Ճգնաժամ. խաղող շատ կլինի, սակայն գնորդ քիչ կլինի

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | August 27, 2009 14:13
120

Վանաշենի գյուղացիները, որոնցից 10 տոկոս քիչ խաղող կվերցնեն, ասում են, թե բերքն անորակ որակելը պատրվակ է, որ մթերող ընկերությունները գին գցեն և լավ որակի քաղցր խաղողն ընդունեն մինիմալ գնով

Կոնյակի գործարանը մի շարք համայնքներից 10 տոկոսով ավելի քիչ խաղող կմթերի, քան նախատեսված էր պայմանգրով:

Կոնյակի գործարանի մամուլի քարտուղար Նաիրա Թովմասյանն ասում է, որ դա պայմանավորված չէ տնտեսական ճգնաժամով, և եթե կրճատել են մթերվող խաղողի քանակն, ապա խաղողի որակը վատն է եղել· «Ընկերության աշխատակիցները բերքի գնահատում են անում և եթե հասկանում են, որ լավ որակի խաղող չեն ստանալու, իրավունք ունեն կրճատել մթերվող խաղողի քանակը»,-ասում է նա:

Բայց Արարատի Վանաշենի գյուղացիները, որոնց պայմանգրերը փոխել են և նրանցից 10 տոկոս քիչ խաղող կվերցնեն, ասում են, թե բերքն անորակ որակելը պատրվակ է, որ մթերող ընկերությունները գին գցեն և լավ որակի քաղցր խաղողն ընդունեն մինիմալ գնով:

Վանաշենցի (Արարատի մարզ) 74-ամյա Հակոբ Չարխչյանը վեշմեշոկում վարունգ,պոմիդոր, հաց, պանիր, ջուր ու մի փոքր շիշ օղի է վերցնում և ճամփա ընկնում խաղողի այգի: Հսկա ու մարդաբոյ կանաչ այգում միայն պապի` արևից պաշտպանող գլխարկն է երևում, տեղ-տեղ էլ` կանաչ տաբատն ու անընդհատ շարժվող ձեռքերը:

Այս տարի կես հեկտար խաղողի այգուց Հակոբ պապը վստահ գիտի, որ մոտ 12 տոննա խաղող կքաղի: Երևանի կոնյակի գործարանի Այգավան համայնքի մասնաճյուղի հետ 2008-10 թվականների համար ունեցած պայամանագրի համաձայն` այս տարի մթերման պիտի հանձներ 6·5 տոննա խաղող: Բայց մասնաճյուղը հավելվածպայմանագրով վերանայել է գյուղացիների պայմանագրերը և տասը տոկոսով կրճատել մթերվող խաղողի քանակը: Գյուղացիներն ասում են, որ գրեթե բոլորին են կրճատել:

Հակոբ պապն այս անգամ երկու օրում Երևանի կոնյակի գործարանի Այգավան համայնքի մասնաճյուղին պետք է մատակարարի 5·9 տոննա երկու տեսակի խաղող` ռկացիտելի և Վան: Ամեն տարի գյուղացին լավ բերքից ստացված մրգի իրացման խնդրի առաջ է կանգնում:

«Խաղող շատ կա այս տարի: Կմնա դեռ 6 տոննա, չգիտեմ` ո՞ւր հանձնեմ, ու՞ր տանեմ,-ասում է գյուղի 52-ամյա գյուղատնտես Միսաք Չարխչյանը:

Սովետական տարիներին Վանաշենը 120 հեկտար խաղողի այգիներ է ունեցել, հիմա համայնքի հողերի 95 հեկտարն է միայն խաղողի այգիներ, 25 հեկտարն էլ պտուղբանջարեղենի:

Գյուղացիները խոսում են, որ գրեթե 5000 գյուղացիական տնտեսությունների հետ խաղողի մթերման պայմանագրեր ունեցող Երևանի կոնյակի գործարանն այս տարի խաղողի համար ամենացածր (մինիմալ) գինը 110-ի փոխարեն հնարավոր է սահմանի 80 դրամ: Չնայած անցած տարի գործարանը խաղող ընդունել է 120-140(մաքսիմում գինը) դրամով:

