Դպրոցականների մարզական խաղեր` նվիրված ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 27, 2011 11:42

Դիլիջանի մարզադաշտում տեղի է ունեցել ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների հանրապետական 20-րդ մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ մարզպետարանների ներկայացուցիչներ, կրթության, մշակույթի և սպորտի վաստակավոր գործիչներ:

Ողջունելով մարզական խաղերի մասնակիցներին՝ նախարար Ա. Աշոտյանը նշել է. “Այս սպարտակիադան աննախադեպ է, որովհետև նվիրված է ՀՀ անկախության քս անամյակին, իսկ դուք անկախության սերունդն եք, մարդիկ, ովքեր ծնվել են անկախ Հայաստանում և կրում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու պատվավոր կոչումը, ովքեր մեր երկրի տնտեսական, քաղաքական, սոցիալական զարգացումը կրելու են իրենց ուսերին”,- ընդգծել է նախարարը, հավելելով, որ աննախադեպ է նաև այս տարվա մասնակիցների թիվը և սպարտակիադայի շնորհիվ հարուցված մարզական ալիքի ուժգնությունը հանրապետությունում: Մասնակիցներին մաղթելով հաղթանակներ` նախարարը նշել է. “Վստահ եմ, որ ձեր մեջ կան ապագա չեմպիոններ, գիտնականներ. մարդիկ, ովքեր պատրաստ են պիտանի լինել մեր հանրապետությանը և մեր ժողովրդին: Անկախության սերնդի մաս լինելով` դուք պետք է շարունակեք պետականաստեղծ այն գործունեությունը, որն ընկած է ՀՀ քաղաքացու ուսերին և այսօրվա մեր սերունդը պետք է ուժեղ լինի և’ ֆիզիկապես, և’ հոգով, և’ գիտելիքներով և’ բարոյական արժեքներով”,- կարևորել է նախարարը` սպորտային ազնիվ պայքար ու հաղթանակ մաղթելով մասնակիցներին:
ՀՀ դպրոցականների հանրապետական մարզական խաղերը կազմակերպվում են 1991 թվականից: Այս տարի մրցումների 4 փուլերին մասնակցել են շուրջ 80000 դպրոցական հանրապետության բոլոր մարզերից և եզրափակիչ փուլ են դուրս եկել 780 դպրոցական:Մրցումների ծրագրում ընդգրկված են ատլետիկա, բասկետբոլ, ֆուտբոլ, սեղանի թենիս, հանդբոլ, վոլեյբոլ մարզաձևերը և կազմակերպվում են տվյալ մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների կողմից հաստատված կանոնակարգերով: Հաղթող թիմերը իրավունք կնվաճեն մասնակցելու տվյալ մարզաձևից դպրոցականների աշխարհի առաջնությանը, որը կազմակերպում է ISF- ը: Հայաստանը “Դպրոցականների միջազգային սպորտային ֆեդերացիային” անդամակցել է 2011 թվականից:

Դիտվել է 830 անգամ:
Print Friendly

Leave a Reply