Տեղեկատվական վեճերի խորհրդի փորձագիտական եզրակացությունը «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ «Երկիր» օրաթերթի» գործի վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 27, 2011 13:12

Նկատի ունենալով, որ Տեղեկատվական վեճերի խորհրդի գործառույթն է զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ վեճերով  խորհրդատվական բնույթի մասնագիտական եզրակացություններ կազմելն ու հրապարակելը` Խորհուրդը սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել է 13.01.2011թ. “Երկիր” օրաթերթի 3/2326-րդ համարում հրապարակված “131 դեմք ու դիմակ” վերտառությամբ հոդվածը, որը վերաբերում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին և հրապարակել իր մասնագիտական եզրակացությունը:

Տեղեկատվական վեճերի խորհուրդը, գնահատելով վիճարկվող հոդվածները եւ հայցադիմումում մեջ բերված արտահայտությունները ՀՀ Սահմանադրության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի պահանջների համատեքստում, գտնում է, որ վիճարկվող հոդվածով ներկայացվում են պատգամավորի կենսագրության որոշ տվյալներ,   նրա  աշխատանքային պարտականությունների կատարման,  գույքային դրության, կենսաոճին ու որոշ նախասիրություններին վերաբերող տեղեկություններ: Նշված տեղեկությունները, անշուշտ, ներկայացնում են  հանրային հետաքրքրություն, հաշվի առնելով, առաջին հերթին, հայցվորի կարգավիճակը, նրա` որպես ընտրովի պաշտոնատար անձի և քաղաքական գործչի գործունեության բնույթը, ինչպես նաև  պետական բյուջեի միջոցներից վճարվելու հանգամանքները: Հոդվածն ընդհանուր առմամբ շարադրված է հումորային  ոճով և երանգավորմամբ, ինչն  արտահայտվելու ազատության իրավունքի լրացուցիչ պաշտպանություն է ենթադրում, քանի որ այս ոճն  ինքնին ենթադրում է որոշակի չափազանցություն:

Տեղեկատվական վեճերի խորհուրդը գտնում է, որ հրապարակված հոդվածում տեղ գտած արտահայտությունները գնահատողական դատողություններ են կամ փաստական տվյալներ, որոնք որպես այդպիսին զուրկ չեն փաստական հիմքերից: Դրանք հիմնված են բավարար փաստական հիմքերի վրա, այն է` պատգամավոր Տ. Արզաքանցյանի սեփական հայտարարությունների, հարցազրույցների, այլ լրատվամիջոցներում հրապարակված մի շարք հոդվածների ու տեղեկատվության, ինչպես նաև պաշտոնական տեղեկատվության հիման վրա:

Ինչ վերաբերում է դատաքննության ընթացքում վիճարկվող “լակոտ”  արտահատությանը, ապա Խորհուրդը գտնում է, որ այն մի կողմից՝ պարունակում է վիրավորական արտահայտություն, իսկ մյուս կողմից՝ նշված արտահայտությունը հրապարակվել է ուղղակի մեջբերման տեսքով՝ չակերտների մեջ, ինչը նշանակում է, որ արտահայտությունը այլ անձի կողմից արված հայտարարության ուղղակի մեջբերում է: Սակայն, դատարանում լրագրողը  չի վկայակոչել որևէ աղբյուր, որտեղից կատարել է մեջբերումը: Սա ինքնին նշանակում է, որ մեջբերումը կատարվել է անբարեխղճորեն:

Միաժամանակ, Խորհուրդը գտնում է, որ սույն գործով հայցվորի պահանջած 3,000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամի չափով փոխհատուցման պահանջը վիրավորանքի և զրպարտության դիմաց չի բխում միջամտության համաչափության և անհրաժեշտության սկզբունքներից:

Ինչ վերաբերում է դատարանի կողմից սահմանված 200.000 ՀՀ դրամի չափով  բարոյական վնասի դրամական փոխհատուցմանը, ապա սույն գործի հանգամանքների ներքո նշված փոխհատուցումն անհամաչափ է, և դատարանը կարող էր բավարարվել լրատվամիջոցին ներողություն հրապարակելուն պարտադրելով: Հետևաբար, վճռով իրավունքի խախտման փաստի արձանագրումն ինքնին արդարացի փոխհատուցման բավարար միջոց է: Իսկ ինչ վերաբերում է դատական ծախսերի հիմքով սահմանված փոխհատուցման չափին, ապա սույն գործի հանգամանքների ներքո այն կարելի է համարել ողջամիտ:

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

 

Դիտվել է 811 անգամ:
Print Friendly

Leave a Reply