Դաշնակցությունն առաջարկում է ազգայնացնել հանքարդյունաբերական ընկերությունները
Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | ankakh | June 27, 2011 12:58
Հարկավոր է ստեղծել հանքարդյունաբերական պետական ընկերություն, որը կտնօրինի հանքարդյունաբերական ընկերությունների հիմնական ակտիվները եւ կվերահսկի այս ոլորտի ֆինանսական հոսքերը: Նման հայտարարությամբ այսօր` հունիսի 27-ին կայացած ասուլիսում հանդես եկավ ՀՅԴ փորձագետ Աշոտ Եղիազարյանը: Նա, ինչպես նաեւ Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը դժգոհություն հայտնեցին առաջին ընթերցմամբ ընդունված ընդերքի մասին նոր օրենսգրքից:
Ըստ Ա. Եղիազարյանի, հանքերից ստացվող շահույթների 80 տոկոսը պետք է ուղղել պետական բյուջե, եւ միայն 20 տոկոսը թողնել շահագործող ընկերությանը:
Ըստ Հ. Սանասարյանի, նոր օրենսգրքով հանքարդյունաբերությունը հանված է հարկային դաշտից: Ոլորտն, ըստ բնապահպանի, ինչպես նախկին, այնպես էլ առաջարկվող նախագծով լիարժեք չի հարկվելու:
«Ռադիոակտիվ թափոններից հետո ամենավտանգավորը հանքարդյունաբերական թափոններն են»,- «Ընդերքի մասին ընդունված օրենքի փոփոխություններ և ընդերքի օգտագործման չարաշահումներ» թեմայով հրավիրված ասուլիսին ասաց Հայաստանում կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը։ «Հանքարդյունաբերական թափոնները հանել են թափոնների ցուցակից, մինչդեռ 1-ին կարգի 1տ թափոնի համար պիտի հարկվի 48 հազար դրամ, 2-րդ կարգի թափոնի համար՝ 24 հազար դրամ»։
ՀՅԴ խմբակցության փորձագետ Աշոտ Եղիազարյանը նշեց, որ այսօր ոլորտից չի հարկվում ամենաքիչը 70 մլրդ դրամ։ Սանասարյանի կարծիքով, սակայն, այդ թիվը շատ ավելի մեծ է։
Ըստ նրա՝ այստեղ առաջանում է ավելի քան 90% թափոն, և եթե այն հարկվեր միայն մեկ՝ Քաջարանի պոչհանքի համար, 760 մլն դրամ կմտներ պետբյուջե։ «Նաև հարկ չեն վճարում դատարկ ապարների համար»,- նշեց Սանասարյանը՝ հիշեցնելով, որ սրանք արտազատում են ծանր մետաղներ, որ անցնում են թե հողին, թե ջրին՝ ողջ շրջակա միջավայրին։
«Պիտի մշակվեն օրենքներ, որ պետությունը կարողանա օգուտ ստանալ այդ հանքերի արդյունահանումից,- նշեց նա։- Հայաստանի կառավարությունը դժվարանում է ֆինանսավորել անտառը և չի բացառվում, որ մոտ ապագայում անտառը ևս սեփականաշնորհվի»։
Ըստ Սանասարյանի՝ այսօր մոտ 30 մետաղի հանք է շահագործվում՝ տեղադրված հիմնականում գետերի հուներում, կիրճերում, բայց այսօր կան մեծ քանակությամբ լիցենզիաներ ստացած հանքեր, որ կսկսվեն շահագործվել։ «Այսօր պոչամբարներ կան Մեղրաձորում, Կաքավաձորում, Մղրաթ գյուղում՝ Լոռու մարզում»,- ասաց նա՝ հիմնավորելով, որ դրանք օրենքի խախտումներով տեղակայվել են բնակավայրերին բավական մոտ։
ՀՅԴ խմբակցության փորձագետ Աշոտ Եղիազարյանը նշեց, որ միայն օրենսդրական փոփոխություններով՝ այս ոլորտի խնդիրները չեն լուծվի, քանի որ խարդախությունը և կոռուպցիան մետալուրգիայի ոլորտում շատ մեծ տոկոս են կազմում։
««Հարկային բեռ» հասկացությունը ցանկալի է, որ կազմի ոլորտի աշխատող ձեռնարկությունների շահույթի 80%-ը, որպեսզի սեփականատերերը ստանան 20%, ոչ թե 100% և ավելին՝ գերշահույթներ, քանի որ ընդերքը պետության սեփականությունն է, և պետությունը պիտի ստանա ռենտա»,- ասաց նա։
Հարկերը տարբեր են՝ ըստ իրենց աշխարհագրական դիրքի և շահութաբերության, հարկման նորման էլ պիտի տարբեր լինի, սակայն այդ հաշվարկը, ըստ Եղիազարյանի, այսօրվա պայմաններում ի վիճակի չէ իրականացնել կառավարությունը։ Ըստ փորձագետի՝ ճիշտ ճանապարհը միակն է՝ պետական ձեռնարկության ստեղծումը, որը կզբաղվի մետաղական ռեսուրսների շահագործմամբ։






Facebook
Tweet This
Email This Post
