանության Ավանի բաժանմունք: Այս պահին նա ձերբակալվել է եւ տեղափոխվել Երեւանի ոստիկանության ձերբակալվածների պահման վայր:
NEWS.am-ի տեղեկություններով, ծեծկռտուքի ժամանակ ոսկերիչի մոտ եղել է խոշոր գումար եւ ոսկյա զարդեր, սակայն Բ. Ասատրյանը դրանց ձեռք չի տվել: Մեզ հետ զրույցում Ավանի Բրյուսով թաղամասի բնակիչները պատմել են, որ Ռուբեն Հայրապետյանը ոչ մի անգամ չի հետաքրքրվում իր քրոջ որդու ճակատագրով, իսկ մի քանի անգամ էլ, ըստ ավանցիների, իրեն անշնորհք պահելու համար քեռին «շան ծեծ է տվել» քրոջ որդուն:






Facebook
Tweet This
Email This Post