«Անկախ»ի ունեցած տեղեկություններով` Երևանի կոնյակի գործարանի ֆրանսիացի տնօրենը մեկնել է Ֆրանսիա` պարզելու այս տարվա մթերման պայմանները: Թե բանակցություններն ինչ ավարտ ու հետևանք են ունեցել, կպարզվի սեպտեմբերին, երբ գործարանը սկսի ընդունել բերքը:

Գործարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նաիրա Թովմասյանն ասում է, որ 80 դրամի հետ կապված խոսակցություններն ասեկոսեներ են. «80 դրամի անուն չենք տվել, նման բան չկա»,- ասում է նա: Իսկ թե խաղողի ամենաբարձր գինն ինչքան կլինի, Թովմասյանն ասում է, որ դեռ հայտնի չէ:

213Ըստ նրա` օգոստոսի 20-ից հետո խաղողի գների և մթերման քանակի մասին առաջարկներն իրենք կուղարկեն Փարիզ, որտեղ կքննարկվի, և ամեն բան պարզ կդառնա:

Նա կոչ է անում գյուղացիներին հավատալ պայմանգրերին և իմանալ, որ պայմանագրում նշված մինիլմալ 110 դրամը կպահպանվի:

Վանաշենցիներն ասում են, որ ամեն տարի «վերևները» նմանատիպ խոստումներ են տալիս, սակայն մինչև խաղողի ընդունման օրը վիճակն անորոշ է:

Երկրի գլխավոր գյուղատնտես Գերասիմ Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ այս տարի խաղողի 200-205 հազար տոննա բերք է սպասվում, անցյալ տարվանից մոտ 20 հազար տոննա ավել (2008թ. եղել է 185 հազար տոննա): Նա ասել է, որ բերքն անկորուստ, ժամանակին մթերելու համար նախարարությունն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել «Արարատ գինու, կոնյակի, օղու» և  «Երեւանի կոնյակի» գործարանների տնօրինությունների հետ, որոնցից յուրաքանչյուրը խոստացել է մթերել շուրջ 30-հազարական տոննա խաղող: Իսկ մոտ 140 հազար տոննան կմթերեն հանրապետության գինեհումք վերամշակող մյուս ձեռնարկությունները, մնացածը կարտահանվի և կվաճառվի բնակչությանը:

Այդուհանդերձ գյուղացիներն ընկել են դռնեդուռ ու հիմա թակում են մյուս գինեհումքի վերամշակման ձեռնարկությունների դռները, որ ավել խաղողը հանձնելու պայմանգրեր կնքեն: Վանաշենցի գյուղատնտես Միսաք Չարխչյանն ասում է, որ տարբեր մթերող ընկերություններ իրենց ասել են, թե մթերումից միայն 10-15 օր առաջ կսկսեն կնքել պայմանագրեր, իսկ գնի ու քանակի մասին խոսք չի էլ եղել:

Գյուղացիներն ասում են, որ բարձր բերքատվություն ստանալու և հողագործությամբ զբաղվելու խոչընդոտն ամեն տարի իրենց մթերքի իրացման խնդիրն ու ոռոգման ջրի սակավությունն են, որ «կոկորդին կանգնած փուշ» են դարձել:

Սամվելը, Միսաքը, վանաշենցիներից շատերն ամեն տարի վարում են իրենց հողերն ու խաղողի այգին ջրում` հույսով, որ սեզոնին լավ բերք կստանան: 30 լիտր «սալյարկա» են տալիս տրակտորիստին` վարելու, և 5-10 հազար դրամ` մարգելու համար, 20 հազար դրամ` ոռոգման ջրին, որ այնքան քիչ է, որ անգամ ցամաքը չի խոնավացնում, իսկ վերջում վաճառել չեն կարողանում: Ասում են, որ ընդհանուր ծախսում են մոտ 1 միլիոն դրամ:

