Արարատի նախկին քաղաքապետի բացահայտումները. Նրան ՀՀԿ-ից հեռացրել են գործող քաղաքապետի պատճառով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 28, 2011 15:30

Արարատի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի ընտրություններում կրկին իր թեկնածությունն առաջադրած Աբրահամ Բաբայանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորություններն ու թույլ է տվել օրենքի մի շարք խախտումներ: Այս մասին հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արարատի նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Հակոբ Թովմասյանը: Նա մի շարք փաստաթղթեր ներկայացրեց, որոնք ապացուցում են Աբրահամ Բաբայանի կողմից թույլ տրված խախտումները: Մասնավորապես` Բաբայանն իր պաշտոնավարման տարիներին Արարատում հասարակական կառուցապատում  իրականացնելու համար աճուրդ է կազմակերպել եւ ինքն էլ դարձել է այդ աճուրդի հաղթողը: Մեկ այլ դեպքում, նախկին քաղաքապետի` Հակոբ Թովմասյանի ստորագրությունը կեղծելով իրականացրել է մի շարք գործարքներ` օտարել է մանկապարտեզ, պատկերասրահ եւ քաղաքապետարանի նիստերի դահլիճը: Հիշյալ խախտումների մասին Հակոբ Թովմասյանը բարձրաձայնել է` հաղորդում  ներկայացնելով ՀՀ գլխավոր դատախազին եւ տեղյակ պահելով ՀՀ նախագահին, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ իրեն հեռացնեն  ՀՀԿ-ից:

Այժմ անկուսակցական Թովմասյանը քաղաքապետի ընտրություններին մասնակցելու է` ապավինելով բացառապես ժողովրդի քվեին: Նա նշեց, որ բարձրաստիճան պաշտոնյաներից եւ ոչ մեկը, մասնավորապես` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը պաշտոնապես չեն հայտնել իրենց աջակցության մասին:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Հովիկ Աբրահամյանը սովորության համաձայն «տակից» հովանավորի Թովմասյանին, քաղաքապետի թեկնածուն արձագանքեց, թե ԱԺ նախագահի հետ շփման երկար տարիների փորձ ունի եւ վերջինս այն մարդկանցից է, ով մտադրությունների մասին հայտնում է բացահայտ: Թովմասյանը նշեց, որ վերոնշյալ երկու պաշտոնյաների հետ շուրջ 6 ամիս է` ինչ չի շփվել, եւ վերջին անգամ նրանց տեսել է Կոմիտասի անվան Պանթեոնում` ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ: Սակայն նրանց կողքով անցնելով` անգամ չի բարեւել, «որպեսզի դա կողքից այլ կերպ չդիտվի»:

Ի դեպ` Թովմասյանը հայտարարեց նաեւ, որ իր պաշտոնավարման նախորդ ժամկետում իրեն աջակցել է Ա. Մարգարյանը, սակայն դա եղել է անուղղակի աջակցություն. «Նա պարզապես հայտարարել է, որ կուզենար, որ Հայաստանն ունենար իմ պես համայնքապետեր»,-հայտարարեց Թովմասյանը:

 

Դիտվել է 1578 անգամ:
Print Friendly

Leave a Reply