Ավտոտեսուչները գյուղմթերքով բեռնված մեքենաները չեն կանգնեցնի

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 28, 2011 12:56

«Բոլոր ավտոտեսչություններին հանձնարարված է գյուղմթերքներով բեռնված մեքենաները չկանգնեցնել, եթե շատ խիստ խախտում տեղի չի ունեցել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը` հավելելով, որ հանձնարարականը չկատարելու և գյուղմթերքով մեքենաները կանգնեցնելու դեպքում քաղաքացիները կարող են ահազանգել ոստիկանության թեժ գծին կամ զանգահարել Ագրարագյուղացիական միավորում 010 54 07 81 հեռախոսահամարով:

Գյուղացիների մեքենաները հաճախ ունեն ապահովագրության խնդիր, համարները լավ չեն երևում և  մեքենան կանգնեցնելու առիթ հանդիսացող բազմաթիվ նման թերություններ կան: Գյուղմթերքի իրացումը չխոչընդոտելու համար նման թերացումների համար մեքենաները չեն կանգնեցվի:

Բերբերյանն ասում է, որ այժմ հանրապետությունում առկա են երաշտի նախադրյալներ: Հատկապես կարտոֆիլագործներին Բերբերյանը խորհուրդ է տալիս մի թեթև ջրել կուլտուրաները (չնայած բուն ոռոգման համար դեռ վաղ է),   որպեսզի խուսափեն բույսերի չորացումից: Եթե երաշտը մեծ վնասներ չպատճառի, Բերբերյանի կանխատեսումներով , կլինի կարտոֆիլի միջին կայուն բերք, ինչը կբերի գների իջեցման:

Անդրադառնալով ծիրանի գներին, Ագրարագյուղացիական միավորման նախագահն ասում  է, որ բարձր գների պատճառն արտահանումն է. «Մեր գյուղացին առաջին հերթին աշխատում է մեր ժողովրդի համար, իսկ արտահանումը պետք է խթանվի  ավելցուկի հաշվին»: Իսկ ներկայումս անգամ մեծածախ վաճառքի գինը ավելի բարձր է, քան մարդկանց գնողունակությունը:

Այս տարի, ըստ Բերբերյանի, ունենք ծիրանի միջին բերքի մոտ 30 տոկոսը` շուրջ 20 հազար տոննա ( տարի է եղել, որ ստացվել է մինչև 75 հազար տոննա բերք): Բերքի մոտ կեսը անհրաժեշտ է ներքին պահանջարկը բավարարելու համար, ևս 5 հազար տոննան` մթերելու համար, մնացածը նոր միայն արտահանելու համար է: Իսկ թե իրականում պատկերն ինչպիսին կլինի, պարզ կդառնա սեզոնի ավարտին:

Բերբերյանն ասում է, որ ծիրանի, ինչպես նաև բանջարեղենների միջակ բերքի պատճառը հիվանդություններն են. բույսերի հիվանդությունների դեմ պայքարը հանրապետությունում սխալ է կազմակերպվում: Դեր ունի նաև պարարտանյութերի պակասը. չնայած խոստումներին գյուղացին այդպես էլ էժան պարարտանյութ չստացավ, և հետագայում էլ «պարարտանյութի գինը չի իջնելու»:

 

 

 

Դիտվել է 959 անգամ:
Print Friendly

Leave a Reply