«Today’s Zaman». Թուրքիա, Իսրայել եւ Հայաստան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 28, 2011 15:51

NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է Բերիլ Դեդեօղլուի հոդվածը`հրապարակված «Today’s Zaman» թերթում:

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում Արդարություն եւ զարգացում կուսակցության տարած հաղթանակը որոշ երկրների կարող է ստիպել հստակեցնել քաղաքականությունը Անկարայի նկատմամբ: Մենք պետք է ընդունենք, որ Արդարություն եւ զարգացում կուսակցության պարտության վրա հույսը դրած ուժերին դժվար ժամանակներ են սպասվում: Թուրքիան կառավարվում է նեոպահպանողական մոտեցումներով: Իշխող կուսակցության ժողովրդավարական գործունեությունը երբեմն դրվում է կասկածի տակ, սակայն այդ կուսակցությունը այն քաղաքական ուժն է, որը ժողովրդավարացրել է Թուրքիան:

Ամենայն հավանականությամբ, Հայաստանն ու Իսրայելը հասկացան թուրք ընտրողների ուղերձը եւ այդ երկրները շատ ուշադիր հետեւում են Թուրքիայի ներքին քաղաքական իրադարձություններին: Հավանաբար, նրանք կանխատեսում են, որ ժողովրդի 50 տոկոսի աջակցությունը վայելող կուսակցությունն ավելի ազատ ու համարձակ կլինի արտաքին քաղաքականությունում քայլեր ձեռնարկելիս:

Մամուլում հայտնվող տեղեկատվությունը ցույց է տալիս, որ այդ երկրներն արդեն սկսել են փորձարկել իրենց կանխատեսումները: Իսրայելի կառավարությունը համառորեն հայտարարում է, որ ուզում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, իսկ Անկարան հաստատեց, որ իսրայելցի պաշտոնյաների հետ ընթանում են բանակցություններ: Հայաստանն էլ իր կամքն է արտահայտել Թուրքիայի հետ սկսել առանց նախապայմանների բանակցություններ: Այս հաղորդագրությունները մամուլում ուղղված են նաեւ թուրքական հասարակության արձագանքը ստուգելուն: Բայց կարեւորն այն է, որ այս երկու երկրները փորձում են կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ:

Թուրքիայի հարաբերությունները նորմալացումը Իսրայելի եւ Հայաստանի հետ կբարդացնի Եվրամիության խնդիրը, քանի որ ավելի հեշտ է Թուրքիային ոչ ասել, երբ մենք վատ հարաբերություններ ունենք մեր հարեւանների հետ: Այդուամենայնիվ Թուրքիայի վերաբերյալ Եվրամիության որոշումը որոշիչ նշանակություն ունի Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի վերադասավորման համար:

Պաղեստինի ճակատագիրն այդքան անջատ չէ Լեռնային Ղարաբաղի ճակատագրից: Բոլորին է հայտնի, որ Պաղեստինի իրադարձությունները ազդում են Իրանի, Սիրիայի, Հորդանանի եւ Լիբանանի վրա, սակայն պետք չէ թերագնահատել դրանց ազդեցությունը Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի կամ Լեռնային Ղարաբաղի, Օսիայիեւ Աբխազիայի վրա: Բոլոր այս տարածաշրջաններում իրադարձությունների զարգացումը ազդում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրամիության միջեւ հավասարակշռության պահպանմանը: Հայաստան – Թուրքիա – Իսրայել գիծը որոշիչ նշանակություն ունի, քանի որ այս երկրների հարաբերությունները միմյանց հետ հնարավորություն կտան մյուս երկրներին ավելի հեշտ գտնել իրենց տեղն այդ բալանսում: Գոյություն ունեցող պայմանները պահանջում են այս երեք երկրների մերձեցում:

 

 

Դիտվել է 1727 անգամ:
Print Friendly

Leave a Reply