Վազգենյան դպրանոցը` քաղաքակրթական հարստություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 27, 2011 13:06

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է Սևանի Վազգենյան դպրանոց, որտեղ հոգևոր կրթություն են ստանում շուրջ 70 սան Հայասատանից և  Սփյուռքից: Նախարարը շրջել է դպրանոցում,  ծանոթացել սաների ուսումնական և կենցաղային պայմաններին, հանդիպել է սաների և դպրանոցի տնօրինության հետ:

Ողջունելով ճեմարանականներին` նախարարը, նշել է.”Դուք ձեր մասնագիտական ընտրությունը կատարել եք ձեր հոգու կանչով, ձեր նախասիրություններով, անկախ այն բանից, թե ինչպիսի դժվար ու փշոտ ճանապարհ  բաժին կընկնի ձեզ: Այն արժեհամակարգը, կրթական ծրագրերը, հոգևոր ծառայությունը և առօրյան, որոնք  իրականում պարփակված են այսպիսի ազդեցիկ միջավայրում, որտեղ և’ բնությունը, և’ճարտարապետությունը, և’ անտեսանելի եթերը թույլ  են տալիս ձեզ կենտրոնանալ այն երկխոսության մեջ, որ սկսել եք դուք` գալով այստեղ”,- ընդգծել է նախարարը, հավելելով, որ, հոգևոր կրթությունը պահանջում է նվիրում ու առաքելության գիտակացում: Նախարարն իր խոսքում կարևորել է կրթական նոր ծառայությունների` ինտերնետային կապի, ժամանակակից գրադարանի, ուսանողների փոխանակման ծրագրերի ներմուծումը, որոնք նույնպես կնպաստեն, որպեսզի հայ եկեղեցին ունենա այնպիսի պատրաստված սպասավորներ, ովքեր ծառայություններ կիրականացնեն ամենուր, որտեղ հայ ու հայ եկեղեցի կա:

Մաղթելով ճեմարանակններին  հաջողություններ ուսման մեջ`  նա նշել է, որ և‘ Վազգենյան դպրանոցը, և’ Գևորգյան ճեմարանը ոչ միայն կրթական, այլև քաղաքակրթական հարստություններ են և տարիների ընթացքում ուսանողների թիվը  պետք է ավելանա, որովհետև մեր ժողովուրդը կարիք ունի հայ հոգևորականի:

Նախարարը պատասխանել է նաև ճեմարանակնների հարցերին, որոնք վերաբերել են “Հայ ժողովրդի պատմություն” և “Հայոց եկեղեցու պատմություն” առարկաների դասավանդմանը դպրոցում:
Հանդիպումը եզրափակվել է  ճեմարանականների երգչախմբի ելույթով:

Դիտվել է 1442 անգամ:
Print Friendly

Leave a Reply