«Տեղ չկա, որ տանենք հանձնենք, ախպեր ջան,- ասում է վանաշենցի Սամվել Սիմոնյանը,-անցած տարի էլ ընկել էինք էստեղընդեղ, ծանոթ էինք ման գալիս, որ տեսնենք, թե ավելացած խաղողը, ծիրանը որտեղ կարանք հանձնենք: Սովետի վախտով 100 ծիրանի ծառ ունեի, ջուր չլնելու պատճառով մնացել է 30-ը: Անցած տարի 40 տոննա ծիրան եմ ունեցել, տարել եմ գործարաններ հանձնեմ, ասում են` կարանք ընդունենք 40 դրամով»:

Այս սեզոնին էլ գյուղացիները դեռ մշակում են խաղողի վազերը և շունչները պահած` սպասում են խաղողի վերջնական հասնելուն: Գյուղացիներն ասում են, որ ավելացած խաղողը Երևան բերելու մասին խոսելն անօգուտ է:

«Երևան էս բերում շուկայում տեղ չեն տալիս, ավտոյին էս փող տալիս, տեղին, մի քանի կոպեկի ուտում ես, տեսնում ես, որ ծախսդ շատ ա լինում, ու ձեռք չի տալիս, արևին էլ մնում է, ջրաքամ լինում, քաշ կորցնում ու փչանում»,-ասում է Միսաք Չարխչյանն ու հավելում, որ անցած տարի իր 5 տոննա ավելացած խաղողը հանձնելու համար դես ու դեն է ընկել, օրերով հերթ կանգնել տարբեր գործարաններում, որ մի կերպ հանձնի:

«Հերթ ես կանգնում, սաղ էդ խաղողը ճզմվում է շիրան գնում, կորում: Հանձնելուց էլ ասում են` խաղողդ վնասված է, սորտեր կան խառնված ու գին են քցում,- պատմում է Հակոբ Չարխչյանը,- բայց դե պարզ ա չէ` իրանց սպիրտի համար մենակ խաղողի քաղցրությունն է պետք: Ու միշտ տենց օյին են բերում գյուղացու գլխին»:

Սամվել Սիմոնյանն էլ մանրամասնորեն բացատրում է, որ խաղող մթերող ընկերությունները, և առհասարակ միրգ, բանջարեղեն ընդունող գործարաններն իրենց գների, մթերվող քանակի մասին (նրանց համար, ովքեր պայամանգրեր չունեն տվյալ գործարանի հետ) միայն վերջին օրերին են հայտնում, որ մեծ հերթեր գոյանան, մթերքը մի քիչ փչանա, որ գյուղացին էժան տա:

«Անցած տարի 5 տոննա ծիրան տարելթափել եմ,-ասում է նա,- ծիրանը մի 7 օր ժամանակ ունի,թե հասցրիր, ուրեմն բախտդ բերել է: 35 դրամով ստիպված մի քանի տոննա էլ տարել հանձնել եմ: Դե ուշ են սկսում ընդունել, որ գին քցեն: Անցած տարի պոմիդոր հանձնեցի, ու մինչև հիմա 38 հազար դրամս չեն տվել: Բա ինչի՞ համար էլ տանեմ հանձնեմ, որ փողս էլ նաղդ չպտի տա»:

Գյուղացիներն ասում են, որ այսպես շարունակվի, հողը մշակելու համար բանկերից վերցրած վարկերը չեն կարողանա մարել, պարտքի տակ կմնան:

Բնահումքի արտահանմանն օժանդակելու նպատակով այս տարի նույնպես գյուղնախարարությունում կշարունակի գործել միջգերատեսչական հանձնաժողով` լուծելու ինչպես բերքահավաքի, արտահանման, այնպես էլ գնումների ընթացքում ծագած խնդիրները: Հանձնմանմթերման իրավիճակներին արագ արձագանքելու նպատակով նախարարությունում կշարունակի գործել նաև շուրջօրյա թեժ գիծ` (010) 52-37-93:

Դիտվել է 1743 անգամ:
Print Friendly

Leave a Reply