Քաղաքապետարանը հերքում է, թե Երեւանում թափառող շների զանգվածային սպանդ է կազմակերպվել, այնինչ…

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 28, 2011 15:39

«Փրկենք կենդանիներին» կամավորների խումբը եւ «Թափառող կենդանիների պաշտպանության կենտրոնն» ահազանգում են, որ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ սկսվել է թափառող շների զանգվածային ու աննախադեպ սպանդ, որի ժամանակ շներին վերացնելու նոր տեխնոլոգիա է մշակվել: Այդ մասին նրանք հայտարարել են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իրենց էջում` «Բողոք քաղաքապետին` շներին սպանելու համար»:

Ըստ այդմ, նշվում է. «Շներին բռնելու գործիքը հիմա հոսանքով է, այսինքն՝ բռնում են ու տեղում հոսանքահարում: Ականատեսներից մեկի վկայությամբ, «Նաիրի» կինոթատրոնի հարակից տարածքի շանը փորձել են բռնել հենց այդ կերպ, սակայն չեն հաջողել ու միայն վիրավորել են։ Հիմա այդ շունը ամբողջ օրը ոռնում է ու թափահարում գլուխը, ու նրան բռնելը դարձել է անհնար»:

Խմբի ակտիվիստները գրոհել են  քաղաքապետի «Ֆեյսբուքի» էջը եւ բազմաթիվ  ստատուսներ գրել`  շների պաշտպանության վերաբերյալ: Իսկ  քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանն էլ հայտնել է, որ Երեւան քաղաքում կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունք չի ցուցաբերվում, եւ թափառող կենդանիների զանգվածային սպանդ չի կազմակերպվել ու կազմակերպվում:

Երեւանի քաղաքապետարանի կողմից ընդունվում է, որ իրոք թափառող կենդանիների հիմնախնդրի լուծման ամենաարդյունավետ եւ քաղաքակիրթ եղանակը միջազգային հեղինակավոր մասնագետների կողմից մշակված «ամլացնել (ստերիլիզացնել) եւ վերադարձնել» ծրագիրն է, որն արժանացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ կենդանիների պաշտպանության միջազգային կազմակերպությունների հավանությանը եւ կիրառվում է զարգացած շատ երկրներում։

Նշենք, որ Երեւան քաղաքում թափառող կենդանիների կողմից անհանգստություն պատճառելու եւ կծելու վերաբերյալ ստացվել են 2010-ին՝ 2279 եւ 2011թ. անցած ամիսների ընթացքում՝ 1621 դիմում–բողոք եւ ահազանգ։ Միայն 2010թ. Երեւան քաղաքում բժշկական կազմակերպությունների կողմից արձանագրվել է շների կողմից մարդկանց կծելու 1320, իսկ 2011թ. առաջին եռամսյակի ընթացքում՝ 238 դեպք։

 

Դիտվել է 1337 անգամ:
Print Friendly

Leave a Reply