Մարկ Գորենշտեյնը հրապարակավ ներողություն է խնդրել՝ հայ թավջութակահարին վիրավորելու համար

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 27, 2011 22:13
Մոսկվայում տեղի ունեցող Չայկովսկու անվան 14-րդ միջազգային երաժշտական մրցույթում դիրիժոր Մարկ Գորենշտեյնը նվաստացրել է Հայաստանը ներկայացնող, մոսկվաբնակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանին:
Հունիսի 25-ին, թավջութակահարների փորձի ժամանակ՝ Նարեկ Հախնազարյանի ելույթի պահին, Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար, ՌԴ ժողովրդական արտիստ Մարկ Գորենշտեյնը, դիմելով նվագախմբին, ասել է. «Թող ձեզ բոլորովին չմտահոգի, թե ինչ է նվագում  այդ «տաղանդավոր» տղան, այս աուլը: Դուք պետք է նվագեք ինձ հետ»: Այս արտահայտությունը վիրավորել է փորձին ներկա լրագրողներին, որոնց շնորհիվ այս պատմությունը մեծ արձագանք է ստացել:  Բացի այդ, այդ պահին փորձը ձայնագրվել եւ ուղիղ եթերով հեռարձակվել է աշխարհով մեկ: 

Չայկովսկու անվան մրցույթի կազմկոմիտեն վիրավորական է համարել Մարկ Գորենշտեյնի արտահայտությունները Հախնազարյանի հասցեին եւ այդ առնչությամբ դիրիժորի վարքագիծը դատապարտող հայտարարություն տարածել:

Երաժշտական շրջանակներում գերիշխում է այն կարծիքը, որ Գորենշտեյնը ցանկանում է ամեն կերպ խոչընդոտել այնպիսի պայմանների ստեղծումը, որը Հախնազարյանին հնարավորություն կընձեռի հաջող ելույթ ունենալ Չայկովսկու անվան մրցույթի եզրափակիչ փուլում:

Ինքը` Գորենշտեյնը,  միջադեպից հետո ներողություն է խնդրել իր արարքի համար:

«Կցանկանայի բացատրել իմ տեսակետը տեղի ունեցածի վերաբերյալ: Նախ դա եղել է խոսակցություն կոլեկտիվի ներսում: Երկրորդ՝  ես ձեզ վստահեցնում եմ, որ չեմ ցանկացել որեւէ ազգայնական երանգ հաղորդել խոսքիս, քանի որ դա խորթ է թե´ իմ էությանը, թե´ մեր կոլեկտիվին: Ես շատ եմ ցավում տեղի ունեցածի համար եւ ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, որոնց իմ խոսքերը կարող էին խոցել»,- «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ին ասել է Գորենշտեյնը:

Նարեկ Հախնազարյանն իր հերթին նշել է, որ ընդունել է ներողությունը եւ հիմա ինքը մտածում է միայն մրցույթի մասին:

Դիտվել է 1371 անգամ:
Print Friendly

Leave a Reply