Ադրբեջանի ձյուդոյի հավաքականը ցանկանում է Հայաստան գալ
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | August 27, 2009 12:44
Սեպտեմբերի 11-13-ին Երևանի մարզահամերգային համալիրում կանցկացվի մինչև 20 տարեկան ձյուդոյիստների Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին արդեն մասնակցելու ցանկություն են հայտնել 41 երկրների հավաքականներ, որոնց մեջ նաև Ադրբեջանի ներկայացուցիչները:
Ձյուդոյի Ադրբեջանի ֆեդերացիան պաշտոնական հայտ է ներկայացրել, որ առաջնությունում 14 մասնակից է ունենալու: Ձյուդոյի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը հայտնեց, որ դրանից կազմակերպիչների համար անկանխատեսելի իրավիճակներ չեն ստեղծվի: Ադրբեջանի ներկայացուցիչների անվտանգության ապահովման հարցով կզբաղվեն համպատասխան մարմինները, և հազիվ թե որևէ բան խանգարի, որ նրանք իրենց անկաշկանդ զգան:
Անկախացումից հետո Հայաստանում տարբեր մարզաձևերի մի շարք խոշորամասշտաբ ստուգատեսներ են անցկացվել, սակայն դրանց հրաժարվել են մասնակցել Ադրբեջանի ներկայացուցիչները: Այդ վճիռը, ոչ թե սահմանակից երկրի մարզական տարբեր ֆեդերացիաներն են կայացնում, այլ այդ երկրի պետության ղեկավարները: Ընդ որում, Ադրբեջանը ոչ միայն թույլ չէր տալիս, որ մրցումներին մասնակցելու համար որևէ մարզիկ իրենց երկրից Հայաստան գա, այլև Հայաստանից էլ նույն նպատակով որևէ մարզիկ իրենց երկիր գնա: Այդ արգելքը դրվել է նաև տարբեր երկրների հավաքականներում հանդես եկող հայ մարզիկների վրա:
Թերևս, մարզասերները հիշեն, որ երբ ֆուտբոլի Եվրոպայի նախորդ առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում պետք է Բաքվում և Երևանում մրցեին ճակատագրի քմահաճույքով միևնույն խմբում հայտնված երկու երկրների ազգային հավաքականներն, ադրբեջանցիները դիմեցին փորձված «պրիոմի». նրանք պատճառաբանեցին, թե Հայաստանի ներկայացուցիչների անվտանգության համար երաշխիքներ տալ չեն կարող: Ի վերջո, Ֆուտբոլի Եվրոպայի ֆեդերացիան ամենատափակ որոշումը կայացրեց և առանց խաղեր անցկացնելու` երկու երկրների հավաքականներին էլ այդ մրցաշարում պարտություն գրանցեց: Դա այն դեպքում, երբ մերոնք պատրաստ էին այդ խաղերին մասնակցել ցանկացած տարբերակով:
Դրանից անմիջապես հետո Բաքու մեկնելու խնդիր ունեցան մեր հավաքականի ըմբիշները: 2007-ի այս մարզաձևի աշխարհի առաջնությունն անցկացվում էր Բաքվում: Չէր կարելի այն բաց թողնել, որովհետեւ ստուգատեսում ոչ միայն մեդալներ էին խաղարկվելու, այլև օլիմպիական խաղերի ուղեգրեր: Գործը հասավ «դիվանբաշուն», միջամտեցին Միջազգային օլիմպիական կոմիտեի, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները: Ի վերջո, մեր ըմբիշները գնացին Բաքու: Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկող հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրի Պատրիկեևը (+120 կգ) արժանացավ բրոնզե մեդալի և օլիմպիական ուղեգրի: Մեր թիմին օլիմպիական վարկանիշ բերեց նաև Արման Ադիկյանը (66 կգ):
Ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահը հայտնեց, որ Ադրբեջանը ձյուդոյում լուրջ հաջողություններ ունի`աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ և կասկած չկա, որ Երևանում ուժեղ կազմով կներկայանա: Նա նշեց նաև, որ մեր ձյուդոյիստները, հատկապես ադրբեջանցիների հետ հանդիպումներում, լրացուցիչ լարվածություն են ունենում, ցանկանում են անպայման հաղթել, և դա երբեմն խանգարում է:
2003-ին Երեւանի ՄՀՀ–ում կայացել է մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել էին 16 երկրների ներկայացուցիչներ: Այնպես որ, մերոնք կազմակերպչական աշխատանքի փորձ ունեն: Հայաստանի կառավարությունը 30 մլն դրամ է տրամադրել և օրերս հատկացրել է ևս 20 մլն դրամ: Բնականաբար, դա քիչ է: Ֆինանսների պակասը լրացնելու համար այժմ փորձում են հովանավորներ գտնել: Քանի որ ՄՀՀ–ի օրական վարձավճարը 9 մլն դրամ Է, Ձյուդոյի ՀՀ ֆեդերացիան կարո՞ղ է այդքան վճարել:
«Քանի որ համապետական միջոցառում է ՄՀՀ–ի ղեկավարությունը պատարաստակամություն է հայտնել ընդառաջելու,- ասում է Ավետիսյանը,-մրցումների 3 օրերին մարզաբազան անվճար է տրամադրվելու: Սակայն, քանի որ ձյուդոյիստներն այնտեղ նախապատրաստական պարպմունքներ են անցկացնելու, ՄՀՀ–ի սպասարկող անձնակազմն աշխատելու է, ապա պարտադիր պետք է վճարում կատարենք: Շուրջ 50 հազար դոլարի մասին է խոսքը: Այնպես որ, այդպիսի փողերի չափը խորհրդանշական չի կարելի համարել»:
Սպասվում է, որ Հայաստան կգա 470 պատվիրակ, որը ռեկորդային թիվ է: Մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի նախկին առաջնություններում ամենից շատ երկրների ներկայացուցիչներ եղել են 2008-ին Վարշավայում կայացած ստուգատեսում` 40: Մինչդեռ, ակնկալվում է, որ Երևան կայցելի առնվազն մեկ երկրի հավաքական ավելի:
Տարբեր երկրների պատվիրակները գիշերելու, սնվելու են իրենց միջոցներով, որի շնորհիվ Հայաստան զգալի ֆինանսներ կմտնեն:
Սպասվում է, որ առաջնությանը ներկա կլինի Ձյուդոյի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Սոլովեյչիկը, հավանական է, որ գա Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերը:
Ի դեպ, առաջնության բացման հանդիսավոր արարողությունը կկայանա ոչ թե մեկնարկի օրը` սեպտեմբերի 11-ին, այլ հաջորդ օրը` սեպտեմբերի 12-ին, ժամը 15:30-ին: Բացման պաշտոնական արարողությունը տևելու է շուրջ 30 րոպե: Շքերթին մասնակցելու են միայն տարբեր երկրների դրոշակակիր մարզիկները: Ապա ողջույնի խոսքեր են ասելու ՀՀ սպորտի և երիտասադության հարցերի նախարարը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը, պաշտոնատար այլ անձինք: 15-20 րոպե կլինի համերգային մաս:
Քանի որ այս տարի ՄՀՀ–ում կայացած բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության ժամանակ մարզասրահը լցնելու համար զորք էր բերվել, ի՞նչ պետք է արվի, որպեսզի հարցի լուծման համար այդպիսի միջոցների դիմելու անհրաժեշություն չզգացվի: «Գովազդից շատ բան է կախված և մարդիկ պետք է իրենք ցանկանան ներկա գտնվել այդ իրադարձությանը,- ասում է Ավետիսյանը: Ձյուդոն Հայաստանում սկսել ենք 0-ից զարգացնել 1992-ից: Այժմ այն մասսայականություն է վայելում, ունենք շոշփելի արդյունքներ: Այդ է պատճառը, որ ձյուդոյին մեր երկրում առանձնակի ուշադրություն է դարձվում, այն հենակետային մարզաձև է համարվում»:
Ամենայն հավանականությամբ, Հայաստանից առաջնությունում հանդիպումները սպասարկողների թվում կլինի երևանցի, միջազգային կարգի մրցավար Դավիթ Խիթարյանը: Բանն այն է, որ ըստ նոր կարգի` Ձյուդոյի Եվրոպայի ֆեդերացիան է հրավիրելու մրցավարներին: Նախատեսվում է, որ առաջնությունում նրանց թիվը կհասնի երեք տասնյակի:
Հայաստան է բերվելու ֆրանսիական արտադրության` «Նորիս» ֆիրմայի երեք նոր տատամի, որոնք հասել են Փոթի նավահանգիստ: Հետագայում դրանք տրամադրվելու են մարզադպրոցներին: Դահլիճում սարքավորվելու է նաև մեծադիր էկրան, որի վրա ցուցադրվելու են կարևոր հանդիպումները: Արտասահմանցի մասնագետների հատուկ խումբ է ժամանելու տեխնիկական սարքավորումները մոնտաժելու համար:
Երևանյան առաջնությանը Հայաստանի ձյուդոյիստների հավաքականը հանդես կգա լրիվ կազմով` 8 մարզիկով: Իսկ ձյուդոյիստուհիների հավաքականը` 4-5 մարզուհով: Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանն այն կարծիքին է, որ ձյուդոյիստներից հատկապես մեծ հույսեր են ներշնչում 55 և 73 կգ քաշային կարգերում հանդես եկողները: Ձյուդոյիստուհիների հարցում խնդիրներ կան: Մարզուհիներ չունենք 78 և +78 կգ քաշային կարգերում: 44 կգ քաշային կարգում կարող է հանդես գալ մի մարզուհի, որ զգալի կիլոգրամներ պետք է «գցի»: Բաբայանը վստահ է, որ մերոնք Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մեդալներ կունենան:






Facebook
Tweet This
Email This Post
